Գլխավոր Լրահոս

«Չենք քնում, պարտքերն աճում են». ձկնաբույծները դեռ շուկա են որոնում ռուսական արգելքից հետո

«Չենք քնում, պարտքերն աճում են». ձկնաբույծները դեռ շուկա են որոնում ռուսական արգելքից հետո

Սիրանուշ Ադամյան

Հայ ձկնաբույծները ծանր ճգնաժամի առջև են ռուսական կողմի սահմանափակումների պատճառով։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նրանք խոսում են կուտակվող պարտքերի և իրացման լուրջ խնդիրների մասին։ Չնայած կառավարությունը փորձում է արագացնել դեպի Եվրոպական միություն և այլ ուղղություններով արտահանման գործընթացը, ձկնաբույծները վստահ չեն, որ եվրոպական շուկան կկարողանա փոխարինել ռուսականին։

Այս տարվա հունիսի 2-ից Ռուսաստանն արգելեց հայկական ձկնամթերքի ներմուծումը։

Ռուսաստանը երկար տարիներ եղել է հայկական ձկնաբուծության հիմնական արտահանման շուկան։ 2025-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 80 մլն դոլարի ձուկ և ձկնամթերք, որի շուրջ 98 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ռուսաստան է արտահանվել շուրջ 10,000 տոննա արտադրանք։

Ձկնաբուծական ընկերություններից շատերը խուսափում են պատասխանել մեր հարցերին։

ՍիվիլՆեթի հետ զրույցում ձկնաբույծներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, ասում է, որ ոլորտում ստեղծված իրավիճակը վերջին տարիներին ամենածանրն է։ Նրա խոսքով՝ արտահանման սահմանափակումների պատճառով տնտեսությունները ստիպված են զգալիորեն կրճատել արտադրությունը և ձկներին կեր տալ միայն այնքան, որքան անհրաժեշտ է նրանց գոյատևման համար։

«Այս պահին շատ, շատ վատ վիճակ է, սթրեսային, այս մի ամիս չենք քնում... Արդեն ում որ կերի գումար ենք պարտք, զանգում են, գումարn են ուզում: Չենք կարողանում փոխանցել գումարը։ Նույնիսկ հոսանքի համար չենք կարող վճարել»։

Նրա խոսքով՝ թեև պաշտոնյաները որպես այլընտրանք առաջարկում են եվրոպական շուկան, իրականում հայ արտադրողներն այնտեղ այս պահին մրցունակ չեն։

Ձկնաբույծն ասում է, որ կապ է հաստատել Իսպանիայի, Բելգիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների բզինեսների հետ, սակայն համագործակցություն չի ստացվել։

«Մենակ ասելով չի, որ եվրոպացիները փորձում են մեզնից ձուկ գնել։ Այդպես չէ էլի, ձուկ չեն գնում մեզնից»։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն եվրոպական չափանիշները չեն։ Հայկական արտադրանքը բարձր ինքնարժեք ունի, քանի որ եվրոպական կերը Հայաստան հասնելիս մի քանի անգամ թանկանում է, ինչի հետևանքով տեղական արտադրողները չեն կարողանում մրցունակ գին առաջարկել։

«Եվրոպայից կերը գնում ենք մեկ դոլարով, գալիս հասնում է այստեղ, մեզ արժենում է 3-4 դոլար... մեր ձուկը չի կարող գնա հասնի թանկ գինով այնտեղ, որովհետև այնտեղ էժան է վաճառվում»։

Ձկնաբույծը նշում է, որ Մերձավոր Արևելքի կամ հարևան երկրների շուկաները ևս լիարժեք լուծում չեն, քանի որ որոշ երկրներ սեփական արտադրությունն ունեն, կամ ավելի էժան առաջարկներ կան։

Ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արարատի մարզից ձկնաբույծ Արսեն Թորոսյանը նշել էր, որ նման զարգացում չէին կանխատեսել և այլ շուկաների համար նախապատրաստված չէին։

Ռուսաստանին փոխարինելու համար միայն Եվրոպան բավարար չէ

Հայաստանի Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանի խոսքով՝ արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին վաղուց էր խոսվում, սակայն ռուսական շուկան շարունակում էր առավել շահավետ մնալ՝ ավելի ցածր լոգիստիկ ծախսերի և համեմատաբար թույլ մրցակցության պատճառով։

«Արդյունքում ունեինք իրավիճակ, երբ բազմաթիվ ընկերություններ տեխնիկապես պատրաստ էին արտահանել այլ շուկաներ, սակայն շահույթի ավելի ցածր մակարդակի պատճառով պարզապես չէին անում դա»,- ասում է Պատվականյանը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի շուկային այլընտրանք ձևավորելու համար անհրաժեշտ կլինի առնվազն երեք-չորս տարի։ Մինչ այդ՝ հայկական արտադրողները ստիպված կլինեն միաժամանակ աշխատել տարբեր ուղղություններով՝ Եվրամիությունում, Պարսից ծոցի երկրներում, Կենտրոնական Ասիայում և այլ շուկաներում։

Նրա խոսքով՝ սխալ պատկերացում է այն, որ Ռուսաստանի այլընտրանքը միայն Եվրոպան է։ 

«Փորձը ցույց է տալիս, որ ամենահեշտ հնարավորություններն այն երկրներում են, որտեղ Հայաստանը և հայկական արտադրանքն արդեն ճանաչված են։ Դրանք են Կենտրոնական Ասիայի երկրները, Պարսից ծոցի երկրները, բալթյան երկրները, ինչպես նաև Ուկրաինան և Մոլդովան»։ 

Պատվականյանը շեշտում է՝ երկարաժամկետ հաջողության համար անհրաժեշտ են նաև արտասահմանում պահեստային կենտրոններ, միջազգային առևտրային ցանցերի հետ համագործակցություն և կայուն բեռնափոխադրումներ, որպեսզի արտահանողները կարողանան երաշխավորել անընդհատ մատակարարումներ։

Ինչպես արտահանել Եվրոպա

ԵՄ երկրներ Արտահանման համար ձկնաբուծական տնտեսությունները և վերամշակող ընկերությունները պետք է գրանցվեն Եվրոպական հանձնաժողովի TRACES (Trade Control and Expert System) համակարգում։ 

Դրա համար նախ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պետք է ստուգի, թե արդյոք ընկերությունը համապատասխանում է ԵՄ տեխնիկական և սննդային անվտանգության պահանջներին, և միայն դրանից հետո հայտը կարող է ներկայացվել:

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Այս նախագծերով և ենթաօրենսդրական փաթեթներով հաստատվում են ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին և դրա պահպանումն իրականացնող ընկերություններին ներկայացվող պահանջները՝ TRACES համակարգում գրանցվելու համար։

Ներկայում հինգ ընկերություն է դիմել ՍԱՏՄ-ին և ցանկություն հայտնել գրանցվել համակարգում։ 

Նախագծերի ուժի մեջ մտնելուց հետո ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի այդ ընկերություններում և կգնահատի, թե որքանով են դրանք համապատասխանում համակարգի պահանջներին։ Համապատասխանելու դեպքում արդեն կդիմեն՝ համակարգում գրանցվելու համար։ 

Թեև անվտանգության տեխնիկական ցուցանիշները ԵՄ և ԵԱՏՄ կանոնակարգերում մեծապես համընկնում են, տարբերությունը մեծամասամբ պայմանավորված է վարչարարական խստությամբ, վերահսկողության հաճախականությամբ և փաստաթղթավորման մանրակրկիտ պահանջներով:

Եթե տնտեսավարողը ցանկանում է արտահանել ԵՄ, ՍԱՏՄ-ի կողմից նրա մոտ ստուգումներ պետք է իրականացվեն վեց ամիսը մեկ անգամ: 

Արտադրողը պետք է ունենա այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել բոլոր մատակարարներին և գնորդներին ու այդ տեղեկատվությունը տրամադրել լիազոր մարմնին առաջին իսկ պահանջով: 

ՍիվիլՆեթի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Սննդի անվտանգության վարչության պետի պարտականությունները կատարող Մարիամ Խաչատրյանը նշեց, որ ԵՄ արտահանման դեպքում պատասխանատվությունը կրում է ոչ միայն արտադրողը, այլև պետությունը։

«Եթե որևէ տնտեսավարող արտահանի ոչ որակյալ արտադրանք, դրա պատասխանատվությունը կրելու է նաև պետությունը, քանի որ ԵՄ-ն վստահում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի գնահատականին»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ օրենսդրական խոչընդոտներ չեն մնա օրենքների ուժի մեջ մտնելուց հետո, իսկ թե երբ առաջին ընկերությունները կկարողանան արտահանել ԵՄ, կախված կլինի արդեն յուրաքանչյուր տնտեսավարողի պատրաստվածությունից։ 

Խաչատրյանի խոսքով՝ ԵՄ շուկա մուտք գործելու նախապատրաստական գործընթացը տևում է տարիներ, և այն ընկերությունները, որոնք վաղուց էին ծրագրում արտահանում, արդեն բավական ժամանակ են ունեցել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու համար։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ոլորտում համակարգային մի շարք խնդիրներ կան։ 

Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանը նշում է, որ այդ խնդիրների թվում են միջազգային սերտիֆիկատների սահմանափակ կիրառումը, սննդամթերքի արտադրության հետագծելիության համակարգերի ոչ ամբողջական ներդրումը, ինչպես նաև արտահանման ու միջազգային մարքեթինգի ոլորտում փորձի պակասը։

Ազարյանի խոսքով՝ հայաստանյան ՓՄՁ-ների հնարավորությունները սահմանափակ են միջազգային մարքեթինգի և ապրանքանիշերի առաջխաղացման համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում