«Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ»․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին այցելել է գործարան։
Նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին և աշխատանքների ընթացքին։ Գործարանն ունի շուրջ 1000 աշխատակից, իսկ տարեկան դրվածքային հզորությունը կազմում է 1 մլն 200 հազար տոննա։
Պապոյանի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։
***
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026-ի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
«Արարատցեմենտ»-ը պատկանում էր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։












