Ռուսաստանը պատրաստ է Բաքվին ու Երևանին աջակցել տնտեսական ու հաղորդակցային ուղիների ապաշրջափկման և հումանիտար հարցերում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հուլիսի 17-ին Մոսկվայում Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսին Լավրովը հիշեցրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տնտեսական հարցերով զբաղվող Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբի մասին և հայտարարել, որ այդ քննարկումների արդիականությունը չի կորել։
«Ռուսաստանը 2020-2022 թվականերին եռակողմ ձևաչափով բարձրագույն մակարդակի համաձայնությունների հիմա վրա [Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ] հետևողականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի կարգավորմանն ուղղված ջանքերը»,- հայտարարել է Լավրովը։
Նա Կովկասին վերաբերող հարցերում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափի կարևորությունը, որը դիտարկել է տարածաշրջանը արտաքին միջամտություններից զերծ պահելու համատեքստում։ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ այդ ձևչափի հաջորդ հանդիպումը կկայանա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Հայաստանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ նշել է «դե ֆակտո խաղաղության» հաստատման մասին, որի գործում կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
Ինչ վերաբերում է 3+3 ձևաչափի հեռանկարին, ապա Բայրամովն վերահաստատել է հաջորդ հանդիպումը Ադրբեջանում անցկացնելու Բաքվի առաջարկը։ Նա նաև ասել է, թե հարցերը պետք է քննարկվեն «բոլոր երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տրամաբանությամբ»։
Հուլիսի 13-14-ին Շուշիում անցկացված չորրորդ Գլոբալ ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով 3+3 ձևաչափի վերաբերյալ ադրբեջանական կողմի մոտեցումների փոփոխության մասին, նշել էր, որ «հարթակը պետք է զբաղվի ոչ թե Հայաստան-Ադրբեջան խնդիրներով՝ նմանվելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ քննարկի տարածաշրջանի բոլոր երկրներին առնչվող հարցեր՝ հավասարություն ապահովելով երկրների միջև»։












