Գլխավոր Լրահոս

Ճշգրիտ պատերազմներ վարելու մենաշնորհն այլևս միայն գերտերություններինը չէ․ անդրադարձ Foreign Affairs-ում

Ճշգրիտ պատերազմներ վարելու մենաշնորհն այլևս միայն գերտերություններինը չէ․ անդրադարձ Foreign Affairs-ում

Իրանի դեմ պատերազմն ու Հորմուզի նեղուցի ճգնաժամը ազդարարում են հետսառըպատերազմյան դարաշրջանի հիմքերի ավարտը։ Նոր դարաշարջանում մեծ պետությունների ռազմական գերակայությունն այլևս չի երաշխավորում նրանց հաղթանակը պատերազմում, իսկ ավելի փոքր պետությունները կարող են դիմադրել՝ իրենցից ուժեղ հակառակորդների համար պատերազմի գինը բարձրացնելու ու հաղորդակցային ուղիները խափանելու միջոցով։ Թեմային անդրադարձ է արել քաղաքական գիտությունների պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի անվտանգության ու սպառնալիքների ծրագրի ղեկավար Ռոբերտ Փեյփը Foreign Affairs Magazine-ում։ Նա նոր իրականության պատճառները պայմանավորել է գլոբալացման գործընթացներով, որոնց պայմաններում բարձր ճշգրտությամբ պատերազմ վարելու համար անհրաժեշտ համակարգերն այլևս միայն գերտերությունների բացառիկ առավելությունը չեն. դրանք հասանելի են դարձել ավելի շատ դերակատարների, որոնք այժմ ի վիճակի են դիմակայելու նույնիսկ իրենցից շատ ավելի հզոր պետություններին։ Հոդվածի կարևոր շեշտադրումները՝ թարգմանաբար ստորև։

ԱՄՆ-ի գերակայության փոփոխությունը

1991 թվականի հունվարին Ծոցի [Պարսից] պատերազմն ու Իրաքի բանակի արագ ջախջախումը աշխարհին ցույց տվեցին ամերիկյան ռազմական բարձր ճշգրտության և գերիշխանության ուժը։ Այս հաղթանակը հիմք դրեց մի նոր շրջանի, որտեղ Վաշինգտոնը չուներ որևէ խոշոր մրցակից, իսկ գլոբալացումը, ազատ առևտուրն ու անխափան մատակարարման շղթաները դարձան համաշխարհային տնտեսության հիմքը։ Աշխարհը համոզվեց, որ Միացյալ Նահանգներն հեշտորեն կարող է հասնել ռազմական արդյունքների, ունի անգերազանցելի գերակայություն։

Պարադոքսալ կերպով՝ հետսառըպատերազմյան աշխարհակարգի հաջողությունը դարձավ այդ կարգի աստիճանական փլուզման պատճառը։

Տասնամյակների ընթացքում գլոբալացումն ու տնտեսական փոխակերպումները նախկինում միայն գերտերություններին հասանելի սակավ ռազմական ակտիվները (ճշգրիտ սենսորներ, նավիգացիոն չիպեր, կապի համակարգեր և հաշվողական հզորություններ) վերածեցին զանգվածային առևտրային ապրանքների։ Սկիզբ դրվեց ճշգրիտ պատերազմի երկրորդ հեղափոխությանը, որտեղ բարդ ու թանկարժեք զինատեսակներին փոխարինելու եկան էժան, առևտրային էլեկտրոնիկայից հավաքված անօդաչու սարքերն ու շարժական համակարգերը։

Այս նոր իրողությունը լուրջ մարտահրավեր նետեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։ Չնայած Միացյալ Նահանգները պահպանում է անգերազանցելի իր ուժը, նա այլևս չունի արդյունավետ «էսկալացիոն գերակայություն»։ Ավելի թույլ դերակատարներն այժմ կարող են չնչին ծախսերով ստեղծել այնպիսի սպառնալիքներ, որոնց չեզոքացման համար գերտերությունը ստիպված է ծախսել անհամեմատ մեծ միջոցներ։

Իրանի օրինակն ու Պարսից ծոցի ճգնաժամը

Իրանի դեմ պատերազմը բացահայտեց ամերիկյան կողմի սահմանափակումները։ Իրանի նպատակը երբեք չի եղել ուղղակիորեն հաղթել ամերիկյան ուժերին ավանդական մարտերում, այլ՝ համոզել էներգետիկ ռեսուրսներ վաճառառող դերակատարներին, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող երաշխավորել նրանց բացարձակ անվտանգությունը:

Ժամանակակից տնտեսություններին հարկավոր է ոչ միայն նավթ, այլև կանխատեսելի և ժամանակին առաքում: Եթե շուկաներն ու արտաքին դերակատարները տեսնեն, որ որևէ որոշում չի կարող Պարսից ծոցում կայացվել առանց Իրանի շահերը հաշվի առնելու, ապա Իրանի ռազմական լծակը կվերածվի քաղաքական ազդեցության։

Օգտագործելով շարժական թիմեր, էժան անօդաչու սարքեր, թևավոր հրթիռներ՝ Իրանը կարողացավ անորոշություն սերմանել Հորմուզի նեղուցում: Ամերիկյան և իսրայելական ուժերը հարվածեցին հազարավոր իրանական թիրախների, սակայն Իրանը կարողանում է ցրել, թաքցնել և վերակառուցել իր շարժական արձակման սարքերն ավելի արագ, քան դրանք ոչնչացվում են:

Արդյունքում, նույնիսկ եթե ջրային ուղին բաց է, ապահովագրավճարները կտրուկ աճում են, իսկ նավագնացային ընկերությունները ստիպված են լինում վերաուղղորդել նավերի շարժը՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։

Իրան-ԱՄՆ պատերազմի դասերը Թայվանի համար

Հորմուզի նեղուցում փորձարկված այս մոդելը [Իրանի կողմից] կարող է կրկնվել նույնիսկ ավելի մեծ մասշտաբով Արևելյան Ասիայում: Համաշխարհային ծովային առևտրի մոտ մեկ հինգերորդն անցնում է Թայվանի նեղուցով, իսկ Չինաստանի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը կախված է առևտրից, որի մեծ մասն իրականացվում է ծովով:

Թայվանը կարող է հանդես գալ որպես հսկայական, «չսուզվող արձակման հարթակ»: Օգտագործելով հազարավոր էժան անօդաչուներ (մինչև 750 մղոն հեռահարությամբ), շարժական հրթիռներ և սենսորներ՝ Թայվանը կարող է մշտական սպառնալիքի տակ պահել Չինաստանի խոշորագույն նավահանգիստների առևտրային մատույցները: Այդ հեռանկարը բավարար է միջազգային փոխադրողներին ստիպելու հրաժարվել սահմանաված երթուղիներից, որոնք կհարվածեն Պեկինի տնտեսությանն ու գլոբալ մատակարարման շղթաներին։

Նոր իրականության սկիզբը

Ապագա հակամարտությունները և աշխարհաքաղաքական լարվածությունը կարող են տարածվել աշխարհի գլխավոր տնտեսական նշանակության անցումներում՝ (chokepoints)՝ Թայվանի նեղուցում, Հարավչինական ծովում, Մալակկայի նեղուցում, Կարմիր ծովում:

Այս վերափոխման հետևանքով միջազգային առևտրի ծախսերը կարող են աճել՝ հանգեցնելով ապահովագրավճարների գների բարձրացման, նավագնացության թանկացման ու շղթայական այլ խոչընդոտների։ Արդյունքում՝ ձևավորվում են համաշխարհային համակարգի վերաբերյալ նոր պատկերացումներ և այն կարգավորող նոր կանոններ։

Ամերիկյան ռազմական գերազանցությունն այլևս չի երաշխավորում քաղաքական արդյունքներ, որոնց կարելի էր հասնել համեմատաբար քիչ ծախսերով։ Ճշգրիտ զինատեսակները, աշխարհագրությունն ու ցրված ցանցերը թույլ են տալիս ավելի թույլ դերակատարներին բարձրացնել ծախսերն ավելի արագ, քան ուժեղ տերությունները կարող են ճնշել դրանք։

Թույլ դերակատարների հիմնական նպատակն այլևս դասական հաղթանակը չէ մարտադաշտում, այլ խափանման միջոցով սեփական լծակների ստեղծումը։

Սա բնավ չի նշանակում, թե այսօր ցանկացած ավելի թույլ պետություն կարող է հեշտությամբ ձախողել ԱՄՆ-ի ծրագրերը, այլ միայն այն, որ ժամանակակից տեխնոլոգիաների տարածմամբ շատ ավելի շատ երկրներ ձեռք կբերեն այդ կարողությունը: Աշխարհագրությունը, ռազմավարական նպատակներն ու էժանագին ճշգրիտ համակարգերի հասանելիությունը կկերտեն այս նոր աշխարհաքաղաքական միջավայրի դիմագիծը։

Հորմուզի նեղուցում տեղի ունեցածը, թերևս, միայն սկիզբն էր։ Եթե միևնույն ասիմետրիկ մեխանիզմները տարածվեն նաև Թայվանի շուրջ, միջազգային քաղաքականության հաջորդ դարաշրջանը բնութագրվելու է ոչ թե գլոբալիզացիայի անխափան ընդլայնմամբ, այլ այն պաշտպանելու համար վճարվող հսկայական ու անխուսափելի ծախսերով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում