Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը վերանայում է միջուկային ռազմավարությունը՝ տարածաշրջանային սպառնալիքների ֆոնին

Հնդկաստանը վերանայում է միջուկային ռազմավարությունը՝ տարածաշրջանային սպառնալիքների ֆոնին

Հնդկաստանի միջուկային քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ հիմնված էր զգուշավորության, նվազագույն անհրաժեշտ զինանոցի և առաջինը միջուկային զենք չկիրառելու սկզբունքի վրա, աստիճանաբար փոխվում է։ Այս փոփոխությունը տեղի է ունենում Չինաստանի միջուկային կարողությունների արագ ընդլայնման, Պակիստանի հետ շարունակվող հակամարտության և տարածաշրջանում արձագանքման ժամանակը կրճատող նոր ռազմական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող մարշալ Անիլ Չոպրան հարվաֆրիկյան Sunday Tribune-ում հրապարակված հոդվածում վերլուծում է, թե ինչպես է Նյու Դելին փորձում իր ավանդական միջուկային դոկտրինը հարմարեցնել փոփոխվող անվտանգության միջավայրին։ Հոդվածը խմբագրված տարբերակն է ավելի վաղ RT-ում հրապարակված նյութի։ 

Միջուկային մարտագլխիկներ՝ մարտական պատրաստության վիճակում  

Հեղինակը հղում է անում Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի 2026 թվականի զեկույցին, որի համաձայն՝ Հնդկաստանն առաջին անգամ մոտ 12 միջուկային մարտագլխիկ է տեղակայել օպերատիվ օգտագործման համար։

Սա էական փոփոխություն է Հնդկաստանի նախկին գործելակերպի համեմատ։ Նախկինում միջուկային մարտագլխիկները և դրանք տեղափոխող հրթիռները կամ այլ համակարգերը սովորաբար պահվում էին իրարից առանձին՝ պատահական կամ չարտոնված կիրառման հավանականությունը նվազեցնելու նպատակով։

Նոր տեղակայված մարտագլխիկները, ըստ հոդվածում ներկայացված գնահատականների, կարող են գտնվել միջուկային սուզանավերում և, հնարավոր է, ստորգետնյա հրթիռային հորաններում։ Այդպիսի տեղակայումը զգալիորեն կրճատում է միջուկային հարձակմանն արձագանքելու համար անհրաժեշտ ժամանակը։

SIPRI-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի միջուկային զինանոցի ընդհանուր ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 180-ից մինչև 190 մարտագլխիկ։ Հեղինակի կարծիքով՝ դրանց մի մասի օպերատիվ տեղակայումը վկայում է, որ Հնդկաստանի ծովային միջուկային զսպման կարողություններն արդեն հասունացման նոր փուլ են մտնում։ 

Չնայած պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ Հնդկաստանը պաշտոնապես չի հրաժարվել առաջինը միջուկային զենք չկիրառելու՝ No First Use սկզբունքից։ Պաշտոնական տրամաբանությամբ՝ երկրի զինանոցը նախատեսված է ոչ թե միջուկային մրցավազքի, այլ հնարավոր հարձակումը կանխելու համար։

Երկու միջուկային հարևանների միջև

Հնդկաստանի անվտանգության միջավայրը բացառիկ բարդ է, քանի որ երկիրը սահմանակից է միջուկային զենք ունեցող երկու պետությունների՝ Չինաստանին և Պակիստանին։

Նյու Դելին երկուսի հետ էլ ունի տարածքային վեճեր և պատերազմների պատմություն։ Այդ պատճառով Հնդկաստանի միջուկային ռազմավարությունը հնարավոր չէ դիտարկել միայն երկրի ներքին պաշտպանական կարիքների համատեքստում։ Այն ձևավորվում է առաջին հերթին Չինաստանի և Պակիստանի ռազմական հնարավորությունների հետ համեմատության մեջ։  

SIPRI-ի գնահատմամբ՝ Չինաստանն ունի ավելի քան 620 միջուկային մարտագլխիկ և աշխարհի երրորդ խոշորագույն միջուկային զինանոցը։

Չինաստանը երկար տարիներ իր քաղաքականությունը ներկայացնում էր որպես «նվազագույն զսպում»։ Սակայն վերջին շրջանում Պեկինը արագորեն ընդլայնում և արդիականացնում է իր զինանոցը՝ կառուցելով լիարժեք միջուկային եռյակ։ Դա նշանակում է, որ Չինաստանը փորձում է միջուկային զենք կիրառելու հնարավորություն ունենալ ցամաքից, օդից և ծովից։

Չինաստանը միջուկային առաջին փորձարկումն իրականացրել է 1964-ին և դրանից ի վեր պաշտոնապես պահպանել է առաջինը չկիրառելու սկզբունքը։ Միաժամանակ նրա ներկայիս արդիականացման հիմնական նպատակը վստահելի պատասխան հարվածի կարողության ապահովումն է։

Այլ կերպ ասած՝ Պեկինը ցանկանում է երաշխավորել, որ նույնիսկ Չինաստանի միջուկային օբյեկտների դեմ առաջին լայնածավալ հարձակումից հետո երկրի զինված ուժերը կպահպանեն հակառակորդին պատասխան հարված հասցնելու հնարավորություն։

Այդ նպատակով Չինաստանը զարգացնում է ոչ միայն մարտագլխիկներն ու հրթիռները, այլև միջուկային ենթակառուցվածքը, այդ թվում՝ պլուտոնիումի արտադրության և առաջադեմ պայթուցիկ փորձարկումների հնարավորությունները։  

Պակիստանը չի պարտավորվել առաջինը չկիրառել միջուկային զենք

Պակիստանի զինանոցը, ըստ SIPRI-ի գնահատման, կազմում է մոտ 170 միջուկային մարտագլխիկ։ Դրանով երկիրն աշխարհում վեցերորդ խոշորագույն միջուկային տերությունն է։

Պակիստանի միջուկային ծրագիրը մեկնարկել է 1972-ին և ի սկզբանե պայմանավորված էր Հնդկաստանի հետ տարածաշրջանային մրցակցությամբ և անվտանգության խնդիրներով։

Հնդկաստանի նման Պակիստանը ևս Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ չէ։ Սակայն երկու երկրների դոկտրինների միջև սկզբունքային տարբերություն կա։ Իսլամաբադը չի ստանձնել առաջինը միջուկային զենք չկիրառելու պարտավորություն։

Պակիստանի ռազմավարությունը հայտնի է որպես «ամբողջ սպեկտրով զսպում»։ Այն նախատեսված է ոչ միայն միջուկային սպառնալիքը, այլև Հնդկաստանի հնարավոր լայնածավալ սովորական ռազմական հարձակումը կանխելու համար։

Պակիստանը նույնպես կառուցել է միջուկային եռյակ՝ ցամաքային, օդային և ծովային համակարգերով։ Նրա միջուկային մարտագլխիկները պահվում են տարբեր վայրերում, ինչը դժվարացնում է ամբողջ զինանոցի միաժամանակ ոչնչացումը։  

Ի՞նչ է Հնդկաստանի միջուկային եռյակը

Հնդկաստանի միջուկային եռյակը բաղկացած է ցամաքային հրթիռներից, միջուկային զենք տեղափոխելու ունակ ինքնաթիռներից և բալիստիկ հրթիռներով զինված միջուկային սուզանավերից։

Այն լիարժեք գործունակ է համարվում 2018-ից և Հնդկաստանի «վստահելի նվազագույն զսպման» դոկտրինի հիմնական հենասյունն է։

Հնդկաստանի միջուկային ուժերի ցամաքային հիմքը կազմում են տեղական արտադրության «Ագնի» շարքի բալիստիկ հրթիռները։

«Ագնի-5»-ը ավելի քան 5,000 կիլոմետր հեռահարությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է։ Հեղինակի բնորոշմամբ՝ այն կարող է խոցել Ասիայի խորքում և նույնիսկ Եվրոպայի որոշ հատվածներում գտնվող թիրախներ։

«Ագնի-P» և «Ագնի-4» հրթիռներն ունեն միջին և միջանկյալ հեռահարություն և նախատեսված են Հնդկաստանի անմիջական տարածաշրջանում հնարավոր թիրախները ծածկելու համար։

Օդային ուժերը Հնդկաստանին տալիս են ավելի ճկուն արձագանքման հնարավորություն։ Միջուկային զենք կարող են տեղափոխել բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչները՝ օգտագործելով ազատ անկման միջուկային ռումբեր կամ հեռահար արձակման հրթիռներ։

Օդային հարթակները թույլ են տալիս նաև ընտրել հարձակման տարբեր ուղիներ և կիրառվող զենքի տարբեր հզորություններ։

Միջուկային եռյակի առավել պաշտպանված և գաղտնի բաղադրիչը ծովայինն է։ Այն հիմնված է հնդկական արտադրության «Արիհանտ» դասի բալիստիկ հրթիռներով զինված միջուկային սուզանավերի վրա։

Այդ սուզանավերը կարող են երկար ժամանակ մնալ ծովում և պահպանել պատասխան հարվածի կարողությունը նույնիսկ այն դեպքում, երբ Հնդկաստանի ցամաքային հրթիռային դիրքերն ու ավիաբազաները ոչնչացվեն։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը, իսկ նախկինում՝ Խորհրդային Միությունը, առանցքային դեր են ունեցել Հնդկաստանի սուզանավային կարողությունների զարգացման հարցում։ Մոսկվան տեխնոլոգիաներ, ուսուցում և երկարաժամկետ վարձակալությամբ սուզանավեր է տրամադրել՝ նպաստելով Հնդկաստանի սեփական ստորջրյա միջուկային զսպման համակարգի ստեղծմանը։  

Հնդկաստանի միջուկային դոկտրինի հիմքերը

Հնդկաստանի միջուկային դոկտրինը պաշտոնապես ձևակերպվել է 2003-ին։ Այն հիմնված է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջինը միջուկային զենք չկիրառելու պարտավորության և վստահելի նվազագույն զսպման քաղաքականության։

Դոկտրինն ընդգծում է նաև միջուկային զինանոցի նկատմամբ քաղաքացիական քաղաքական իշխանության վերահսկողությունը, հարձակման դեպքում զանգվածային պատասխան հարվածի հնարավորությունը և գլոբալ միջուկային զինաթափմանը Հնդկաստանի պաշտոնական աջակցությունը։

Հնդկաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կկիրառի միայն ի պատասխան իր տարածքի կամ աշխարհի ցանկացած վայրում տեղակայված հնդկական ուժերի դեմ միջուկային հարձակման։

Միաժամանակ, եթե զսպումը ձախողվի և Հնդկաստանը միջուկային հարված ստանա, նախատեսվող պատասխանը պետք է լինի զանգվածային և հարձակվող պետությանը պատճառի անընդունելի վնաս։

Հնդկաստանը նաև պարտավորվել է միջուկային զենք չկիրառել և դրա կիրառմամբ չսպառնալ միջուկային զենք չունեցող պետություններին։ Սակայն այս կանոնն ունի բացառություն․ Նյու Դելին իրեն իրավունք է վերապահում միջուկային պատասխան տալ, եթե Հնդկաստանը կամ նրա զինված ուժերը ենթարկվեն քիմիական կամ կենսաբանական զենքով խոշոր հարձակման։  

Հնդկաստանը միաժամանակ պահպանում է միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների արտահանման խիստ վերահսկողություն և հայտարարում, որ հավատարիմ է չտարածման սկզբունքներին։

Միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողությունը

Հնդկաստանի միջուկային ուժերի ամենօրյա կառավարումն իրականացնում է Ռազմավարական ուժերի հրամանատարությունը։ Այն միավորում է ցամաքային, օդային և ծովային ուժերը և պատասխանատու է մարտավարական ու ռազմավարական միջուկային զինանոցի կառավարման, պատրաստվածության և հնարավոր գործողությունների իրականացման համար։

Հրամանատարությունը գործում է Միջուկային հրամանատարության մարմնի ենթակայությամբ, որն ունի վերջնական գործառնական վերահսկողություն։

Միջուկային զենք կիրառելու իրավասությունը բացառապես քաղաքացիական քաղաքական ղեկավարության ձեռքում է։ Համակարգում գործում է երկու հիմնական խորհուրդ։

Քաղաքական խորհուրդը ղեկավարում է վարչապետը։ Գործադիր խորհուրդը նախագահում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Որոշումների ընդունման համակարգում գործում են անվտանգության մի քանի մակարդակներ, այդ թվում՝ յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ թույլտվության կոդեր։ Այն ստեղծվել է միջուկային զենքի չարտոնված կիրառումը կանխելու և արտակարգ իրավիճակում կառավարվող արձագանք ապահովելու համար։

Սակայն նախկին համակարգը, որտեղ մարտագլխիկները և տեղափոխման միջոցները պահվում էին առանձին, ավելի քիչ հարմար էր արագ արձագանք պահանջող ճգնաժամերի համար։ Հեղինակի գնահատմամբ՝ հենց սա է մարտագլխիկներն ու դրանց տեղափոխման միջոցները նախապես միավորելու անհրաժեշտության առաջացման պատճառներից մեկը։  

Հնդկաստանը պե՞տք է արդյոք վերանայի առաջինը չկիրառելու սկզբունքը

Հնդկաստանի առաջինը չկիրառելու քաղաքականությունն ունի նաև գործնական բարդություն։ Եթե երկիրը պարտավորվում է սպասել հակառակորդի առաջին միջուկային հարվածին, պետք է երաշխավորի, որ այդ հարվածը չի ոչնչացնի իր ամբողջ զինանոցը։

Հնդկաստանի զինանոցը համեմատաբար սահմանափակ է՝ հատկապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի հազարավոր, ինչպես նաև Չինաստանի հարյուրավոր մարտագլխիկների համեմատ։

Հետևաբար, ըստ որոշ փորձագետների, Հնդկաստանը պետք է կամ էապես բարձրացնի իր միջուկային ուժերի պաշտպանվածությունը, կամ քննարկի առաջինը չկիրառելու սկզբունքի վերանայման հնարավորությունը։

Հեղինակը հիշեցնում է, որ Չինաստանը նույնպես պաշտոնապես պահպանում է առաջինը չկիրառելու քաղաքականությունը, սակայն միաժամանակ արագ մեծացնում և արդիականացնում է իր զինանոցը։ Սա ցույց է տալիս, որ միջուկային զսպման արդյունավետությունը կախված է ոչ միայն հրապարակված դոկտրինից, այլև զինանոցի չափից, պաշտպանվածությունից և տեխնոլոգիական կարողություններից։

Այս տրամաբանությամբ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հնդկաստանին ապագայում կարող է անհրաժեշտ լինել շուրջ 500 միջուկային մարտագլխիկ ունեցող զինանոց։ Հոդվածը, սակայն, սա ներկայացնում է որպես որոշ փորձագետների տեսակետ, ոչ թե Հնդկաստանի կառավարության պաշտոնական նպատակ։  

Հաջորդ փուլը՝ ավելի մեծ պատրաստվածություն և պաշտպանվածություն

Հնդկաստանի միջուկային ծրագրի հաջորդ փուլը, հեղինակի գնահատմամբ, կենտրոնանալու է երեք ուղղության վրա՝ միջուկային զենք տեղափոխող համակարգերի արդիականացում, մարտագլխիկների թվի ավելացում և կառավարման ու կապի համակարգերի կենսունակության բարձրացում։

Ծովային բաղադրիչը գնալով վերածվում է Հնդկաստանի պատասխան հարվածի հիմնական երաշխիքի։ Երկիրը շահագործման է հանձնում երկարացված «Արիհանտ» դասի նոր սուզանավեր և մշակում է շատ ավելի խոշոր S-5 դասի միջուկային սուզանավեր։

Հնդկաստանը նաև փորձարկում է բազմակի անհատական ուղղորդմամբ մարտագլխիկների՝ MIRV տեխնոլոգիան։ Այն թույլ է տալիս մեկ հրթիռով տեղափոխել մի քանի մարտագլխիկ, որոնք կարող են ուղղվել տարբեր թիրախների։

Այս տեխնոլոգիան մեծացնում է հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու հնարավորությունը, քանի որ հակառակորդը պետք է միաժամանակ որսա մեկ հրթիռից անջատվող մի քանի մարտագլխիկ։

Առաջինը չկիրառելու քաղաքականությունը պահպանելու համար Հնդկաստանը փորձում է ունենալ կրկնօրինակված և պաշտպանված կապի համակարգեր, ինչպես նաև խաղաղ ժամանակ մշտական պարեկություն իրականացնող միջուկային սուզանավեր։

Հեղինակի եզրակացությունն այն է, որ Հնդկաստանը պաշտոնապես չի փոխել իր միջուկային դոկտրինը, սակայն գործնական մակարդակում աստիճանաբար անցնում է ավելի բարձր պատրաստվածության և ավելի արագ արձագանքման համակարգի։

Այս փոփոխությունը տեղի է ունենում ոչ թե մեկ կտրուկ որոշմամբ, այլ դանդաղ և հետևողական քայլերով՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սուզանավային ուժերի ընդլայնմամբ և Չինաստանի արագ աճող զինանոցի նկատմամբ մտահոգությունների խորացմամբ։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում