Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերությունը» (ISFED) հայտարարել է, որ Ֆեյսբուքում ավելի քան 1,500 կեղծ հաշիվ է օգտագործվել՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջակցությունը արհեստականորեն մեծացնելու համար։
Խոսքը վերաբերում է իշխանամետ Imedi հեռուստաընկերության հրապարակմանը, որտեղ Իվանիշվիլին ներկայացվել էր խորհրդային իշխանության դեմ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներ Մերաբ Կոստավայի և Զվիադ Գամսախուրդիայի կողքին։
ISFED-ի զեկույցում ուսումնասիրվել է Imedi-ի՝ մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ հրապարակած գրառումը։
Հրապարակմանը կից լուսանկարում հեռուստաընկերությունը Իվանիշվիլիին պատկերել էր Կոստավայի և Գամսախուրդիայի կողքին։ Վերջինս Վրաստանի անկախացումից հետո դարձավ առաջին նախագահը։
Գրառումը լայն քննադատության ու ծաղրի արժանացավ, այդ թվում՝ հավաքելով հազարավոր «ծիծաղ» արձագանքներ։
Սակայն ISFED-ի տվյալներով՝ հետագայում արձագանքների հարաբերակցությունը փոխվեց, քանի որ հրապարակման նկատմամբ ակտիվությունը «լայնածավալ և համակարգված» գործողությունների արդյունքում «արհեստականորեն» ավելացվեց։
Մոնիթորինգի ընթացքում ISFED-ը հայտնաբերել է ավելի քան 1,500 կեղծ հաշիվ, որոնց «զգալի մասը» նման հատկանիշներ ուներ․ դրանք ստեղծվել էին նույն օրը կամ կարճ ժամանակային տարբերությամբ, տարածում էին նույն բովանդակությունը և հետևում նույն էջերին։
Մի շարք դեպքերում կեղծ ինքնություն ստեղծելու համար օգտագործվել էին արտասահմանցի օգտատերերի լուսանկարներ, իսկ տարբեր անուններով որոշ հաշիվներ օգտագործում էին նույնանման լուսանկարներ։
«Այս գործելակերպը վկայում է, որ հաշիվների այդ ցանցերը կարող են կառավարվել մեկ կենտրոնից կամ օգտագործել ընդհանուր տվյալների բազայից ընտրված պատկերներ»,- նշել է ISFED-ը՝ մատնանշելով տարբեր հաշիվների կողմից նույն լուսանկարների օգտագործումը։
«Կեղծ ֆեյսբուքյան որոշ հաշիվներում օգտագործվել են նաև արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ»,- նշվում է զեկույցում։
Կազմակերպության գնահատմամբ՝ «վերջին տարիներին արհեստական բանականության տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են կեղծ էջերի ստեղծումը»։
ISFED-ի տվյալներով՝ այդ կեղծ հաշիվների մի մասը հետևում էր իշխող կուսակցության և դրա հետ կապված գործիչների էջերին, ինչպես նաև իշխանամետ այլ էջերի։
«Բացահայտված տվյալները ցույց են տալիս, որ այդ ցանցերը «Վրացական երազանքի» օգտին գործող կեղծ հաշիվների ավելի լայն համակարգի մաս են, որի նպատակն է սոցիալական ցանցերում արհեստականորեն ստեղծել ժողովրդականության և աջակցության տպավորություն»,- նշվում է զեկույցում։
Զեկույցը մեկնաբանելիս իշխող կուսակցության առաջնորդ և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «շահարկումներին» չի արձագանքի։
Միաժամանակ նա հավելել է, որ Իվանիշվիլիի անունը «իսկապես ոսկե տառերով կգրվի Վրաստանի պատմության մեջ»։












