«Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է խմելու ջրի որակի վերաբերյալ հնչեցված պնդումներին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն արձագանքել է իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններին՝ վստահեցնելով, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է մշտական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ տարբեր բնակավայրերից վերցված խմելու ջրի նմուշների փորձաքննությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել է ջրի կոշտության թույլատրելի ցուցանիշների գերազանցում։ Նրա պնդմամբ՝ ամռան ամիսներին աղբյուրների ջրի պակասի պայմաններում «Վեոլիա Ջուրը» խմելու ջրին խառնում է արտեզյան ջուր, ինչի հետևանքով որոշ բնակավայրերում ջրի կոշտությունը հասնում կամ գերազանցում է Առողջապահության նախարարության սահմանած առավելագույն շեմը։
Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ խմելու ջրի որակը շուրջօրյա վերահսկվում է, պարբերաբար իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, իսկ արդյունքները գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։ Միաժամանակ նշվում է, որ ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում են նաև պետական իրավասու մարմինները, որոնք անկախ վերահսկողություն են իրականացնում և խախտումների դեպքում պարտադիր արձանագրումներ են կատարում։
«Վեոլիա Ջուրը» նաև անդրադարձել է ջրի կոշտության վերաբերյալ քննարկումներին՝ ընդգծելով, որ այն խմելու ջրի անվտանգության ցուցանիշ չէ և չի համարվում առողջության համար վտանգ ներկայացնող գործոն։ Ընկերության պարզաբանմամբ՝ ջրի կոշտությունը պայմանավորված է տվյալ ջրաղբյուրների բնական, երկրաբանական առանձնահատկություններով, ուստի տարբեր աղբյուրներից մատակարարվող ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշները կարող են տարբերվել։
Ընկերությունը նաև նշել է, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներով ևս ջրի կոշտությունը չի դիտարկվելու որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ։









