Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Հայաստանին առնչվող հարցերում ֆինանսական աջակցություն է ստացել «հայ օլիգարխից»։
Այս մասին, ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ, Ալիևն ասել է հուլիսի 13-ին Շուշիում անցկացվող չորրորդ Գլոբալ մեդիաֆորումի բացման արարողության ժամանակ։
«Որոշ կոռումպացված անձինք, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, օգտվում էին որոշակի ֆինանսական աղբյուրներից։ Հայ օլիգարխը նրան աջակցում էր Հայաստանին առնչվող հարցերում։ Եվրոպական հանձնաժողովում գոյություն ուներ այս ամբողջ հակաադրբեջանական խումբը»,- ասել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Ժոզեպ Բորելի՝ եվրոպական դիվանագիտությունը ղեկավարելու շրջանում Եվրոպական հանձնաժողովի և Ադրբեջանի հարաբերությունները «գրեթե ամբողջությամբ փլուզվել էին»։
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ալիևի խոսքերով և նշել.
«Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում»։
Կարապետյանը նաև հարցադրում է արել. «Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը»։











