Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։
Առավոտյան «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էր հայտնել, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել։
Մանուկյանը նախկինում հարցաքննվել էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում՝ որպես վկա։ Ըստ ավելի վաղ շրջանառված տեղեկությունների՝ քննությունը ենթադրում է, որ փակ նիստի տեղեկությունները կարող էին փոխանցվել Մանուկյանի միջոցով, սակայն այդ տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական հաստատում իրավապահները չեն ներկայացրել։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Նա երկու ամսով կալանավորված է։











