Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք իշխանությանը թույլ են տալիս մարդկանց առանց նրանց համաձայնության ուղարկել հոգեբուժական փորձաքննության։ Կա կարծիք, որ այս փոփոխությունները կարող են օգտագործվել իշխանությունների քննադատներին հարկադիր բուժման ենթարկելու և լռեցնելու համար։
Փոփոխությունները կատարվել են «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում, որը Ալիևը հաստատել էր հուլիսի 23-ին։
Օրենքի համաձայն՝ դատախազությունը կարող է հոգեբուժական փորձաքննության ուղարկել վարչական վարույթի ենթարկված անձանց, եթե հոգեբուժական օգնության տրամադրման ուշացումը վտանգ է ներկայացնում տվյալ անձի կամ այլ մարդկանց կյանքի կամ առողջության համար։
Իրավապաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ գործող օրենքն արդեն իսկ նախատեսում է հարկադիր հոսպիտալացման մեխանիզմ։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ անձը կարող է հոգեբուժական հաստատություն տեղափոխվել «միայն կոնկրետ հիմքերի առկայության դեպքում՝ հոգեբույժի եզրակացության և դատարանի որոշման հիման վրա»։
«Օրենքը սահմանում է, որ նույնիսկ եթե հոգեկան ծանր խանգարում կամ հիվանդություն ունեցող անձը հանցագործություն չի կատարել, նա, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, դատարանի որոշմամբ կարող է իր կամքին հակառակ տեղափոխվել հոգեբուժական հաստատություն՝ հետազոտման և բուժման նպատակով»,- ասել է Իմանովը։
Նա նշել է, որ օրենքը հաշվի է առնում այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի կողմից սեփական կամ այլոց կյանքի և առողջության համար անմիջական վտանգ ներկայացնելը, «հոգեկան խանգարման հետևանքով ինքնուրույն կյանքի հիմնական կարիքները բավարարելու անկարողությունը», ինչպես նաև այն վտանգը, որ բժշկական օգնություն չտրամադրելը կարող է առողջությանը անդառնալի վնաս հասցնել։
Սակայն, նրա կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ «վտանգ» հասկացությունը և հոգեկան խանգարումը սահմանող չափանիշները օրենքում հստակ ձևակերպված չեն։
«Օրենսդրությունը դրա համար կոնկրետ չափանիշներ կամ ցուցանիշներ չի սահմանում։ Այն պարզապես նշում է, որ հոգեկան խանգարում ունեցող անձը պետք է անմիջական վտանգ ներկայացնի իր կամ ուրիշների համար։ Սա չափազանց անորոշ ձևակերպում է։ Նման անորոշությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Ադրբեջանի իշխանությունների չարաշահումների համար»,- ընդգծել է Իմանովը։
Նրա կարծիքով՝ այս անորոշությունը «հատկապես վտանգավոր է քաղաքական ակտիվիստների և իշխանություններին քննադատողների համար»։
Իմանովը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ նման անորոշ ձևակերպումները մեծացնում են չարաշահումների և հատկապես իշխանություններին քննադատող քաղաքական ակտիվիստների հարկադիր հոսպիտալացման վտանգը։
«Նման դեպքեր նախկինում արդեն եղել են, և որևէ երաշխիք չկա, որ դրանք չեն կրկնվի»,- ասել է նա։
Որպես օրինակ Իմանովը հիշատակել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Ագիլ Հումբաթովի գործը։
Հումբաթովը 2020-ի ապրիլին հարկադրաբար տեղափոխվել էր Հանրապետական հոգեբուժական հիվանդանոց, երբ քննադատել էր կառավարության քաղաքականությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում։
«Հաղորդվում էր, որ նրա նկատմամբ, առանց իր և հարազատների համաձայնության, կիրառվել են անհայտ ծագման դեղամիջոցներ։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ծայրահեղ անհանդուրժողականությունը քաղաքական ազատությունների նկատմամբ՝ դժվար թե զարմանալի լինի, որ նրանք դիմում են քաղաքական քննադատներին և ընդդիմախոսներին հոգեբուժական հաստատություններում հարկադրաբար տեղավորելու մարտավարությանը»,- նշում է Իմանովը։












