Գլխավոր Լրահոս

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է փակել դատավորների վարկանիշավորման հարթակը (լրացված)

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է փակել դատավորների վարկանիշավորման հարթակը (լրացված)

Լիա Ավագյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը դիմել է արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցին՝ առաջարկելով քննարկել դատավորների վարկանիշավորման helpcourt.am հարթակի գործունեության դադարեցման, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող մասնավոր հարթակների գործունեությունն օրենքով արգելելու նպատակահարմարությունը։

Դիմումում Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ helpcourt.am հարթակի գործունեությունը «լուրջ ինստիտուցիոնալ մտահոգություններ» է առաջացնում, որոնք առնչվում են դատավորների անկախության երաշխիքներին և արդարադատության հեղինակությանը։ Կոմիտեի գնահատմամբ՝ հարթակը կարող է ստեղծել շահերի բախման և դատավորների նկատմամբ արտաքին ազդեցության ռիսկեր։

Գրության համաձայն՝ հարթակում դատավորների վարկանիշը ձևավորվում է բացառապես փաստաբանների կողմից տրված դրական և բացասական գնահատականների հիման վրա։ Կոմիտեն պնդում է, որ այդ մեխանիզմը չի կարող համարվել դատավորների գործունեության օբյեկտիվ գնահատման գործիք, քանի որ գործընթացից դուրս են մնում դատախազները, քննիչները և մասնագիտական հանրույթի մյուս ներկայացուցիչները։ Արդյունքում, ըստ հիմնավորման, ձևավորվող վարկանիշը կարող է արտահայտել միայն փաստաբանների մի մասի գոհունակությունը կամ դժգոհությունը, այլ ոչ թե դատավորի մասնագիտական աշխատանքի ամբողջական պատկերը։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև վիճարկում է հարթակի մեթոդաբանությունը՝ նշելով, որ դատավորի աշխատանքը չի կարող գնահատվել միայն դրական կամ բացասական միավորներով։ Ըստ գրության՝ դատավորի գործունեությունը պետք է գնահատվի այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են դատական ակտերի հիմնավորվածությունը, դատավարական ժամկետների պահպանումը, նիստերի վարումը, վարքագծային չափանիշները և վերադաս դատարանների կողմից կայացված ակտերի գնահատականը, մինչդեռ helpcourt.am-ը նման չափորոշիչներ չի ապահովում։

Կոմիտեն պնդում է, որ հարթակը կարող է ծառայել ինչպես դատավորներին թիրախավորելու, այնպես էլ նրանց անհիմն դրական գնահատականներ ապահովելու համար։ Ըստ գրության՝ դա կարող է ստեղծել իրավիճակ, երբ դատավորի հանրային հեղինակությունը կախված կլինի ոչ թե նրա դատական ակտերի որակից, այլ փաստաբանների գնահատականներից, ինչը ոչ ֆորմալ ճնշման և կախվածության վտանգ է առաջացնում։

Դիմումում նշվում է նաև, որ խնդիրը խորանում է, երբ հարթակի տվյալները վերարտադրվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից՝ ձևավորելով «լավ» և «վատ» դատավորների հանրային պատկեր։ Կոմիտեի գնահատմամբ՝ դատավորը չպետք է դառնա «հավանության քվեարկության» օբյեկտ, քանի որ նման մեխանիզմը կարող է վնասել դատական իշխանության անկախության ընկալմանը և հանրային վստահությանը։

Որպես լրացուցիչ հիմնավորում նշվում է, թե հարթակի գործունեության պայմաններում առանձին դատավորներ կարող են փորձել փաստաբանների միջոցով ապահովել իրենց վերաբերյալ դրական գնահատականներ՝ սեփական վարկանիշը պահպանելու կամ բարձրացնելու նպատակով։

Այս հիմքերով Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է քննարկել՝ արդյոք նման վարկանիշավորումը համատեղելի է դատավորների անկախության սկզբունքի հետ, արդյոք այն չի ստեղծում կախվածության և ճնշման ռիսկեր, չի խթանում դատավորների թիրախավորումը և ընդհանրապես թույլատրելի՞ է դատական իշխանության անկախության ու հեղինակության պահպանման տեսանկյունից։ 

Կոմիտեն առաջարկվում է քննարկել helpcourt.am-ի գործունեության դադարեցումը և նման մասնավոր հարթակների գործունեությունն օրենքով արգելելու հնարավորությունը։

ԼՐԱՑՈՒՄ - Նախագծի հեղինակի արձագանքը

helpcourt.am նախագծի հեղինակ Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հարթակի արձագանքը Հակակոռուպցիոն կոմիտեի առաջարկին՝ նշելով, որ «եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին ու չի գտնվում իր տեղում»։

«Սա հերթական ապացույցն է, որ HelpCourt համակարգը շուրջ 10 տարի գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան։ Հակառակ դեպքում վաղուց ցածր վարկանիշ ունեցող որոշ դատավորների կողմից կգտնվեին դրա գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր, այլ ոչ թե փորձ կարվեր փոխել հենց օրենքը»,- նշված է հայտարարությունում։

Հայտարարությունում նաև նշվում է, որ HelpCourt-ը կշարունակի իր օրինական գործունեությունը, «ու բացի դատավորներից, դեռ շատ պաշտոնյաներ կվարկանիշավորվեն անկախ փաստաբանական համայնքի կողմից»։

Ի՞նչ է helpcourt.am-ը

Helpcourt.am-ը ստեղծվել է որպես դատական համակարգի նկատմամբ հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նախաձեռնություն։ Հարթակում Հայաստանի փաստաբանների պալատի անդամները կարող են գնահատել դատավորների աշխատանքը՝ դրական կամ բացասական արձագանք թողնելով կոնկրետ դատավորի կամ դատական ակտի վերաբերյալ։ Նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ դրա նպատակն է հավաքագրել փաստաբանների մասնագիտական փորձը, բացահայտել դատական համակարգի խնդիրները և նպաստել արդարադատության որակի բարելավմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում