Project Syndicate կայքում հրապարակված հոդվածում միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին առաջին փոխտնօրեն Էնն Օ. Քրյուգերը (Anne O. Krueger) վերլուծում է, թե ինչպես է Թուրքիայի ռազմավարական աճող նշանակությունը փոխում Արևմուտքի վերաբերմունքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության նկատմամբ։
Քրյուգերի կարծիքով՝ աշխարհն այսօր մտել է մի փուլ, որտեղ աշխարհաքաղաքական մրցակցությունը կրկին դարձել է միջազգային հարաբերությունների գլխավոր շարժիչ ուժը։ Չինաստանի վերելքը, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ արևմտյան երկրներին ստիպում են վերանայել իրենց առաջնահերթությունները։ Այդ նոր իրականության ամենավառ օրինակներից մեկը Թուրքիան է։
«Քիչ երկրներ են Թուրքիայի չափ հստակ ցույց տալիս ժողովրդավարական սկզբունքների և ռազմավարական անհրաժեշտության միջև առկա բարդ ընտրությունը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ երկրի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության աճին զուգահեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ավելի ու ավելի հաճախ են պատրաստ անտեսել Էրդողանի հարձակումները ժողովրդավարական ինստիտուտների վրա։
Այս փոփոխությունը, ըստ Քրյուգերի, ակնհայտ դարձավ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում։ Այն ցույց տվեց, որ անվտանգության և ռազմավարական շահերը կարող են գերակշռել մյուս քաղաքական նպատակների նկատմամբ։ Իսկ Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում այդ հակասությունն առավել տեսանելի է։
Հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան վաղուց ՆԱՏՕ-ի թերագնահատված, բայց անփոխարինելի անդամներից է։ Երկիրը վերահսկում է Բոսֆորի նեղուցը, որը Սև ծովը կապում է Միջերկրականին, սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Հունաստանին, Իրանին, Իրաքին և Սիրիային, ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և դարձել է տարածաշրջանի խոշոր արտադրական ու լոգիստիկ կենտրոններից մեկը։ Այդ ամենը Թուրքիային տալիս է այնպիսի ռազմավարական կշիռ, որն այսօր դժվար է անտեսել։
Քրյուգերը նշում է, որ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետևողականորեն մոտեցավ Արևմուտքին՝ անդամակցելով ՆԱՏՕ-ին և հետագայում դիմելով Եվրամիության անդամակցության համար։ Սակայն Էրդողանի իշխանության տարիներին այդ գործընթացը փաստացի կանգ առավ։ Հիմնական պատճառը, ըստ հեղինակի, Եվրամիության աճող մտահոգությունն էր երկրում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։
Նույն խնդիրները երկար ժամանակ բարդացնում էին նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ 2019-ին Վաշինգտոնը սառեցրեց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։ Սակայն Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմը որդեգրել է զգալիորեն ավելի մեղմ մոտեցում՝ համաձայնելով վաճառել KAAN կործանիչի ծրագրի համար նախատեսված շարժիչներ և ազդարարելով, որ պատրաստ է վերանայել նաև F-35-ների հարցը։
Հեղինակի գնահատմամբ՝ S-400-ների գնումը դարձավ Թուրքիայի ինքնուրույն արտաքին քաղաքականության խորհրդանիշը։ Անկարան միաժամանակ պահպանեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակեց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և նույնիսկ անօդաչու սարքեր մատակարարեց Ուկրաինային։ Միևնույն ժամանակ, Էրդողանը կոշտ քննադատեց Իրանի դեմ պատերազմը, իսկ Թրամփի խոսքով՝ նույնիսկ քննարկել էր Իսրայելի դեմ հակամարտությանը ներգրավվելու հնարավորությունը։
Քրյուգերը նաև անդրադառնում է Թուրքիայի տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Էրդողանի օրոք տնտեսական աճը հաճախ եղել է տպավորիչ՝ ենթակառուցվածքների, պաշտպանական արդյունաբերության և արտադրության զարգացման հաշվին, սակայն այդ աճը մշտապես ուղեկցվել է բարձր գնաճով, մակրոտնտեսական անկայունությամբ և պարբերական ճգնաժամերով։ Չնայած 2022-ի 85 տոկոսանոց գագաթնակետից հետո գնաճը զգալիորեն նվազել է, Թուրքիայի տնտեսությունը շարունակում է բախվել արտահանման թուլացման, փոխարժեքի անկայունության և այլ կառուցվածքային խնդիրների։
Ըստ հեղինակի՝ Ուկրաինայի և Իրանի պատերազմները Թուրքիայի համար միաժամանակ և՛ հնարավորություն են, և՛ մարտահրավեր։ Մի կողմից երկիրը շահել է տարածաշրջանից տեղափոխվող բիզնեսներից և ռազմական արտադրանքի արտահանման աճից, մյուս կողմից՝ էներգակիրների շուկաների անկայունությունը և հումքային գների տատանումները դժվարացրել են գնաճի վերահսկումը։
Հոդվածի գլխավոր եզրակացությունն այն է, որ Արևմուտքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է։ Եթե նախկինում եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը հիմնականում շեշտում էին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խնդիրները, ապա այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում անվտանգային համագործակցությանը։ Անկարայի հյուրանըկալած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, օրինակ, Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն գովաբանեց Էրդողանին, իսկ եվրոպացի առաջնորդները հիմնականում խուսափեցին հրապարակային քննադատությունից։
Քրյուգերի կարծիքով՝ հենց այստեղ է Արևմուտքի հիմնական երկընտրանքը։
«Անդրատլանտյան անվտանգության համար ամենակարևոր երկրներից մի քանիսը նաև այն երկրներն են, որոնք ամենից արագ են հեռանում ժողովրդավարական նորմերից։ Եթե չափազանց մեծ ճնշում գործադրվի, նրանք կարող են ավելի սերտորեն կապվել Չինաստանի կամ Ռուսաստանի հետ։ Եթե ճնշումը չափազանց թույլ լինի, ժողովրդավարական ինստիտուտների քայքայումը կարող է ավելի արագանալ՝ խարխլելով այն արժեքները, որոնք Արևմուտքը փորձում է պաշտպանել»,- գրում է Քրյուգերը։
Հեղինակը գրում է, որ այս հակասական շահերի հավասարակշռումը չափազանց բարդ խնդիր է, սակայն հենց դրանից է կախված ոչ միայն Արևմուտքի վստահելիությունը, այլև Թուրքիայի ամբողջ ներուժի իրացումը՝ որպես ռազմավարական դաշնակից և տնտեսական գործընկեր։ «Այս մրցակցող առաջնահերթությունների համատեղումը չափազանց դժվար է, բայց դրա հաջող լուծումը վճռորոշ կլինի թե՛ Արևմուտքի հեղինակության պահպանման, թե՛ Թուրքիայի ամբողջական ներուժի իրացման համար»,- եզրափակում է Քրյուգերը։












