Գլխավոր Լրահոս

Կադիրովը Ռուսաստանին կոչ է արել «կրակ բացել» ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զենք մատակարարող երկրների վրա

Կադիրովը Ռուսաստանին կոչ է արել «կրակ բացել» ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զենք մատակարարող երկրների վրա

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանին կոչ է արել հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք Ուկրաինային տրամադրում են ռազմական և հետախուզական աջակցություն։

Նրա խոսքով՝ այդ երկրները պետք է «տրոտիլի հոտը զգան» և «լսեն Կալաշնիկովի որոտն ու Տ-90 տանկերի դղրդյունը»։

Կադիրովը այս հայտարարությունն արել է հուլիսի 17-ին Telegram-ում՝ գրելով, որ Ռուսաստանը «պետք է սկսի այն երկրներից, որոնք, թաքնվելով ՆԱՏՕ անվան տակ, բացահայտ և լկտիաբար Ուկրաինային զենք, հետախուզական տվյալներ և աջակցության այլ ձևեր են տրամադրում»։

«Եթե նրանք դեռ չեն հասկանում, որ Ռուսաստանը չի պատրաստվում նստել և համբերատար հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում, ապա դա ոչ միայն պարզ լեզվով բացատրելու ժամանակն է, այլ նաև նրանց կեղտոտ նատոյական կոկորդին հարվածելու։ Ժամանակն է կրակ բացել, և վերջ»,- գրել է Կադիրովը։

Նա նաև պնդել է, որ արևմտյան երկրները «պատերազմ են վարում ուրիշի ձեռքով»։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն այժմ վարում է «զուսպ ռազմական գործողություններ», սակայն այդ մոտեցումը պետք է փոխվի, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները «հասկանում են միայն ուժի լեզուն»։

«Հենց մենք հանենք մեր ռազմական մեքենայի արգելակները, հենց մեր ջաղացաքարերը սկսեն աղալ նրանց ոսկորները, արևմտյան բոլոր առաջնորդները հերթ կկանգնեն՝ իրենց ամենախոր ներողությունները հայտնելու համար»,- գրել է նա։

Կադիրովը հավելել է, որ չեչենական հատուկ նշանակության ստորաբաժանումները պատրաստ են մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշված «ցանկացած ուղղությամբ» և «բառացիորեն անհամբեր սպասում են ամենաբարդ առաջադրանքները կատարելու հնարավորությանը», որպեսզի «Ռուսաստանի թշնամիների ոտքերի տակ հողը վառվի»։

2022-ի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային տրամադրում են ռազմական, ֆինանսական և հետախուզական աջակցություն։

Դաշինքը բազմիցս ընդգծել է, որ հակամարտության կողմ չէ և ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումից։

Հուլիսին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրները պարտավորվեցին 2026-ին Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի (80 միլիարդ դոլար) ռազմական օգնություն, իսկ 2027-ին՝ առնվազն նույն ծավալի աջակցություն։

Գագաթնաժողովի հռչակագրում նշվում էր, որ Ուկրաինան «նպաստում է անդրատլանտյան անվտանգությանը», իսկ դաշինքի անդամները վերահաստատել էին իրենց «անսասան աջակցությունը» երկրի ազատությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը Ուկրաինային կտրամադրի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության տեխնոլոգիա, որոնք կարող են խոցել նաև բալիստիկ հրթիռներ։

Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուկրաինական ուժերին հետախուզական տվյալներ է տրամադրում ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու համար։

Թրամփի խոսքով՝ նման հարվածները կարող են նպաստել պատերազմի ավելի արագ ավարտին։

Գերմանական Քիլ քաղաքի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ 2022-ի փետրվարից մինչև 2026-ի հունվար ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացել է տրամադրել մոտ 115 միլիարդ եվրոյի (130 միլիարդ դոլար) օգնություն, մինչդեռ եվրոպական երկրները միասին պարտավորվել են հատկացնել շուրջ 270 միլիարդ եվրո (310 միլիարդ դոլար)։

Սա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը սպառնում է արևմտյան երկրներին։

2023-ի փետրվարին նա հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը պետք է «ապանացիստականացնի և ապառազմականացնի» Լեհաստանը՝ հավելելով, որ «սատանայապաշտության դեմ պայքարը պետք է շարունակվի ամբողջ Եվրոպայում»։

Կադիրովը բազմիցս կոչ է արել հարվածներ հասցնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների «որոշումների ընդունման կենտրոններին» և պահանջել է ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը՝ ի պատասխան Կիևին Արևմուտքի կողմից հեռահար սպառազինության մատակարարումների։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում