2025-ի ապրիլի 22-ի Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը կասեցրեց Ինդոսի ջրերի պայմանագրի գործողությունը Պակիստանի հետ։ Ինդոսի ջրերի պայմանագիրը (1960) կարգավորում է վեց գետերի ջրաբաշխումը Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ Ինդոսի ավազանում, որը սնում է Հարավային Ասիայի ամենամեծ ոռոգման համակարգերից մեկը։ Պայմանագիրը չեղարկելու Հնդկաստանի քայլը լայնորեն մեկնաբանվեց որպես «ջրի՝ զենքի վերածում»։ Հույն հետազոտող Դիմիտրա Ստայկուն Pressenza.com միջազգային լրատվական գործակալության էջում հրապարակած հոդվածում գրում է, որ այս մեկնաբանությունը, սակայն, հետևանքը շփոթում է պատճառի հետ։
Ինդոսի ջրերի պայմանագիրը երբեք չի եղել պարզապես վեց գետերի ջրերը երկու միջուկային պետությունների միջև բաշխող իրավական փաստաթուղթ։ Այն հավակնոտ քաղաքական համաձայնություն էր, որը հիմնված էր ջրից շատ ավելի արժեքավոր ապրանքի՝ վստահության վրա։
Հնդկաստանի բաժանումից հետո բանակցված և 1960-ի սեպտեմբերի 19-ին Համաշխարհային բանկի հովանու ներքո ստորագրված պայմանագիրը մի համարձակ ենթադրության վրա էր հենվում, որ Հնդկաստանն ու Պակիստանը, չնայած քաղաքական խորը թշնամանքին, կարող են պահպանել համագործակցության մեկ ոլորտ՝ մեկուսացված իրենց հարաբերությունների անկայունությունից։ այս ենթադրությունը ավելի քան վեց տասնամյակ թույլ տվեց աշխարհի ամենադիմացկուն անդրսահմանային ջրային համաձայնագրերից մեկին դիմակայել պատերազմներին, ռազմական ճգնաժամերին ու դիվանագիտական խզումներին։ Այժմ փոխվել է ոչ թե Ինդոսի ավազանի աշխարհագրությունը, այլ քաղաքական միջավայրը, որը պահպանում էր այս արտասովոր կարգավորումը։ Հասկանալու համար, թե ինչու է Հնդկաստանը եզրակացրել, որ պայմանագիրն այլևս չի կարող անջատ լինել երկկողմ հարաբերությունների ընդհանուր համատեքստից, անհրաժեշտ է վերանայել այն ուշագրավ գործարքը, որի վրա այն հիմնվել է։
Այդ գործարքն արտառոց էր ցանկացած միջազգային չափանիշով։ Բանակցությունները սկսվեցին Համաշխարհային բանկի 1954 թ. փետրվարի 5-ի առաջարկով, որը Հնդկաստանից՝ որպես վերին հոսքի պետություն, պահանջում էր ընդունել հեռահար զիջումներ՝ մշտական կարգավորման հասնելու համար։ Հնդկաստանը համաձայնեց հրաժարվել Ինդոս և Չենաբ գետային համակարգերի վերին հատվածներում ծրագրված զարգացման նախագծերից, հրաժարվել Չենաբի գրեթե 7,5 մլրդ խմ ջրի խոտորումից և իր իսկ տարածքից բխող գետերի ապագա զարգացման նախագծերի հարցում զգալի սահմանափակումներ կիրառել։ Դելին գրեթե անմիջապես ընդունեց այս շրջանակը՝ չնայած այս սահմանափակումներին, մինչդեռ Պակիստանին գրեթե հինգ տարի պահանջվեց, մինչև դա պաշտոնապես հաստատեց 1958-ի դեկտեմբերին։
Երբ պայմանագիրը վերջնականապես ստորագրվեց 1960 թ., անհամաչափությունը ինստիտուցիոնալացվեց։ Հնդկաստանը պահպանեց բացառիկ իրավունքներ արևելյան գետերի՝ Ռավիի, Բեասի և Սաթլեջի նկատմամբ, որոնց տարեկան հոսքը կազմում է մոտ 41 մլրդ խմ։ Պակիստանը ստացավ Ինդոսը, Ջելումն ու Չենաբը՝ մոտ 167 մլրդ խմ կամ ավազանի տարեկան հոսքի գրեթե 80 տոկոսը։ Ի հակադրություն տարածված սխալ պատկերացման՝ Հնդկաստանը այս համաձայնագրով լրացուցիչ ջուր չստացավ։ Փոխարենը այն հրաժարվեց ավելի մեծ արևմտյան գետային համակարգի պահանջներից՝ ակնկալելով, որ սա կդառնա խաղաղ գոյակցության կայուն շրջանակ։
Անհամաչափությունը դուրս էր գալիս նաև բաշխումից։ Պայմանագիրը մանրամասն սահմանափակումներ էր դնում Հնդկաստանի ոռոգվող տարածքների, ջրամբարային կարողությունների և արևմտյան գետերի հիդրոէներգետիկ զարգացման վրա՝ շատ կոնկրետ ինժեներական և գործառնական չափանիշների միջոցով, մինչդեռ Պակիստանի համար՝ ցածրադիր հոսքում, նման սահմանափակումներ չկային։ Միջազգային գետային որևէ համաձայնագրի տեսանկյունից հազվագյուտ դրույթ կար, որով Հնդկաստանը համաձայնել էր ֆինանսավորել մոտ 62 միլիոն ֆունտ ստեռլինգ (այսօրվա արժեքով՝ մոտ 2,5 մլրդ դոլար) ենթակառուցվածքը, որը թույլ կտար Պակիստանին անցնել նոր ջրաբաշխման ռեժիմի։ Սրանք պարզապես ջրային կառավարման տեխնիկական փոխզիջումներ չէին։ Դրանք արտացոլում էին տարածաշրջանային կայունության մեջ միտումնավոր ռազմավարական ներդրումն ու այն համոզմունքը, որ քաղաքական բարի կամքը կարող է գերազանցել աշխարհաքաղաքական մրցակցությանը։ Տասնամյակներ շարունակ այս հաշվարկն արդարացված էր թվում։ Ի վերջո, սակայն, այն դարձավ նաև պայմանագրի ամենամեծ խոցելի կողմը։
Հնդկաստանի հետագա վարքագիծը ամրապնդեց արտասովոր այս քաղաքական պարտավորության բնույթը։ Չնայած կրկնվող ռազմական բախումներին ու ահաբեկչական հարձակումներին, որոնք արմատապես փոխեցին երկկողմ հարաբերությունները՝ Դելին շարունակեց իրականացնել պայմանագիրը՝ առանց դրա գործողությունը կասեցնելու կամ խախտելու։ Համաձայնագիրը մնաց ուժի մեջ 1965 և 1971 թթ. պատերազմների, 1999-ի Կարգիլի հակամարտության, 2001-ի Հնդկաստանի խորհրդարանի վրա ահաբեկչական հարձակման, 2008-ի Մումբայի հարձակումների, Ուրիի և Պուլվամայի հարձակումների և բազում այլ լարվածությունների ընթացքում։ Քիչ միջազգային համաձայնագրեր են ցուցաբերել համադրելի դիմադրողականություն նման տևական աշխարհաքաղաքական ճնշման ներքո։ Ինդոսի ջրերի պայմանագիրը լայնորեն ողջունվել է հենց այն պատճառով, որ թվում էր, թե ի վիճակի է դիմանալ այնտեղ, որտեղ գործնականում Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների գրեթե բոլոր մյուս ասպեկտները ձախողվել են։
Սակայն այս դիմադրողականության պատմության հետևում աստիճանաբար ձևավորվում էր մեկ այլ դինամիկա։ Թեև Հնդկաստանն ավելի ու ավելի էր դիտարկում պայմանագիրը որպես կայունացնող մեխանիզմ, որը պետք է մնա մեկուսացված քաղաքական առճակատումից, Պակիստանն աճող հաճախականությամբ դիմում էր դրա ընթացակարգային դրույթներին՝ վիճարկելու Հնդկաստանի ենթակառուցվածքային նախագծերը, որոնք, Դելիի համոզմամբ, լիովին համապատասխանում էին պայմանագրի պայմաններին։ Առաջին խոշոր վեճը ծագեց 1974-ին Սալալի ՀԷԿ-ի նախագծի շուրջ և ավարտվեց 1978-ի Սալալի համաձայնագրով, որով Հնդկաստանն ընդունեց էական նախագծային փոփոխություններ, այդ թվում՝ ամբարտակի բարձրության կրճատում և գործառնական ճկունություն, որոնք էականորեն նվազեցրին նախագծի երկարաժամկետ արդյունավետությունը։ Նման վեճեր հետագայում առաջացան նաև Թուլբուլի նավագնացության նախագծի շուրջ, որը մեկնարկեց 1984-ին՝ Քաշմիրում նավագնացությունն ու ջրային կառավարումը բարելավելու համար, սակայն փաստացիորեն կասեցվեց 1987-ից ի վեր՝ չնայած 1998, 2004, 2006–07, 2011 և 2012 թթ. կրկնվող երկկողմ բանակցություններին ու փոխզիջումային առաջարկություններին։
Նույն օրինաչափությունը շարունակվեց Բագլիհարի, Կիշենգանգայի, Ռատլեի, Պակալ Դուլի և Ստորին Կալնայի դեպքերում, որոնցից յուրաքանչյուրը դարձավ երկարատև տեխնիկական առարկությունների, չեզոք փորձագիտական քննության կամ միջազգային արբիտրաժի առարկա։ Բագլիհարի նախագիծը մնաց վիճելի ավելի քան մեկ տասնամյակ՝ 1999-ի շինարարության մեկնարկից հետո, մինչդեռ Պակիստանի առարկությունները Կիշենգանգայի վերաբերյալ, որոնք առաջին անգամ բարձրացվեցին 1988-ին, ի վերջո հասան Արբիտրաժային դատարան՝ չնայած տարիներ շարունակ տեխնիկական խորհրդակցություններին և Հնդկաստանի կողմից նախագծի վերանայումներին։
Հնդկաստանի տեսանկյունից, այս կրկնվող վեճերը օրինական տեխնիկական տարաձայնություններից աստիճանաբար վերաճել են ռազմավարական խոչընդոտի կայուն օրինաչափության, որը հետաձգում էր ենթակառուցվածքի զարգացումը, մեծացնում նախագծերի արժեքը և սահմանափակում պայմանագրով ուղղակիորեն ճանաչված իրավունքների իրականացումը։ Անկախ նրանից, թե ընդունում ենք այս մեկնաբանությունը, թե ոչ, կուտակային ազդեցությունը զգալի էր. համագործակցության խորհրդանիշ ձևավորված համաձայնագիրն ավելի ու ավելի էր վերածվում ռազմավարական հակամարտության դաշտի՝ աստիճանաբար քայքայելով այն վստահությունը, որի վրա հիմնված էին Հնդկաստանի 1960-ի արտասովոր զիջումները։
2020-ականների սկզբին, հետևաբար, Ինդոսի ջրերի պայմանագրի շուրջ բանավեճն այլևս պարզապես գետային կառավարման մասին չէր։ Այն դարձել էր անբաժանելի ավելի լայն հարցից՝ կարո՞ղ է փոխադարձության ենթադրությունների վրա հիմնված համաձայնագիրը շարունակել գործել, երբ մի կողմը կարծում է, որ այդ փոխադարձության քաղաքական հիմքերն աստիճանաբար անհետացել են։
Միջազգային քննարկումների մեծ մասը Պակիստանի աճող ջրային անապահովությունը ներկայացնում է հիմնականում Հնդկաստանի վերին հոսքի դիրքի տեսանկյունից։ Այս պատմությունը, սակայն, անտեսում է շատ ավելի բարդ ու երկարաժամկետ իրականություն։ Պակիստանը ժառանգել է աշխարհի ամենամեծ շարունակական ոռոգման համակարգերից մեկը, սակայն տասնամյակների ոչ պատշաճ պլանավորումը, թերֆինանսավորումն ու թույլ ջրային կառավարումն աստիճանաբար խաթարել են նրա երկարաժամկետ ջրային անվտանգությունը։ Մեկ շնչին ընկնող ջրի հասանելիությունը 1947-ի մոտ 5260 խմ-ից նվազել է 1000 խմ-ի ցածր մակարդակի 2018-ին, սիկ ստորգետնյա ջրերի արդյունահանումը կտրուկ աճել է՝ 1970-ականների կեսերի մոտ 160,000 խողովակային հորերից հասնելով գրեթե 1,4 միլիոնի՝ 2017-18 թթ., ինչը Պակիստանին դարձնում է ստորգետնյա ջրերի աշխարհում երրորդ ամենամեծ արդյունահանողը։
Հասանելի գետային ջրերի գրեթե մեկ երրորդը շարունակում է հոսել Արաբական ծով՝ առանց արդյունավետ օգտագործման, առկա ջրամբարներն աստիճանաբար կորցնում են իրենց տարողությունը՝ նստվածքի պատճառով, և 1970-ականներից ի վեր Տարբելային համադրելի ջրամբարային որևէ խոշոր նախագիծ չի ավարտվել՝ չնայած բնակչության եռապատկմանն ու աճող կլիմայական անկայունությանը։
Կառուցվածքային թուլությունները տարածվում են ենթակառուցվածքներից անդին։ Հաջորդական կառավարությունները դժվարությամբ են կայացրել քաղաքական համաձայնություն այնպիսի խոշոր ջրամբարային նախագծերի շուրջ, ինչպիսին Կալաբագն է, մինչդեռ անարդյունավետ ոռոգումը, շատ ջրասպառ մշակաբույսերի մշակումը, թույլ ջրագնագոյացումը և ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների մեջ քրոնիկ թերներդրումը դանդաղեցրել են բովանդակալից բարեփոխումները։
Պակիստանի դաշնության կառավարության և նահանգների միջև ջրաբաշխման երկարատև վեճերը շարունակում են խաթարել ազգային պլանավորումը, մինչդեռ 2022-ի ավերիչ ջրհեղեղները բացահայտեցին ջրհեղեղային հարթակների կառավարման, ջրահեռացման համակարգերի և ջրապահեստավորման լուրջ բացթողումները։ Իսկ վերջերս արդեն Պակիստանի դաշնային զարգացման ծախսերի կրճատումները, այդ թվում՝ 2026-27 ֆինանսական տարվա ջրային հատվածի ֆինանսավորման զգալի կրճատումները, ամրապնդել են մտահոգությունները, որ երկարաժամկետ ներդրումները շարունակում են հետ մնալ քաղաքական հռետորաբանությունից։ Անկախ գնահատականները, այդ թվում՝ Համաշխարհային բանկինը, հաշվարկել են, որ ջրի վատ կառավարումն ամեն տարի Պակիստանին արժենում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը։
Կառուցվածքային այս մարտահրավերներից և ոչ մեկը հնարավոր չէ լուծել միայն Ինդոսի ջրերի պայմանագրի միջոցով։ Փոխարենը դրանք վկայում են ավելի լայն եզրակացության մասին. Պակիստանի երկարաժամկետ ջրային անվտանգությունը կախված կլինի ինչպես ներպետական կառավարումից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից, այնպես էլ անդրսահմանային գետերի շուրջ համագործակցությունից։
Փոփոխված աշխարհաքաղաքական միջավայր
Ինդոսի ջրերի պայմանագիրը բանակցվել է աշխարհաքաղաքական մի միջավայրի համար, որն այլևս գոյություն չունի։ Դրա նախաբանում խոսվում էր «Ինդոսի համակարգի գետերի ջրերի առավել ամբողջական և բավարար օգտագործման» մասին՝ «բարի կամքի և բարեկամության ոգով»։ Այս խոսքերը ծիսական չէին։ Դրանք արտացոլում էին այն ըմբռնումը, որ պայմանագրի իրավական կառուցվածքը հիմնված էր ավելի լայն քաղաքական պարտավորության վրա՝ զսպվածության, փոխադարձության և խաղաղ գոյակցության։ Ավելի քան վեց տասնամյակ անց Հնդկաստանը պնդում է, որ այս համաձայնագրի հիմքում ընկած ռազմավարական ենթադրություններն արմատապես փոխվել են։ Երկու կողմերում էլ բնակչության աճը, սահմանափակ ջրային ռեսուրսների վրա ավելացող ճնշումը, վերականգնվող հիդրոէներգիայի ընդլայնման հրատապությունը, կլիմայի փոփոխության արագացող ազդեցությունները և աճող թշնամական անվտանգային միջավայրը միասին ստեղծել են այնպիսի հանգամանքներ, որոնք պայմանագրի հեղինակները չէին կարող ամբողջությամբ կանխատեսել կամ պատշաճ կերպով լուծել։
Այս ֆոնին Դելին, պայմանագրի կետերից մեկի համաձայն, 2023-ի հունվարին և կրկին 2024-ի օգոստոսին պաշտոնապես դիմեց համաձայնագիրը վերանայելու և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու համար։ Հնդկաստանը պնդում է, որ թեև Պակիստանը պատասխանել է սահմանված ժամկետում, էական վերանայման հիմնական հարցը մնացել է չլուծված։
Հնդկաստանի տեսանկյունից, 2025-ի ապրիլի Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո պայմանագիրը կասեցնելու որոշումը հետևաբար վեց տասնամյակ քաղաքականության հանկարծակի ընդհատում չէր, այլ ավելի երկար ռազմավարական վերագնահատման գործընթացի գագաթնակետը։ Անկախ նրանից՝ ընդունում ենք այս մեկնաբանությունը, թե ոչ, հարցն այժմ դուրս է գետային ջրերի բաշխումից։ Այն բարձրացնում է ավելի լայն հարց միջազգային իրավունքի և միջպետական վարքագծի փոխհարաբերության մասին. կարո՞ղ է բարի կամքի դարաշրջանում բանակցված համաձայնագիրը շարունակել գործել անփոփոխ, երբ այն պահպանող քաղաքական պայմանները արմատապես փոխակերպվել են։
Ինդոսի ջրերի պայմանագրի շուրջ բանավեճը պետք է դուրս գա «ջրի զենքի վերածման» պարզունակ պատմությունից։ Ավելի էական հարցն այն է, թե կարո՞ղ է որևէ միջազգային համաձայնագիր անվերջ մեկուսացված մնալ այն ստորագրած պետությունների ընդհանուր վարքագծից։ Վաթսունհինգ տարի պայմանագիրը գոյատևել է, քանի որ Հնդկաստանն ու Պակիստանը, չնայած պատերազմներին, ճգնաժամերին և քաղաքական խորը տարբերություններին, ընդունել են, որ համագործակցության մեկ ուղու պահպանումը ծառայում է ավելի մեծ ռազմավարական նպատակի։ Այսօր այս նախադրյալը աննախադեպ ճնշման տակ է։
Պայմանագրի ապագան, հետևաբար, կախված կլինի ոչ միայն Ինդոսի, Ջելումի կամ Չենաբի հոսքից, այլ նրանից, թե արդյոք հնարավոր է վերականգնել քաղաքական այն պայմանները, որոնք ժամանակին հնարավոր դարձրին համագործակցությունը։ Միջազգային համաձայնագրերն իրենց դիմադրողականությունը ստանում են ոչ միայն իրավական պարտավորություններից, այլ փոխադարձությունից, բարի կամքից և այն վստահությունից, որ երկու կողմերն էլ շարունակում են հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված են այս համաձայնագրերը։ Գետերը հետևում են աշխարհագրությանը, պայմանագրերը՝ քաղաքական կամքին։
Ինդոսի ջրերի պայմանագիրը երբեք միայն ջրի մասին չէր։ Այն վստահության մասին էր։ Իսկ երբ վստահությունը քայքայվում է, նույնիսկ ամենահռչակավոր համաձայնագրերն են ստիպված բախվել փոփոխվող ռազմավարական իրողությունների հետ։












