Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։
Կառավարությունը նշում է, որ այս համակարգի ներդրմամբ ակնկալում են ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, «նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել նրանց գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նա հանձնարարել է քննարկված նախագիծը բերել վերջնական տեսքի։











