Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովը կրկին պատժամիջոց է կիրառել ընդդիմադիր Formula հեռուստաընկերության նկատմամբ՝ այս անգամ այն տուգանելով 5 հազար լարիով (1900 դոլար)։
Հանձնաժողովը հեռուստաընկերությանը մեղադրում է լրատվական թողարկումներում հեռարձակման մասին օրենքի խախտման մեջ։
Formula-ն նույնատիպ խախտումների համար նախկինում ևս տուգանվել էր։
Հուլիսի 17-ին տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշել է, որ արձանագրված խախտումների թվում են եղել «լրագրողների և հաղորդավարների գնահատողական բնույթի արտահայտությունները լրատվական ծրագրերում, որոնք հանգեցրել են ընթացիկ քաղաքական և հասարակական հարցերի լուսաբանմանը՝ հիմնված հեռարձակողի անձնական տեսակետների վրա»։
«Դա սահմանափակված է օրենքով»,- հավելել է հանձնաժողովը։
Տուգանքը սահմանվել է այն ընթացքում, երբ ֆինանսական դժվարությունների պատճառով Formula-ն կրճատում է ուղիղ եթերների ծավալը և ազատում աշխատակիցների մի մասին։
Դրան նախորդել էր նաև Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը, որով հեռուստաընկերությունը իշխանամետ ռեժիսոր Գոգա Խաինդրավայի ներկայացրած զրպարտության հայցով 10 հազար լարիով (3 800 դոլար) տուգանվեց։
Բացի այդ, Թբիլիսիի դատախազությունում շարունակվում է մեկ այլ քրեական վարույթ, որը նույնպես հարուցվել է Խաինդրավայի դիմումի հիման վրա։
Անկախ MediaChecker առցանց հարթակի տվյալներով՝ տուգանքի հիմք են դարձել Formula-ի հունիսի 15-17-ի լրատվական թողարկումներում օգտագործված մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ ««Երազանքի» կառավարություն», ««Վրացական երազանքի» նախագահ», «ռեպրեսիվ օրենքներ» և ««Երազանքի» ռեժիմի ռեպրեսիաները»։
Այս ձևակերպումները հաճախ օգտագործում են իշխանությունների քննադատները, հատկապես 2024-ի հոկտեմբերին կայացած վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ բազմաթիվ ընդդիմադիրներ և քննադատներ հրաժարվեցին ճանաչել կամ առնվազն կասկածի տակ դրեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա ձևավորած կառավարության լեգիտիմությունը։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ արտահայտությունները խախտում են հեռարձակման մասին օրենքով սահմանված անաչառության և հավասարակշռվածության պահանջները։
Formula-ն լրատվական թողարկումներում կիրառվող տերմինաբանության համար նախկինում ևս ենթարկվել էր պատժամիջոցների․ մայիսին այն տուգանվել էր 2500 լարիով (950 դոլար), իսկ ապրիլին ստացել էր բանավոր նախազգուշացում։
Ներկայիս որոշումը հրապարակելիս հանձնաժողովը շեշտել է, որ օրենքով կարող էր Formula-ին տուգանել մինչև հեռուստաընկերության տարեկան եկամտի մեկ տոկոսի չափով, սակայն որոշել է սահմանել այն, ինչ անվանել է «նվազագույն» տուգանք։
Երբ մայիսին Formula-ն բանավոր նախազգուշացում էր ստացել, նույն պատժամիջոցը կիրառվել էր նաև մեկ այլ ընդդիմադիր հեռուստաընկերության՝ TV Pirveli-ի, ինչպես նաև իշխանամետ Imedi և POSTV ալիքների նկատմամբ։
Սակայն վերջին երկուսի դեպքում արձանագրված խախտումների թիվը զգալիորեն քիչ էր։
Իշխող կուսակցությունը 2025-ի գարնանը փոփոխություններ էր կատարել հեռարձակման մասին օրենքում՝ սահմանելով հեռարձակողների գործունեության չափանիշներ ինչպես եթերում, այնպես էլ նրանց սոցիալական ցանցերի հարթակներում։
Նախկին օրենսդրությամբ հեռարձակման չափանիշների խախտումների քննությունը վերապահված էր հենց հեռարձակողների ինքնակարգավորման մարմիններին։ Սակայն 2025-ի փոփոխություններից հետո այդ լիազորությունները տրվեցին նաև պետական մարմնին՝ Հաղորդակցությունների հանձնաժողովին։
2026-ի հունվարին հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Գոգա Գուլորդավան, որը մինչ այդ հանձնաժողովի անդամ էր։












