Գլխավոր Լրահոս

Օրական մինչև 300,000 դրամի խոստում․ ինչ է թաքնված կասկածելի «աշխատանքի» առաջարկի հետևում

Օրական մինչև 300,000 դրամի խոստում․ ինչ է թաքնված կասկածելի «աշխատանքի» առաջարկի հետևում

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնք խոստանում են հեշտությամբ գումար վաստակել՝ տնից մի քանի պարզ գործողություն կատարելու դիմաց։ 

«Ձեր վճարումը պատրաստ է 50,000 դրամ։ Սեղմե՛ք հղումը այսօրվա աշխատավարձը ստանալու համար»,- նշված է գրառման մեջ։

Էկրանպատկերը՝ գրառումը տարածած ֆեյսբուքյան էջից
Էկրանպատկերը՝ գրառումը տարածած ֆեյսբուքյան էջից

Նման առաջարկները, սակայն, հաճախ պարզապես խայծ են։ Դրանց իրական նպատակը օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները կորզելն է։ Որոշ դեպքերում մարդկանց նաև համոզում են գումար ներդնել կասկածելի հարթակներում՝ արագ եկամտի խոստումով։

Ինչ է խոստանում հարթակը, և ինչու չի կարելի դրան վստահել

Գրառմանը կցված հղումը տանում է www.m1ccx[.]top կայք։ Այստեղ նշվում է, թե հնարավոր է օրական վաստակել 50 000-300 000 դրամ։ Դրա համար, ըստ կայքի, անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ առաջադրանք՝ պատասխանել հաճախորդների հարցումներին, ստուգել պատվերի տվյալները, աջակցել գործարքներին և այլն։ 

Կայքում հրապարակված են նաև հարթակի միջոցով իբր գումար վաստակած օգտատերերի մեկնաբանություններ, ինչպես նաև «աշխատակիցների» լուսանկարներ ու կարծիքներ։ Սակայն լուսանկարները վերցված են համացանցից, իսկ որոշ դեպքերում տղամարդու անունով ներկայացված օգտատիրոջ լուսանկարում կին է պատկերված։

Էկրանապատկերը՝ www.m1ccx[.]top կայքից
Էկրանապատկերը՝ www.m1ccx[.]top կայքից

Հաջորդ փուլում օգտատիրոջից պահանջվում է կապ հաստատել WhatsApp-ի միջոցով։ Այնտեղ նրան մի քանի պարզ հարց են ուղղում, սակայն անկախ պատասխաններից՝ ուղարկում են am[.]cp-vip.food/register հղումը, ինչը կարող է վկայել, որ գործընթացը ավտոմատացված է։ Հղումով անցնելուց հետո օգտատիրոջից պահանջվում է գրանցվել կայքում։

Էկրանապատկերը՝ «աշխատակցի» հետ զրույցից
Էկրանապատկերը՝ «աշխատակցի» հետ զրույցից

Նման սխեմաների մասին #CivilNetCheck-ը բազմիցս գրել է։ Դրանք սովորաբար սկսվում են սոցցանցերում տարածվող՝ հեշտ եկամուտ խոստացող գովազդներից։ Այնուհետև օգտատերերին տեղափոխում են WhatsApp կամ Telegram, իսկ ավելի ուշ պարզվում է, որ «աշխատանքը սկսելու» կամ գումար վաստակելու համար անհրաժեշտ է նախապես գումար փոխանցել։

Որոշ դեպքերում նման հղումները կարող են տանել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձում են ստանալ օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։

Հետևաբար նման հարթակներում գրանցվելը, տվյալներ տրամադրելը կամ գումար փոխանցելը ռիսկային է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում