Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը հեռախոսով քննարկել են Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքն իր շուկա, պատճառը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերություններն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։
Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից նախօրեին հայտնել են, որ Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։











