Helpcourt.am-ը փակելու առաջարկը հակաիրավական է, պնդում են փաստաբանները

Սիրանուշ Ադամյան
Փաստաբաններն ու մասնագիտական համայնքը խոսքի ազատության և մասնավոր նախաձեռնության սահմանափակման փորձ են համարում դատավորների վարկանիշավորման helpcourt.am հարթակի գործունեությունը դադարեցնելու առաջարկը, որն անցյալ շաբաթ արդարադատության նախարարությանը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ հարթակի գործունեությունը «լուրջ ինստիտուցիոնալ մտահոգություններ» է առաջացնում՝ կապված դատավորների անկախության, արդարադատության հեղինակության և արտաքին ազդեցությունների ռիսկերի հետ։
Իրավաբան Արա Ղազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նախաձեռնությունն անվանեց աննախադեպ՝ նշելով, որ չի պատկերացնում, թե ինչ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեն մասնավոր հարթակի գործունեության հետ։ Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև, թե ինչու է դիմումն ուղղվել արդարադատության նախարարությանը, քանի որ նախարարությունը որևէ լիազորություն չունի մասնավոր կայքերի գործունեությունը դադարեցնելու հարցում. «Դա նույնն է, ինչ արդարադատության նախարարությանը խնդրեն փակել որևէ մասնավոր կայք։ Նախարարությունն այստեղ որևէ գործառույթ չունի և չի կարող ունենալ»։
Ղազարյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը նաև առնչվում է խոսքի և արտահայտվելու ազատությանը։
«Եթե նույնիսկ որևէ մեկը համարում է, որ նման հարթակը կարող է խնդիրներ առաջացնել, դա դեռ հիմք չէ այն փակելու համար։ Դա մասնավոր նախաձեռնություն է։ Եթե այնտեղ հանցագործություն չի կատարվում, բռնության կոչեր չկան, պարզապես դատավորների գործունեության վերաբերյալ կարծիքներ են արտահայտվում, պետական մարմինը չի կարող առաջարկել փակել այդ կայքը»,- ասաց իրավաբանը։
Թուրքիայում, նրա խոսքով, ևս փորձել են արգելափակել կայքեր, սակայն Եվրոպայի խորհրդի մարմինները միանգամից հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ դա ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարում է։
«Helpcourt-ը դատարանների անկախությանն է նպաստում»
Helpcourt.am նախագծի հեղինակ, փաստաբան Լևոն Սահակյանը ևս հարցականի տակ է դնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնության իրավական հիմքերը՝ նշելով, որ այդ մարմինը նման լիազորություն չունի։
ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում նա նշեց, որ հարթակը ստեղծվել է դատական համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով, իսկ գնահատականները տալիս են փաստաբանները՝ իրենց մասնագիտական փորձի հիման վրա։
Սահակյանի համոզմամբ՝ helpcourt.am-ը ոչ թե վտանգում, այլ նպաստում է դատավորների անկախությանը։
«Մենք հանրայնացնում ենք փաստաբանների տեսանկյունից ակնհայտ անհիմն կամ արդարացված դատական ակտերի վերաբերյալ մասնագիտական գնահատականները։ Դա հակակշիռ է պետական լծակներին, ոչ թե ճնշման միջոց»,- ասաց նա։
Հարթակում դատավորներին գնահատում են միայն փաստաբանները, ինչը Հահակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում։ Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական և վարչական գործերում փաստաբանները ներկայացնում են դատավարության երկու հակադիր կողմերին, իսկ քրեական գործերում գնահատական կարող են տալ ինչպես պաշտպանները, այնպես էլ տուժողների ներկայացուցիչները։ Հետևաբար, ըստ նրա, ճիշտ չէ պնդել, թե գնահատականները ներկայացնում է միայն մեկ կողմը։
Բացի այդ, փաստաբանները գործում են անկախ, մինչդեռ քննիչներն ու դատախազները ենթակա են ծառայողական ենթակայության, և նրանց գնահատականների վրա, ըստ Սահակյանի, կարող են ազդել ղեկավարության ցուցումները։
Սահակյանի խոսքով՝ helpcourt.am-ը երբեք չի ներկայացվել որպես դատավորների գնահատման կատարյալ համակարգ, սակայն «ավելի արդյունավետ այլընտրանք մինչ այժմ չի առաջարկվել»։
Նա նշում է, որ ՀԿԿ-ի նախաձեռնության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ հարթակը անհարմար է պետական այն մարմինների համար, որոնք դատարաններում հանդես են գալիս որպես փաստաբանների դատավարական հակառակորդներ։
Ի՞նչ է helpcourt.am-ը
Helpcourt.am-ը ստեղծվել է տասը տարի առաջ՝ որպես դատական համակարգի նկատմամբ հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նախաձեռնություն։ Հարթակում Հայաստանի փաստաբանների պալատի անդամները կարող են գնահատել դատավորների աշխատանքը՝ դրական կամ բացասական արձագանք թողնելով կոնկրետ դատավորի կամ դատական ակտի վերաբերյալ։

Այստեղ կարող ենք տեսնել 338 դատավորի վարկանիշ, իմանալ, թե որինն է բարձր, որինը՝ ցածր: Oրինակ, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարկանիշը ցածր է՝ մեկ։ Նա Սրբազանին դատապարտել էր 2,5 տարվա ազատազրկման։
Մասիս Մելքոնյանի վարկանիշը մինուս երկու է. նա է կալանքի որոշում կայացրել մյուս բարձրաստիճան հոգևորականների, ինչպես նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հարցով։


Թեմա
Հասանելի է
english









