«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, կալանավորված Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ իշխանությունները շարունակում են հարձակումը իր ղեկավարած կուսակցության դեմ։
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է մայիսի 21-ին, Քննչական կոմիտեն նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։ Հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Թևանյանը նշել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը, իր գնահատմամբ, իր դեմ հարուցված գործի շրջանակում իրականացվող քաղաքական հետապնդման մաս է։
Նրա խոսքով՝ օրեր առաջ խուզարկվել էր նաև կուսակցության վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։
«Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու»,- նշել է Թևանյանը։











