Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ին ընդունել է քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների և համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը։
Հարցը չզեկուցվող փաթեթից հանելու և առանձին քննարկելու առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Թորոսյանը։ Նա նշել է, որ ցածր և բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ քաղաքապետի ու փոխքաղաքապետերի աշխատավարձերի համաչափ բարձրացումը մեծացնում է եկամտային խզումը, ուստի անհրաժեշտ է հանրային քննարկում իրականացնել։
«Ցածր ու բարձր աշխատավարձերը բարձրանում են 30%-ով, բայց տարբերությունը շատ մեծ է, պլյուս քաղաքապետի ու տեղակալների աշխատավարձերը շատ կտրուկ են բարձրանում։ Միգուցե ով ավելի ցածր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի բարձրացվեր, որ այդ կտրվածությունը այդքան մեծ չլիներ»,- աասել է Թորոսյանը։
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նույնպես պահանջել է հարցը դարձնել զեկուցվող՝ ընդգծելով, որ անկախ հաշվարկման տեխնիկական ձևակերպումներից կամ գործակիցներից, հունվարից փաստացի տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում, և հանրությունը պետք է տեղեկացված լինի դրա մասին։
«Աշխատավարձերը թե գործակցով կհաշվեն, թե ինչով, փաստացի հունվարից տեղի է ունենալու աշխատավարձի բարձրացում», -ասել է Սուքիասյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձել է ընդդիմադիրներին՝ պնդելով, որ այս փուլում աշխատավարձերի բարձրացում չի իրականացվում, այլ պարզապես ֆիքսվում են համապատասխան գործակիցները, ինչն արվում է ամբողջ պետական համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Նրա խոսքով՝ աշխատավարձի և պարգևավճարների համադրության արդյունքում ֆիքսված թվերով աշխատավարձի էական ավելացում չի նախատեսվում, իսկ հարցը կրում է տեխնիկական բնույթ։
«Իրականում որևէ տոկոսով աշխատավարձերի բարձրացում այսօր տեղի չի ունենում, մենք պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափերը բյուջեով։ Եթե համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- ասել է Գալջյանը։
Քվեարկության արդյունքում ավագանին դեմ է քվեարկել նախագիծը զեկուցվող դարձնելուն, ինչից հետո չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվել է։












