Գլխավոր Լրահոս

Թուրքիա՞, թե՞ Սիրիա․ տարածվող լուսանկարների իրական պատմությունը

Էկրանապատկերը՝ Հովսեփ Արուղության անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից

Էկրանապատկերը՝ Հովսեփ Արուղության անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից

Ֆեյսբուքում հուլիսի 21-ից տարածվում են լուսանկարներ՝ պնդմամբ, թե դրանք արվել են Թուրքիայում գտնվող «Քրդական բանվորական կուսակցության (PKK) գրասենյակում»։ Լուսանկարներում պատերին երևում են Անդրանիկ Օզանյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի և Հրանտ Դինքի դիմանկարները։

Լուսանկարներին կից գրառման մեջ ասվում է. «Մեր հերոսներին հարգում են անգամ Թուրքիայում ապրող քրդերը»։

Գրառումը լայն տարածում է ստացել՝ հավաքելով ավելի քան 1000 հավանում և շուրջ 350 տարածում։ Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, թե Հայաստանում հերոսների հիշատակը «ջնջվում է», իսկ դպրոցներից «Փառքի անկյուններն են վերացվում»։ 

Լուսանկարները տարածող մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Թուրքիայում քրդերը կարողանում են բարձր պահել Ավոյի և մեր մյուս հերոսների պատիվը, իսկ Հայաստանում որոշ «հայեր» դա հակապետական քայլ են համարում»։

#CivilNetCheck-ի կատարած որոնումները ցույց տվեցին, որ լուսանկարները նոր չեն և որևէ կապ չունեն Թուրքիայում գտնվող PKK-ի գրասենյակի հետ։

Լուսանկարների իրական աղբյուրն ու ծագումը 

Բաց աղբյուրներում լուսանկարները հասանելի են առնվազն 2019-ի ապրիլից։

Դրանք տարածել էր քրդական Fırat News Agency (ANF)-ն՝ հղում անելով քրդական Mezopotamya Agency (MA) լրատվական գործակալությանը։

ANF-ի հրապարակման համաձայն՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի պաշտպանական ուժերում ծառայող հայերը ձևավորում էին առանձին հայկական ստորաբաժանում։ Այն անվանակոչվել էր Նուբար Օզանյանի՝ Օրհան Բաքըրջյանի անունով։ Օզանյանը Թուրքիայի կոմունիստական կուսակցության/Մարքսիստ-լենինիստների՝ TKP/ML-ի զինված թևի՝ TİKKO-ի հրամանատարներից էր և զոհվել էր «Իսլամական պետության» դեմ մարտերում։

 Ստորաբաժանման ստեղծման մասին նախատեսվում էր հայտարարել 2019-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը։

Որտե՞ղ և երբ են արվել լուսանկարները

Լուսանկարները արվել են Սիրիայի հյուսիսում՝ Ռոժավայում, և ոչ թե Թուրքիայում։ Դրանցում «Նահատակ Նուբար Օզանյան» գումարտակի հանդիպումներից մեկն է։ Գումարտակի տարածած հայտարարության համաձայն՝ այն ստեղծվել էր Ռոժավայում բնակվող հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու և տարածաշրջանը «Իսլամական պետության» ու թուրքական պետության հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Կառույցը նախատեսում էր զբաղվել նաև հայերի մշակութային և սոցիալական կազմակերպմամբ, այդ թվում՝ հայերենի ուսուցմամբ։

Նույն լուսանկարներին 2019-ի ապրիլին անդրադարձել էր նաև Թուրքիայի ազգայնական քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սինան Օղանը։ Նա X-ի իր էջում գրել էր, որ լուսանկարներում պատկերվածը ոչ թե Հայաստանն է, այլ Սիրիայի սահմանային հատվածում գործող հայկական ստորաբաժանումը։ 

2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո նույն լուսանկարները կրկին շրջանառվել են ադրբեջանական քարոզչության շրջանակում՝ պնդմամբ, թե «Նահատակ Նուբար Օզանյան» գումարտակի անդամները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի պատերազմին, սակայն այդ պնդումը որևէ հավաստի ապացույցով չի հիմնավորվել։

Այսպիսով, ֆեյսբուքյան գրառումներում տարածված պնդումը, թե լուսանկարներն արվել են Թուրքիայում գտնվող PKK-ի գրասենյակում, սխալ է։ Լուսանկարները 2019-ի են և առնչվում են Սիրիայի հյուսիսում ձևավորված «Նահատակ Նուբար Օզանյան» հայկական գումարտակին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում