Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը՝ ռուսական հում նավթի վերամշակման համար։ Պատժամիջոցները կգործեն վեց ամիս անց։ Գործարանը շահագործող Black Sea Petroleum ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ դադարեցնելու է ռուսական նավթի վերամշակումը։
Այս որոշումը ԵՄ-ի կողմից ճնշման զգալի ուժեղացում է այն ընկերությունների և օբյեկտների նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի ռազմական տնտեսությանը արևմտյան սահմանափակումները շրջանցելու հարցում աջակցելու համար։
Նոր պատժամիջոցների համաձայն՝ ԵՄ-ն արգելում է գործարքներ իրականացնել վրացական նավթավերամշակման գործարանի հետ։
Արգելքն ուժի մեջ կմտնի վեց ամիս անց՝ գործարանին և դրա մայր ընկերությանը ժամանակ տալով ավարտելու ռուսական նավթի հետ կապված գործունեությունը մինչև պատժամիջոցների կիրառումը։
Փաթեթով գործարքների արգելք է սահմանվել նաև Վրաստանում գրանցված կրիպտոարժույթների ոլորտում ծառայություններ մատուցող 14 հարթակի նկատմամբ։
Եվրամիության տարածած հաղորդագրությունում այդ հարթակների մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։
ԵՄ խորհրդի տվյալներով՝ պատժամիջոցների այս փաթեթը նավթային ոլորտում թիրախավորում է 18 իրավաբանական անձի և մեկ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Ռուսաստանում գործող երեք նավթավերամշակման գործարան, Բելառուսի խոշոր նավթավերամշակման գործարան և Ռուսաստանում բելառուսական նավթամթերքի վաճառքի համար ստեղծված ընկերություն։
Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ԵՄ-ն ստեղծել է իրավական նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս արգելել գործարքները ցանկացած պատժամիջոցների տակ գտնվող նավթավերամշակման գործարանի հետ՝ անկախ նրանից այն գտնվում է Ռուսաստանում, թե երրորդ երկրում, եթե այնտեղ վերամշակվում են ռուսական հում նավթ կամ նավթամթերք։
Կուլևիի գործարանը դարձել է առաջին օբյեկտը, որի նկատմամբ կիրառվել է այս նոր դրույթը։
Black Sea Petroleum-ը հուլիսի սկզբին հայտարարել էր, որ օգոստոսից կամ սեպտեմբերից կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։
Այս հայտարարությանը նախորդել էին ամիսներ տևած քննադատությունները․ ընկերությանը մեղադրում էին Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում աջակցելու համար։
Գործարանը և հարևանությամբ գտնվող Կուլևիի նավթային տերմինալը, որը պատկանում է Ադրբեջանի պետական SOCAR նավթագազային ընկերությանը, 2026-ի սկզբին գրեթե ընդգրկվել էին ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթում, սակայն այդ ժամանակ կարողացել էին խուսափել դրանից։
ԵՄ խորհուրդը նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական հարձակումների պատասխանն է և նպատակ ունի ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ նրան իրական բանակցությունների մղելու համար։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ և Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ հանրությունը մի քանի օրից ավելի շատ մանրամասներ կիմանա, երբ հրապարակվեն պատժամիջոցներին կից պաշտոնական փաստաթղթերը։
«Կուլևիի նավահանգիստը խուսափել է պատժամիջոցներից, բայց Կուլևիի նավթավերամշակման գործարանը հայտնվել է դրանց տակ։ Մենք բազմիցս զգուշացրել էինք, որ դա տեղի է ունենալու։ Ով ամրապնդում է Ռուսաստանի ռազմական մեքենան, օգնում է շրջանցել պատժամիջոցները և ցանկանում է շահույթ ստանալ ուկրաինական արյան գնով, անպատիժ չի մնա»,- OC Media-ին ասել է նա։
Կոռուպցիայի հարցերով հետազոտող և Հանրային գնումների մոնիթորինգի կենտրոնի հիմնադիր Բեսիկ Դոնաձեն OC Media-ին ասել է, որ Կուլևիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը աննախադեպ մարտահրավեր է Վրաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության համար։
«Ծրագրի մասշտաբներն ու պետության ներգրավվածությունը լուրջ հարցեր են առաջացնում»,- նշել է Դոնաձեն՝ հավելելով, որ գործարանի առաջին փուլի ֆինանսավորման համար տրամադրվել էր 45 միլիոն դոլարի սինդիկացված վարկ, որը տրամադրել էին ինչպես մասնավոր բանկերը, այնպես էլ պետությունը։
Դոնաձեի կարծիքով՝ սա հարված է Վրաստանի հեղինակությանը՝ որպես ռազմավարական գործընկեր, և միաժամանակ ուժեղացնում է կասկածները, որ երկիրն օգտագործվում է որպես պատժամիջոցները շրջանցելու հարթակ։
«Երկրում ներկայիս համակարգի պայմաններում նման մասշտաբի ռազմավարական էներգետիկ նախագիծը, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով և տեղական բանկերի աջակցությամբ, ֆիզիկապես չէր կարող իրականացվել առանց [իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր] Բիձինա Իվանիշվիլիի անմիջական համաձայնության և «կանաչ լույսի»»,- հավելել է նա։
Մեկնաբանություն ստանալու համար OC Media-ն դիմել է Black Sea Petroleum-ին։
Մայիսին Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հայտնել էր, որ նավթամթերքի արտահանումը կտրուկ՝ 922 տոկոսով աճել է՝ պայմանավորված Վրաստանի առաջին լիարժեք նավթավերամշակման գործարանի՝ Black Sea Petroleum-ի աշխատանքի մեկնարկով։
Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանն արտահանել է 324 միլիոն դոլարի նավթամթերք։
Այդ ժամանակ Գոցիրիձեն OC Media-ին ասել էր, որ վիճակագրությունը ցույց է տալիս՝ Վրաստանի արտահանման աճը պայմանավորված է ռուսական նավթամթերքի արտահանմամբ։
«Ցանկում կա Տոգոն՝ աֆրիկյան մի երկիր, որը կիսավերամշակված դիզելային վառելիքի կարիք չունի։ Սա նշանակում է, որ ռուսական նավթամթերքն արտահանվում է՝ շրջանցելով պատժամիջոցները»,- ասել էր նա։












