ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին:
Ավելի վաղը Թեհրանը Հորդանանում հարձակումներ էր իրականացրել, ինչի հետևանքով զոհվել էր ամերիկացի երկու զինվոր, իսկ մեկ զինվոր կորել էր։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները սկսվել են հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ին:
«Հարվածները նպատակ ունեն Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու Իրանի կարողությունն էլ ավելի թուլացնել և արագորեն պատժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն ուժերին, որոնք անցած գիշեր Հորդանանում հարձակումներ էին գործել ամերիկացի զինծառայողների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Տե՛ս նաև՝ Խամենեին զգուշացնում է․ Իրանը «անմոռանալի դասեր» կտա ԱՄՆ-ին
Ավելի ուշ Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ավարտել է հարվածների իրականացումը՝ խոցելով Իրանի զինված ուժերի առափնյա հսկողության և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքները:
Իրանական մեդիայի փոխանցմամբ՝ ամերիկյան ուժերը հարձակում են իրականացրել Իրանի հարավում Սիրիկ քաղաքի մոտակայքում՝ հավելելով, որ տուժածների և վնասված ենթակառուցվածքների մասին տեղեկություններ չկան։
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ բանակը դրոնային հարձակման է ենթարկել Քուվեյթում «Ալ-Ադիրի» և «Ալի Ալ Սալեմ» ավիաբազաներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։
Նախօրեին էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Քուվեյթում, Բահրեյնում և Հորդնանում ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող թիրախներին հասցված հարվածների մասին։
ԱՄՆ-ն և Իրանն անցյալ շաբաթ ակտիվացրել են հարձակումները՝ մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չեղարկումից հետո։
Ըստ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի՝ Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, քանի որ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները
Ամսվա սկզբին էլ նախագահ Թրամփն էր հայտարարել, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։












