Ձկնաբույծները պահանջում են փոխվարչապետի հետ հանդիպում․ ոլորտում ֆորսմաժորային իրավիճակ է

Ռուսաստանի կողմից ձկնամթերքի արտահանման արգելքի հետևանքով ֆինանսական ճգնաժամի առաջ հայտնված հայ ձկնաբույծները հուլիսի 21-ին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հրատապ պետական աջակցություն և հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։
Արտադրողները նշում են, որ մայիսի 13-ից Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված արգելքի պատճառով ոլորտը հայտնվել է կոլապսի եզրին, իսկ արտահանման ենթակա ողջ ծավալը մնացել է տնտեսություններում։
«Արդեն երկու ամսից ավել է ամբողջ խմբաքանակը լողավազաններում նստած է», - հայտարարել է ակցիայի մասնակից ձկնաբույծներից մեկը՝ մանրամասնելով, որ ֆինանսական և բանկային կառույցներն այժմ ձկնաբուծությունը համարում են «կարմիր գիծ» և հրաժարվում են վերանայել վարկերը կամ ընդունել գույքը որպես գրավի առարկա:
Ըստ ցուցարարների՝ էկոնոմիկայի նախարարությունում մոտ մեկ ամիս առաջ կայացած հանդիպումը գործնական որևէ արդյունք չի տվել:
«Մենք ասել ենք, որ նույնիսկ նվեր պետք չէ։ Ուղղակի աջակցություն, որ պետությունը հայ ձկնաբույծի կողքին լինի»,- ասել է ակցիայի մասնակից ձկնաբույծներից մեկը։
Ձկնաբույծները պնդում են, որ հայկական իշխանը որակական խնդիր չունի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ անցկացված համատեղ ստուգումները և մոնիտորինգը հաստատել են համապատասխանությունը չափանիշներին:
Անդրադառնալով արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու կոչերին, ձկնաբույծը նշել է, որ դա բարդ գործընթաց է, քանի որ ինքնարժեքի խիստ տարբերություն կա։ Նրա խոսքով՝ Եվրոպայում որակյալ կերի մեկ կիլոգրամն արժե 400-420 դրամ (մոտ 1 եվրո), մինչդեռ Հայաստանում այն գերազանցում է 800 դրամը։ Քանի որ կերը կազմում է ձկան ինքնարժեքի 80-85%-ը, հայկական իշխանը դառնում է ի սկզբանե անմրցունակ եվրոպական էժան ծովային ձկների նկատմամբ։
Խնդիր են նաև լոգիստիկ բարդությունները, վարորդների վիզաների բացակայությունն ու մարկետինգային ճանաչելիության բացակայությունը ԵՄ 500 միլիոնանոց շուկայում:
Ստեղծված իրավիճակում արտադրողները նշում են, որ չեն կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձերը և աշխատավարձերը: Արտադրական պրոցեսը պահպանելու համար ձկներին տրվում է պահանջվող կերի ընդամենը 0.2%-ը, ինչը բավարար է միայն կենդանի զանգվածի ֆիզիկական պահպանման, այլ ոչ քաշի ավելացման համար:
Ռուսաստանը երկար տարիներ եղել է հայկական ձկնաբուծության հիմնական արտահանման շուկան։ 2025-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 80 մլն դոլարի ձուկ և ձկնամթերք, որի շուրջ 98 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ռուսաստան է արտահանվել շուրջ 10,000 տոննա արտադրանք։
***
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
/











