Գլխավոր Լրահոս

Ով է ամենաշատ գործուղման գնացել, ամենաշատ ելույթ ունեցել. հեռացող խորհրդարանը՝ թվերով

Ով է ամենաշատ գործուղման գնացել, ամենաշատ ելույթ ունեցել. հեռացող խորհրդարանը՝ թվերով

Գևորգ Թոսունյան

Ութերորդ գումարման խորհրդարանը եզրափակեց գործունեությունը։ Հինգ տարվա ընթացքում պատգամավորները հազարավոր ելույթներ են ունեցել, հարյուրավոր նախագծեր հեղինակել ու տասնյակ երկրներ գործուղումների մեկնել։ Արհեստական Բանականության ծառայություններ մատուցող COPA ընկերության պատրաստած ParlOur համակարգից, որը խորհրդարանական տեղեկատվությունը վերածել է կառուցվածքային, սկզբնաղբյուրներով հիմնավորված տվյալների՝ հետազոտողների, լրագրողների, քաղաքացիների և կառույցների համար։ 

Ութերորդ գումարման խորհրդարանի ամենաշատ ելույթ ունեցող պատգամավորների տասնյակը գլխավորում է ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը՝ 195 նիստով։ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը ելույթ է ունեցել 186 նիստի, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ 180, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը՝ 171, Ալեն Սիմոնյանը՝ 164, Բաբկեն Թունյանը՝ 159, Լիլիթ Ստեփանյանը՝ 153, Զարուհի Բաթոյանը՝ 152, Գեղամ Նազարյանը՝ 148, իսկ Հակոբ Արշակյանը՝ 144 նիստի: 

Հայաստանի ութերորդ գումարման խորհրդարանում, ըստ նույն համակարգի, ընդհանրապես ելույթ չեն ունեցել երկու պատգամավորներ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանը և ՔՊ-ական Լուսինե Աքմաքչյանը, բայց ի տարբերություն Տարոն Մարգարյանի, որը հենց սկզբից եղել է պատգամավոր ու, ըստ ParlOur-ի տվյալների, երբևէ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, Աքմաքչյանն ընտրվել է 2026-ի ապրիլի 2-ին։

Օրենքների մշակման կամ փոփոխման տեսանկյունից ամենաակտիվը ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն է եղել. ընդհանրապես ամենաակտիվ օրենսդիրների տասնյակը գլխավորում են հենց ՔՊ-ականները։ Սիսակ Գաբրիելյանը 38 նախագիծ է հեղինակել կամ համահեղինակել։ ԱԺ դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանն այս ցուցակում 10-րդն է՝ 23 նախագծով։

Ընդդիմադիրներից այս տեսանկյունից ամենաակտիվը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է՝ 4 նախագիծ։ 20-ից ավելի իշխանական ու ընդդիմադիր պատգամավոր էլ ողջ 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում որևէ նախագիծ չի հեղինակել կամ համահեղինակել։

Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներից ամենաշատը գործուղումների մեկնել է ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ 79 գործուղում, այնուհետև Ռուբեն Ռուբինյանը՝ 65։ Նրանց հաջորդում են Սարգիս Խանդանյանը՝ 64, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ 63, Ալեն Սիմոնյանը՝ 59, Արման Եղոյանը՝ 47, Հռիփսիմե Գրիգորյանը՝ 41, Մարիա Կարապետյանը՝ 39, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը՝ 39, և տասնյակը եզրափակում է Հակոբ Արշակյանը՝ 37 գործուղումով։

Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները գործուղումների են մեկնել 75 երկիր։ Ամենաշատը խորհրդարանականները եղել են Ֆրանսիայում (124 ուղևորություն), այնուհետև գալիս է Ռուսաստանը (79), որին հաջորդում են ԱՄՆ-ն (31), Բելգիան (24), Գերմանիան (24), Ավստրիան (21): Հարևան Վրաստան պատգամավորներն ուղևորվել են 15 անգամ, Իրան՝ 3, իսկ Թուրքիա՝ 11:

Ազգային ժողովում ամենաշատ քննարկվող թեմաներն են եղել իրավական խախտումները, կոռուպցիան, Սահմանադրությունը, դատական համակարգը և արտաքին քաղաքականությունը։ Խորհրդարանում ընդհանուր առմամբ հնչել է 6 703 ելույթ և տրվել 6 760 հարց։

ParlOur համակարգը ունի նաև tête-à-tête գործիքը, դրա միջոցով քաղաքացիները կարող են յուրաքանչյուր պատգամավորի՝ ԱԲ երկվորյակի հետ անհատական խոսակցություն վարել։ Պատգամավորը, հաշվի առնելով թե ինչ է նախկինում ասել ԱԺ նիստից, այլ հարցազրույցներում, Ֆեյսբուքում, կներկայացնի նրա կարծիքը այդ հարցի վերաբերյալ։ Համակարգում կա նաև հեռացող պատգամավորների՝ ֆեյսբուքյան հարթակների, լրատվամիջոցներին հետ զրույցների և մեկնաբանությունների վերլուծությա բաժին։ Այն ներկայացնում է պատգամավորի ակտիվությունը սոցիալական հարթակներում և մեդիայի հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում