Բնակարան գնելու պայմանագրերը կարող են կնքվել էլեկտրոնային՝ առանց նոտարի

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանում առաջնային շուկայից բնակարան գնելու և հիփոթեքի եռակողմ պայմանագրերն այսուհետ կարող են կնքել էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
«Մենք նախորդ շաբաթ կառավարության նիստին ներկայացրեցինք, զեկուցեցինք արդեն իսկ կառավարության որոշման նախագիծը, որով լրացում էր կատարվում մի կառավարության որոշման մեջ, որտեղ արդեն իսկ կան սահմանված որոշակի պայմանագրերի տիպային ձևեր, որոնք կնքելիս քաղաքացիները նոտարական վավերացման պահանջ չունեն, այսինքն կարող են կնքել ուղղակի երկկողմանի կամ եռակողմ, առանց նոտարական վավերացման, և այս պայմանագրերի շարքում ավելացավ, լրացվեց նաև անշարժ գույք գնելու և հիփոթեկի խառը պայմանագրերի օրինակելի ձևը, ինչպես նաև կառուցապատողից, այսինքն դեռևս առաջնային շուկայից, ենթադրենք կառուցապատողը արդեն շենքը կառուցել է, ավարտել է, և հենց ինքը կառուցապատողը ցանկանում է գույքը վաճառել, և այդ դեպքում ևս սահմանեցինք մի օրինակելի պայմանագրի տիպային ձև, որը ստորագրելիս նոտարական վավերացումը այլևս պարտադիր պահանջ չի լինի»,- ասել է Ղազարյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով գործարքի կնքումը պարտադրանք չէ, այլ քաղաքացիներին ընձեռված լրացուցիչ իրավունք ու հնարավորություն: Նոտարական վավերացմամբ կնքվող գործարքները շարունակում են պահպանել իրենց իրավական ուժը:
«Եթե քաղաքացիները և գործարքի մյուս կողմերը, այսինքն դրանք են բանկ, վարկային կազմակերպություն, որը վարկավորում է տրամադրում և կառուցապատող օտարող որպես մյուս կողմից, եթե կցանկանան առանց նոտարական վավերացման գործարք կնքել, հնարավորություն կունենան մուտք գործելու էլեկտրոնային համակարգ, այնտեղ ստորագրելու պայմանագիրը և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դիմումը կադաստրի կոմիտեում»,- նշել է նա։
Էլեկտրոնային գործարք կնքելու համար քաղաքացիներից պահանջվում է էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում:










