Գլխավոր Լրահոս

ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյից Հայաստանը միայն 500 մլն է ստացե՞լ

ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյից Հայաստանը միայն 500 մլն է ստացե՞լ

Քաղաքական մեկնաբան, «Առավոտ» օրաթերթի սյունակագիր Հակոբ Բադալյանը հուլիսի 3-ին հրապարակված իր հոդվածում պնդել է, թե 2021-ին Եվրոպական միության հայտարարած 2,7 մլրդ ֆինանսական աջակցության փաթեթից Հայաստանը մինչ օրս ստացել է ընդամենը շուրջ 500 մլն եվրո:

«Օրինակ, տիկին ֆոն դեր Լայենը տեղյա՞կ է, թե ինչ եղավ այն 2,7 մլրդ եվրոն, որը Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին հայտարարում էր հանրահայտ Շարլ Միշելը՝ այսօր հեռավոր թվացող 2021-ի ամռանը [...]: Առ այսօր Հայաստան է հասել մոտ 500 մլնը, ինչը իհարկե քիչ չէ, բարձրաձայնված ճոխ կարկանդակի հազիվ 20 տոկոսն է»,- նշել է քաղաքագետը՝ պնդելով, թե 20%-ը ստացել է Ադրբեջանի պահանջների նույն չափով կատարման դիմաց, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու։

#CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ԵՄ-ի խոստացած գումարից որքանն է արդեն հասանելի դարձել Հայաստանին, և ինչ փուլում են ծրագրերը։

Ինչ էր հայտարարել «հանրահայտ Շարլ Միշելը՝ հեռավոր 2021-ի ամռանը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը 2021-ի հուլիսի 17-ին Երևանում հանդիպումից հետո հայտարարել էին ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար 2,6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին։ 

«Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը»,- հայտարարել էր Շառլ Միշելը։

Ընդգծվել էր, որ տրամադրվող միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության խթանում, կանաչ օրակարգ, գիտության ու տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև ջրային և կրթական ենթակառուցվածքներ։

Պայմանագրերի ծավալը գերազանցում է 1.9 մլրդ եվրոն 

Ծրագրի մեկնարկից 5 տարի անց պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ դրա շրջանակում հաստատված և մեկնարկած ծրագրերի ծավալը զգալիորեն գերազանցում է Հակոբ Բադալյանի նշած 500 մլն եվրոն։ 

Ի պատասխան #CivilNetCheck-ի հարցման՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ 2026-ի դրությամբ ստորագրված, հաստատված կամ մեկնարկող ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,9 մլրդ եվրո։ 

Դրանից շուրջ 900 մլն եվրոն վերաբերում է պետական հատվածի ծրագրերին։ Այդ թվում՝ 804.7 մլն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 56 մլն եվրոն՝ ուղղակի դրամաշնորհներ։ Ավելի քան 1 մլրդ եվրոյի վարկային համաձայնագրեր էլ կնքվել են եվրոպական կառույցների և Հայաստանի առևտրային բանկերի միջև։

Կառավարությունը չի ամփոփում մասնավոր ներդրումների համար տրամադրված երաշխիքների ընդհանուր ծավալը, քանի որ, ըստ պատասխանի, եվրոպական կառույցները դրանք տրամադրում են անմիջապես մասնավոր ընկերություններին։

Ո՞ր ծրագրերն են ավարտվել կամ ընթացքի մեջ

Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում արդեն ավարտվել է Երևանի ավտոբուսների ծրագիրը՝ 25 մլն եվրո ընդհանուր արժեքով, որից 5 մլն եվրոն դրամաշնորհ էր։

Նշվում է, որ ավարտվել է նաև 70 մլն եվրոյի «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» ծրագիրը, որի միջոցով ֆինանսավորվել են փոքր և միջին ձեռնարկությունները, կանանց ձեռներեցությունը, կանաչ և տեխնոլոգիական ներդրումները։

Միաժամանակ շարունակվում են մի շարք խոշոր ծրագրեր։ Դրանց թվում են՝

  • Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ֆինանսավորման համար 2024-ին  Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը,

  • նույն ծրագրի համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքված ևս 236 մլն եվրոյի համաձայնագիրը,

  • «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» ծրագրի երկրորդ փուլը՝ 100 մլն եվրոյի համաձայնագիր,

  • Սյունիքի և Երևանի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների ֆինանսավորման ծրագրերը,

  • Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիրը,

  • «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակային ֆինանսավորումը,

  • կրթության, հեռահաղորդակցության և բիզնեսի ֆինանսավորման մի շարք ծրագրեր։

Կառավարությունից հավաստիացնում են, որ գումարների մոբիլիզացման հարցում չկան խոչընդոտներ և ակնկալվում է մինչև 2027-ը ներգրավվել ամբողջ 2,6 մլրդ եվրոն։ 

ԵՄ-ն՝ ծրագրերի ընթացքի մասին 

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից #CivilNetCheck-ին հայտնել են, որ 2,6 մլրդ եվրոյի փաթեթը նախատեսվում էր ամբողջությամբ պայմանագրավորել մինչև 2027-ը։ Սակայն ծրագրերի իրականացումն ու վճարումները շարունակվելու են նաև դրանից հետո՝ մինչև 2029-2030 թվականները։

«Ֆինանսավորումը տրամադրվում է փուլերով՝ ծրագրերի նախագծման, մրցույթների անցկացման և շինարարական աշխատանքների առաջընթացին համապատասխան։ Մենք գոհ ենք իրականացման տեմպերից և վստահ ենք, որ կհասնենք նախատեսված 2.6 մլրդ եվրոյի թիրախին»,- նշել են ԵՄ պատվիրակությունից։ 

ԵՄ գրասենյակից մանրամասնում են, որ 2021-2024-ին հաստատված ներդրումների զգալի մաս ուղղվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի, Մեղրիի սահմանային անցակետի և «Հարավային Կովկասի էլեկտրահաղորդման ցանցի» (Հայաստան-Վրաստան էլեկտրական ցանցերի արդիականացում) ուղղություններով։

Միայն 2024-ին Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով հայկական առևտրային բանկերը տեղական բիզնեսին տրամադրել են 230 մլն եվրոյի վարկեր, իսկ 2025-ին՝ ավելի քան 200 մլն եվրոյի։

Նշվում է, որ հաստատված ծրագրերից բացի, 2025-2027 թթ. ֆինանսավորումն արդեն ընթանում է նոր՝ «Դիմակայունություն և աճ» նախաձեռնության ներքո, որի ծավալը ընդհանուր 270 մլն եվրո է։ Դրանից 90 մլն եվրոն արդեն ուղղվել է բյուջետային աջակցությանը, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության և վիզաների ազատականացման գործընթացին։

«Հաշվի առնելով Միջին միջանցքի ապագա նախագծերը՝ ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանում իրականացվող ընդհանուր ներդրումների ծավալը վերջնարդյունքում նույնիսկ կգերազանցի նախանշված 2,6 մլրդ եվրոյի սահմանագիծը»,- նշում են ԵՄ գրասենյակից։

Այսպիսով, 2.6 մլրդ եվրոն միանգամից փոխանցվող գումար չէր, այլ մինչև 2027-ը ծրագրերով ներգրավվելիք ֆինանսավորում։ 2026-ի դրությամբ արդեն հաստատված կամ մեկնարկած ծրագրերի ծավալը գերազանցում է 1,9 մլրդ եվրոն, ուստի «ընդամենը 500 մլն եվրո ստանալու» պնդումը մոլորեցնող է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում