Գլխավոր Լրահոս

Հին անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային․ ՆԳ նախարար

Հին անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային․ ՆԳ նախարար

Արշալույս Մղդեսյան

Հայաստանն այս տարվա աշնանից կսկսի անցում կատարել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն` ICAO-ի, չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի համակարգին, ինչը նախատեսված է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով։

Այդ մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` որպես գլխավոր բանակցող ներկայացնելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները։

Կենսաչափական անձնագրերի ներդրումը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային պահանջներից է։ Այն նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի կողմից տրվող ճանապարհորդական փաստաթղթերը լինեն առավել պաշտպանված կեղծումներից և ամբողջությամբ համապատասխանեն ICAO-ի սահմանած միջազգային ստանդարտներին։

Գործընթացը կիրականացվի փուլային եղանակով՝ բացառելով հին նմուշի անձնագրերի վաղաժամ չեղարկումը:

«Կենսաչափական համակարգի աշխատանքը կմեկնարկի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվեն 14 գրասենյակներ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ քաղաքացիները կստանան ոչ միայն կենսաչափական անձնագրեր, այլև կօգտվեն ժամանակակից սպասարկման մշակույթից։

Նախարարի խոսքով՝ համակարգի գործարկումից հետո պետության կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերը կլինեն բացառապես կենսաչափական, իսկ հին նմուշի փաստաթղթերի արտադրությունը կդադարեցվի։

Այնուամենայնիվ, վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները պարտադրված չեն լինի անմիջապես փոխարինել իրենց փաստաթղթերը։ Նոր անձնագրի ձեռքբերումը պարտադիր կդառնա միայն այն դեպքում, երբ հին փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվի, այն վնասվի, կորի կամ սպառվեն վիզայի համար նախատեսված էջերը։ Միաժամանակ, ցանկության դեպքում քաղաքացիներն իրավունք կունենան դիմել նոր նմուշի անձնագրի համար ցանկացած պահի։

«Ինչպես տեսնում եք, ICAO-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից փուլային եղանակով են դուրս գալու։ Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծումներ»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Թեև հին անձնագրերի շրջանառությունից ամբողջական դուրսբերման վերջնաժամկետ այս պահին սահմանված չէ, նախարարն ընդգծել է, որ միջազգայնորեն ընդունված ստանդարտի համաձայն՝ ի վերջո Հայաստանում շրջանառության մեջ կմնան միայն միջազգային չափանիշներին համապատասխանող անձնագրերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում