Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Իրանում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։
Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։











