«Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է գործարան, տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը և շրջայց կատարել գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։
Անդրադառնալով աշխատանքի վերականգնմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և շարունակական ապահովումը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր չէր աշխատում։ Գործարանը դադարեցրել էր աշխատանքը հուլիսի 6-ին, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում։
Գործարանի վերագործարկման մասին խոսվեց երեկ՝ հուլիսի 9-ին, երբ աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արտադրությունը դադարեցվել։
Հուլիսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտ»-ը «շատ շուտով լինելու է պետական»։
Փաշինյանը ասել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հնարավորինս սեղմ ժամկետներում «Արարատցեմենտ» գործարանը վերադարձնել պետական սեփականության, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող պարապուրդի մատնված ձեռնարկություններում նշանակել ժամանակավոր կառավարիչներ։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։












