Ռուսաստանի քաղաքականության մասնագետներ Մայքլ Քիմմիջը (Kennan Institute-ի տնօրեն) և Հաննա Նոտեն (James Martin Center for Nonproliferation Studies-ի Եվրասիայի ծրագրի տնօրեն) Foreign Affairs հանդեսում հուլիսի 14-ին հրապարակված հոդվածում պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի պատերազմում հայտնվել է փակուղում։ «Ծախսելով հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ՝ Պուտինն այլևս ռազմական հաղթանակի հստակ ճանապարհ չունի։ Այս ամբողջ ջանքերից հետո նա ինքն իրեն փակուղու մեջ է մտցրել»։
Հեղինակները նշում են, որ Պուտինն Ուկրաինայում կարող է փոխել մարտավարությունը, բայց ոչ նպատակները։ Նրանց կարծիքով՝ նույնիսկ եթե Պուտինը համաձայնի Ուկրաինայում հրադադարի, դա չպետք է ընկալել որպես պատերազմի ավարտի պատրաստակամություն։ Նրանց գնահատմամբ՝ Կրեմլը հրադադարը կարող է օգտագործել որպես քաղաքական և դիվանագիտական նոր հարձակման միջոց՝ այն նպատակներին հասնելու համար, որոնք չի կարողացել իրականացնել ռազմի դաշտում։
Հեղինակները հիշեցնում են 2014–2015-ի Մինսկի համաձայնագրերի փորձը։ Նրանց խոսքով՝ այդ գործընթացը չլուծեց հակամարտության հիմնական պատճառները, մինչդեռ Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել և ռազմականացնել գրավված տարածքները, իսկ 2022-ին արդեն անցնել լայնածավալ ներխուժման։
«Պուտինը դիվանագիտությունը դիտարկում է որպես պատերազմ՝ այլ միջոցներով»,– գրում են հեղինակները՝ նշելով, որ Կրեմլը նախկին բանակցություններն օգտագործել էր Եվրոպային շեղելու, Կիևում քաղաքական ճգնաժամ հրահրելու և արևմտյան երկրների միջև տարաձայնություններ խորացնելու համար։
Քիմմիջի և Նոտեի կարծիքով՝ Ռուսաստանը փաստացի հայտնվել է ռազմավարական փակուղում։
Նրանք նշում են, որ 2022-ին Կրեմլը ակնկալում էր արագ փլուզել ուկրաինական իշխանությունը, խթանել ռուսամետ ապստամբություններ և Կիևում ձևավորել Մոսկվային ենթակա կառավարություն։ Փոխարենը՝ չորս տարվա պատերազմը միայն ամրապնդեց ուկրաինական ինքնությունը և ձևավորեց սերունդների համար Ռուսաստանին թշնամաբար տրամադրված պետություն։
«Այդ ամբողջ ջանքերից հետո Պուտինը հայտնվել է փակուղում»,- գրում են հեղինակները։
Նրանք կարծում են, որ Պուտինի հնարավորությունները սահմանափակ են։ Համընդհանուր մոբիլիզացիան կարող է ներքին դժգոհություն առաջացնել, զանգվածային հրթիռային հարվածներն ու նույնիսկ միջուկային էսկալացիան՝ մեծացնել միջազգային ռիսկերը, իսկ ՆԱՏՕ-ի երկրների դեմ ուղիղ գործողությունները կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։
Բացի այդ, պատերազմի տնտեսական ու սոցիալական բեռը աստիճանաբար ավելի նկատելի է դառնում հենց Ռուսաստանի ներսում։
Հրադադարը՝ որպես քաղաքական գործողություն
Հեղինակների հիմնական պնդումն այն է, որ եթե Պուտինը համաձայնի հրադադարի, ապա դա կանի միայն այն դեպքում, եթե այն նպաստի պատերազմի սկզբնական նպատակներին։
«Պուտինը կհամաձայնի հրադադարի միայն այն դեպքում, եթե այն առաջ մղի իր սկզբնական ռազմական նպատակները»,- նշվում է հոդվածում։
Նրանց գնահատմամբ՝ հրադադարից հետո Ռուսաստանը կփորձի պահանջել ընտրություններ Ուկրաինայում, տեղեկատվական և քաղաքական ազդեցության միջոցով թուլացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքերը, կասկածի տակ դնել ուկրաինական պետական ինստիտուտների լեգիտիմությունը և խոչընդոտել երկրի եվրոպական ինտեգրումը։
Հոդվածում նշվում է, որ Կրեմլը կարող է կրկին դիմել 2014-2015-ին կիրառված մարտավարությանը՝ ձգձգելով բանակցությունները, փորձելով միջազգային ճանաչում ապահովել օկուպացված տարածքների համար և աստիճանաբար դրանք դարձնել «նոր նորմալ»։
Քիմմիջն ու Նոտեն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Պուտինի գլխավոր արտաքին խնդիրը ներկայում ոչ թե Միացյալ Նահանգներն են, այլ Եվրոպան։
Նրանց գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Վաշինգտոնը նվազեցնում է Եվրոպայի անվտանգության հարցերում իր ներգրավվածությունը, ինչը Կրեմլի համար շահավետ զարգացում է։ Սակայն հենց այդ պայմաններում Եվրոպան սկսել է ավելի ակտիվ աջակցել Ուկրաինային և մեծացնել սեփական պաշտպանական կարողությունները։
«2026-ին Պուտինի հիմնական խնդիրը Վաշինգտոնը չէ։ Այն Եվրոպան է»,- գրում են հեղինակները։
Նրանք ենթադրում են, որ հնարավոր հրադադարի դեպքում Մոսկվան կփորձի խորացնել ամերիկա-եվրոպական տարաձայնությունները, Թրամփին ներկայացնել որպես պատերազմի ավարտ բերած առաջնորդ և աջակցել Եվրոպայում այն քաղաքական ուժերին, որոնք հանդես կգան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։
Հեղինակները զգուշացնում են, որ Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համար վտանգավոր կլինի հրադադարը շփոթել կայուն խաղաղության հետ։
Նրանց կարծիքով՝ հակամարտության երկարաժամկետ ավարտը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի նկատմամբ գերիշխանություն հաստատելու իր նպատակներից, ինչը ներկայիս իշխանության պայմաններում քիչ հավանական է։
«Եթե մարտերը դադարեն, Ուկրաինան, Եվրոպան և Միացյալ Նահանգները չպետք է շնորհավորեն իրենք իրենց, այլ շարունակեն կենտրոնանալ Պուտինի՝ բաժանելու և տիրելու ռազմավարության վրա։ Հնարավոր է՝ հենց դա էլ լինի հրադադարին համաձայնելու նրա հիմնական շարժառիթը»,– եզրափակում են Մայքլ Քիմմիջն ու Հաննա Նոտեն։












