Գլխավոր Լրահոս

ՀԲ․ Ռուսաստանի սահմանափակումների շարունակումը կարող է ազդել Հայաստանում սոցիալական իրավիճակի վրա

ՀԲ․ Ռուսաստանի սահմանափակումների շարունակումը կարող է ազդել Հայաստանում սոցիալական իրավիճակի վրա

Սիրանուշ Ադամյան

Համաշխարհային բանկը (ՀԲ) նախազգուշացնում է, որ եթե Ռուսաստանը շարունակի և ընդլայնի հայկական գյուղատնտեսական ու պարենային ապրանքների ներմուծման սահմանափակումները, ապա դրանց ազդեցությունը կարող է դուրս գալ առևտրի ոլորտի սահմաններից և ազդել Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և սոցիալական իրավիճակի վրա։ Այդ մասին նշվում է բանկի հրապարակած «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. հուլիս, 2026 թ.» ամփոփագրում։

Զեկույցում ասվում է, որ թեև Հայաստանի տնտեսությունը շարունակում է սպասվածից բարձր աճ գրանցել, Ռուսաստանի հետ վերջին քաղաքական զարգացումները նոր ռիսկեր են ստեղծել արտահանման համար։

«Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ավելացրեց հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելքը։ Եթե այդ արգելքը շարունակվի և ընդլայնվի՝ առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել՝ դուրս գալով միայն առևտրի շրջանակից և անդրադառնալով աճի, գների և սոցիալական վիճակի վրա»,- նշում է ՀԲ-ն։

ՀԲ-ի գնահատմամբ՝ հնարավոր ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է աջակցել արտահանողներին։

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը նախատեսել է սուբսիդիաներ, որոնք փոխհատուցում են այլընտրանքային շուկաներ, այդ թվում՝ Եվրոպական միություն, արտահանման փոխադրման և մաքսային ծախսերի մի մասը։

ՀԲ-ն նաև արձանագրում է, որ դեպի Ռուսաստան արտահանումն արդեն սկսել է նվազել։

Մայիսին Ռուսաստան արտահանումը կրճատվել է 15 տոկոսով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ հունվար-մայիսին Հայաստանի ընդհանուր արտահանումը նվազել է 3.7 տոկոսով, մինչդեռ ներմուծումն աճել է 2.2 տոկոսով։ Արդյունքում առևտրային հաշվեկշռի պակասուրդը մեծացել է և հասել կանխատեսվող՝ տարեկան ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսի։

Միաժամանակ, բանկը նշում է, որ առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման, Հայաստանի արտահանումը շարունակում է աճել՝ հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ։

Աճը դեռ բարձր է

Չնայած արտաքին ռիսկերին՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է արագ աճել։

Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.7%-ով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 8%-ով, ինչը գերազանցել է կանխատեսումները։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարությունն ու հանքարդյունաբերությունը։

Միևնույն ժամանակ, գնաճը հունիսին արագացել է՝ հասնելով 5.1%-ի, հիմնականում սննդամթերքի թանկացման հետևանքով։ Հայաստանի կենտրոնական բանկը հունիսին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5 %-ի մակարդակում՝ հաշվի առնելով մի կողմից բարձր գնաճային ճնշումները, մյուս կողմից՝ Ռուսաստան արտահանման խնդիրներից բխող ռիսկերը։

Ռուսական սահմանափակումները

Ռուսաստանը ապրիլի վերջից սկսել է աստիճանաբար սահմանափակել հայկական գյուղատնտեսական և սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծումը՝ հղում անելով սանիտարական և բուսասանիտարական պահանջներին։ Սահմանափակումների տակ հայտնվել են, մասնավորապես, ձկնամթերքը, ծաղիկները, ինչպես նաև մի շարք մրգեր և բանջարեղեն։

Հայաստանի իշխանությունները և մի շարք տնտեսագետներ այդ քայլերը դիտարկում են ոչ միայն առևտրային, այլև քաղաքական համատեքստում։ Սահմանափակումները հաջորդեցին Երևանի և Մոսկվայի հարաբերությունների սրմանը՝ կապված Հայաստանի եվրոպական ինտեգրման խորացման, ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման և արտաքին քաղաքական նոր ուղղությունների հետ։

Վերջին ամիսներին Մոսկվայից նաև հնչում են հայտարարություններ Հայաստանի նկատմամբ հնարավոր նոր տնտեսական ճնշումների մասին՝ ներառյալ էներգետիկայի և առևտրի ոլորտներում, եթե Երևանը շարունակի հեռանալ ռուսական տնտեսական և քաղաքական ուղուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում