Գլխավոր Լրահոս

Նրանք խարդախ են. Թրամփն ասել է, որ Իրանի հետ բանակցելն իմաստ չունի

Նրանք խարդախ են. Թրամփն ասել է, որ Իրանի հետ բանակցելն իմաստ չունի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն անվանել է «ավարտված», իսկ բանակցելը՝ «ժամանակի կորուստ». այս մասին նա ասել է Անկարայում հուլիսի 8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։  

«Ըստ իս՝ [գործարքն] ավարտված է [it’s over]։ Ես չեմ ցանկանում նրանց հետ [Իրանի] գործ ունենալ, նրանք խարդախ (scam) են, հիվանդ մարդիկ են, կառավարվում են հիվանդ մարդկանց կողմից»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ներկայությամբ։

Թրամփը նշել է, որ նա այդպես է մտածում ի հեճուկս ամերիկյան կողմի բանակցողներ Սթիֆ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, որոնք ցանկանում են բանակցել։

«Ես կարծում եմ, որ նրանց հետ [Իրանի] գործ ունենալը ժամանակի կորուստ է, նրանք ստախոս են։ Մենք գործարքի ենք հասնում, բոլորը համաձայնում են՝ ոչ մի միջուկային զենք [ունենալու մասին]։ Նրանք հետո մամուլով հայտարարում են, թե այդ հարցը չեն էլ քննարկել։ Ինչ-որ բան այն չէ նրանց հետ։ Ըստ իս՝ գործարքն ավարտված է»,- հավելել է Թրամփը։

Հուլիսի 7-ի գիշերը ընդհարում է եղել Միացյալ Նահանգների ու Իրանի միջև։ Ամերիկյան կողմը հարվածել է Իրանի հարավային շրջաններին և չեղարկել Իրանին տրված այն թույլտվությունը, որը նախատեսում էր իրանական նավթի վաճառքն արտաքին շուկայում։ ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ավելի վաղ Հորմուզի նեղուցում երեք նավթատար տանկեր թիրախավորելու մեջ։

Ամերիկյան հարվածներից հետո Իրանն իր հերթին թիրախավորել է արաբական մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան բազաները։

Միացյալ Նահանգներն ու Իրանը առցանց փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին հունիսի 17-ին ավելի քան երեք ամսից ձգված պատերազմից հետո։ Այն թերևս միակ երկկողմ ստորագրությունն է Իսլամական հեղափոխությունից հետո։

Հուշագիրը, որը կազմված է 14 կետից, նախատեսում է առավելագույնը 60 օրյա ժամկետում հասնել վերջնական համաձայնության, որը սակայն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ 

Հուշագրի կետերի մեծ մասը վերաբերում է բանակցային հիմնական թեմաների շուրջ սկզբունքային համաձայնությանը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին, Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։ Գործնական մասը վերաբերել է Հորմուզի նեղուցում նավերի ազատ տեղաշարժին։ Իրանն ու ԱՄՆ-ն այդ և մի շարք այլ կետեր տարբեր կերպ են մեկնաբանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում