Խմելու ջրին արտեզյան ջուր են խառնում. Արփինե Հովհաննիսյանը փորձաքննության արդյունքներ է ներկայացրել

Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին շրջանում տարբեր բնակավայրերից վերցված խմելու ջրի նմուշների փորձաքննությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել է ջրի կոշտության թույլատրելի ցուցանիշների գերազանցում։
Ֆեյսբուքում հրապարակած իր տեսանյութում նա նշում է, որ ամռան ամիսներին, երբ աղբյուրների ջուրը չի բավարարում, «Վեոլիա Ջուրը» խմելու ջրին խառնում է արտեզյան ջուր, որն ավելի բարձր կոշտություն ունի։
Հովհաննիսյանը նշել է, որ այդ պատճառով Արինբերդի, Խարբերդի և այլ ջրամբարներից սնվող բնակավայրերում ջրի կոշտության ցուցանիշները կամ հասել են Առողջապահության նախարարության սահմանած առավելագույն շեմին, կամ գերազանցել այն։
Նա պնդել է, որ այդ դեպքում քաղաքացիները վճարում են սահմանված նորմերին չհամապատասխանող ջրի համար և կարող են դատարանում վիճարկել այդ գործընթացը։
Հովհաննիսյանը բնակիչներին կոչ է արել, եթե նկատել են ջրի գույնի, համի կամ որակի փոփոխություն, կապ հաստատել իր հետ՝ նոր փորձաքննություններ կազմակերպելու համար։ Նա նաև իրավաբաններին առաջարկել է միանալ նախաձեռնությանը։










