Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում։
ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում։
Հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։











