Գլխավոր Լրահոս

Ծնողն ու տնօրենը պարզաբանել են արցախյան «Մենք ենք մեր սարերը» նկարի հեռացումը ցուցահանդեսից

Ծնողն ու տնօրենը պարզաբանել են արցախյան «Մենք ենք մեր սարերը» նկարի հեռացումը ցուցահանդեսից

Հայկ Ղազարյան

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ցուցահանդեսից հեռացվել է 10-ամյա աշակերտուհու՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը, հանրային բուռն քննարկումների և ուսուցչուհու հրաժարականի պատճառ է դարձել։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ահազանգել է միջադեպին՝ այն որակելով որպես հանրային տարածությունից արցախյան ինքնության ջնջման փորձ, մինչդեռ դպրոցի տնօրինությունը պնդում է, որ հարցը բացառապես կազմակերպչական և կարգապահական տիրույթում է։

Կերպարվեստ սովորող արցախցի աշակերտուհու մայրը՝ Անուշ Դանիելյանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ցուցահանդեսի մեկնարկից առաջ հանել է երեխայի նկարը և ուսուցչուհուն մեղադրել հակապետական գործունեության մեջ։

«Առավոտը տնօրենը եկել է, էդ նկարը հանել ու տարել։ Ուսուցչուհին մոտեցել է, թե՝ ինչո՞ւ եք նկարը հանել, ասում է՝ «ի՞նչ հակապետական քայլեր ես անում»։ Տնօրենը ասում է՝ ինչո՞ւ համաձայնեցրած չի, ասում է՝ ես ի՞նչ համաձայնեցնեմ, երեխան է այդ թեմատիկան ընտրել, ես ի՞նչ ասեմ, թե ինչու ես քո սրտի Արցախի սիմվոլիկան նկարել»,- պատմեց Անուշ Դանիելյանը։

Երեխայի մայրը մանրամասնեց, որ միջադեպից հետո ուսուցչուհի Սոնա Ջառահյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը նման մթնոլորտում։

«Ուսուցչուհին ասել է՝ ես այստեղ էս մթնոլորտում այլևս չեմ կարող աշխատել։ Երեխան, իհարկե, ծանր է տարել, բայց ուսուցչի համառության շնորհիվ նկարը վերջում կախվել է, թե չէ երեխան կարող էր գնալ ու տեսնել, որ իր նկարը չկա»,- հավելեց ծնողը։Նա ասաց, որ ուսուցչուհին լրատվամիջոցներին  մեկնաբանություն տալու ցանկություն չունի։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանեց, որ որոշումը պայմանավորված է եղել բացառապես ներքին կանոններով և գույքի կառավարման նորմերով։ 

«Տվյալ վարչական որոշումն ընդունվել է բացառապես դպրոցի ներքին կարգապահական կանոնների, գույքի պահպանության, կրթական, մշակութային միջավայրի պատշաճ կազմակերպման և ապահովման նպատակով։ Դպրոցում տեղեկատվական կամ այլ բնույթի նյութերի փակցնումը պետք է իրականացվի օրենքով և ներքին կարգապահական կանոններով սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասաց նա։

Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը կտրականապես հերքեց «հակապետական քայլ» ձևակերպումն օգտագործելու մասին պնդումները և նշեց, որ ուսուցչուհին աշխատանքից հեռանալու որոշումը ինքնակամ է կայացրել։

«Ոչ մի դեպքում հակապետական քայլի մասին խոսք չի եղել։ Այդ քայլը խախտել է դպրոցի ներքին կարգապահական կանոնները։ Իսկ ուսուցիչը ինձ տեղեկացրել է, որ ցանկություն չունի դպրոցում աշխատելու, մենք էլ չենք խնդրել, որևիցե բան չենք պարտադրել, ինքը իր ոտքով եկել է և տեղեկացրել»,- ասաց Սուրեն Գևորգյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խոսնակ Նելլի Վահանյանը ՍիվիլՆեթին փոխանցեց, որ նախարարությունը Արցախի խորհրդանիշների վերաբերյալ որևէ արգելք չի սահմանել։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման գրավոր կամ բանավոր հանձնարարական չի տվել, իսկ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման արգելք սահմանված չէ։ Այլ մեկնաբանություն չունենք»,- ասաց խոսնակը։

Հարցին, թե արդյոք դպրոցի ղեկավարը Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ճանաչում է որպես մշակութային կամ պատմական արժեք ունեցող խորհրդանիշ, տնօրենը պատասխանեց, որ առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով։

«Ես միայն մի բան եմ ճանաչում՝ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը, կրթության մասին օրենքը և շարժվում եմ որպես երաժշտական դպրոցի տնօրեն՝ օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե, գուցե ոչ դիտմամբ, իր դիրքորոշումը համընկնում է գործող իշխանության որդեգրած մոտեցումների հետ, ինչն էլ հանրային մեծ արձագանքի պատճառ է դարձել, Գևորգյանը կոչ արեց հարցը չքաղաքականացնել։

«Քաղաքականության մասին որևիցե մի խոսք չկա այստեղ, ընդամենը խախտվել են ներքին կարգապահական կանոնները, և ես պարտավոր եմ ապահովել դպրոցում դրանց գործունեությունը»,- կրկնեց Սուրեն Գևորգյանը։

Տասնամյա աշակերտուհին ցուցահանդեսում ներկայացրել էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը համարվում է Արցախի գլխավոր խորհրդանիշը։ 

Հուշարձանը, որը հայտնի է նաև «Տատիկ-պապիկ» անվամբ, տեղադրվել է 1967-ին Ստեփանակերտում՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի համատեղ նախագծով։ Կարմիր տուֆից կերտված այս կոթողը չունի պատվանդան, ինչը խորհրդանշում է արցախցիների խոր արմատներն ու կապը հայրենի հողի հետ, իսկ տարեց ամուսինների կերպարները մարմնավորում են լեռնաշխարհի ժողովրդի տոկունությունն ու շարունակականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում