Հիվանդ կենդանիների կաթ չի օգտագործվել․ ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռուսաստանի արգելքին

Ռոսսելխոզնադզորի և ՍԱՏՄ-ի համատեղ ստուգումներով հայկական 4 կաթնամթերք արտադրող ընկերություններում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ արձագանքելով Ռուսաստանի արգելքների մասին հայտարարությանը։
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։
Ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- հայտնել են ՍԱՏՄ-ից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է, որ ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։
Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր շուկա՝ որպես պաշտոնական հիմնավորում ներկայացնելով «վտանգավոր վարակների թափանցումն» ու «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների տարածումը» կանխելու անհրաժեշտությունը։
Կաթնամթերքի շուրջ ստեղծված այս իրավիճակը ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների եզակի դրվագ չէ։ Ավելի վաղ վերահսկողական մարմինների թիրախում էին հայտնվել հայկական գյուղմթերքն ու ծաղիկների արտահանումը, որոշ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջուրը։ Դրանց մուտքը ՌԴ նույնպես արգելափակվել կամ խստացվել էր՝ դարձյալ սանիտարական և որակի անվտանգության պաշտոնական փաստարկներով։
Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական տարաձայնությունների ֆոնին Ռուսաստանի կիրառած այս սահմանափակումները թիրախավորում են հայկական տնտեսության առավել խոցելի և ռուսական շուկայից բարձր կախվածություն ունեցող ճյուղերը։
Կազմակերպություն
Տեղադրություն











