Գլխավոր Լրահոս

Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան

Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հուլիսի 20-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հայտնում են Գլխավոր Դատախազությունից։

Քրեական վարույթով պարզվել է, որ Կամո Արեյանը, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 2 հողամասերի (յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և, Հողային օրենսգրքի համաձայն, ենթակա չեն եղել օտարման:

Կամո Արենանը, տեղյակ լինելով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում՝ երկու հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են հասարակական կազմակերպություններին՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա կանաչ տարածքները դուրս են բերվել պետության հաշվեկշռից, վերացվել է դրանց նկատմամբ գործող օրենսդրական արգելքը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել հարակից տարածքների հետագա սեփականաշնորհման համար: Վերջնարդյունքում Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ և պուրակներ ստեղծելու հնարավորությունից, նախկինում հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր տարածքներ, խախտվել է քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Դատախազը Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ):

2026-ի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:

Նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026-ի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Լ.-ի և 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ի նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում