Վրացի MMA մարտիկը ստեղծել է «արժեքների և ավանդույթների պաշտպանության» շարժում

Գիորգի Կարվելիշվիլին
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի իշխանամետ MMA մարտիկ Գիորգի Կարվելիշվիլին հայտարարել է «արժեքների և ավանդույթների պաշտպանության» շարժում ստեղծելու մասին։ Թեև նա բացահայտ չի ասել, որ շարժումը պատրաստվում է այդ արժեքները պաշտպանել բռնությամբ, նշել է, որ դրա անդամները պատրաստ են «նույնիսկ բանտ գնալ»։
Կարվելիշվիլին շարժման ստեղծման մասին հայտարարել է հուլիսի 27-ին՝ պնդելով, որ վրացական ինքնությունը, ինչպես նաև երկրի ավանդույթները, արժեքները, կրոնն ու մշակութային ժառանգությունը դարձել են «համակարգված» հարձակումների թիրախ։
Նրա խոսքով՝ այդ հարձակումների հետևում կանգնած են «կեղծ լիբերալ գաղափարախոսության հետևորդները, արտասահմանից ֆինանսավորվող խմբերը, քաղաքական գործիչները և այսպես կոչված ակտիվիստները», ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ և «դրանց հետ կապված անձինք»։
Իր պնդումները հիմնավորելու համար MMA մարտիկը մատնանշել է «վերջին օրերի իրադարձությունները»՝ ակնհայտորեն նկատի ունենալով հուլիսի 22-ին կատակերգու Օնիսե Օքրիաշվիլիի վրա հարձակումը՝ վրացի գրող Նոդար Դումբաձեի մասին հնչեցրած կատակից հետո։
Հարձակումից առաջ և հետո Օքրիաշվիլին թիրախավորվել էր իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից, որոնք նրան մեղադրում էին «ազգային արժեքները» վիրավորելու մեջ։
Նրա վրա հարձակվելու մեջ մեղադրվող Նիկոլոզ Խուրցիլավան հուլիսի 25-ին գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը լայնորեն ողջունվել էր իշխանամետ շրջանակների կողմից։
«Վրացականի դեմ այս հարձակումը բնական երևույթ չէ, այլ դիտավորյալ ծրագրված և արհեստականորեն կազմակերպված գործընթաց, որը մեր տեխնոլոգիական դարաշրջանում հաճախ ստանում է անվերահսկելի բնույթ»,- IPN-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կարվելիշվիլին՝ կանգնած լինելով ևս չորս անձանց կողքին։
Վկայակոչելով, իր խոսքով, «ազգային արժեքները արժեզրկելու փորձերը»՝ Կարվելիշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր համախոհները ստեղծել են նախաձեռնող խումբ, որը շարժում է հիմնում՝ պայքարելու այն մարդկանց դեմ, որոնց նա բնութագրել է որպես «օտար շահերին ծառայող և աղավաղված գաղափարախոսության հետևորդներ»։
«Յուրաքանչյուր հայրենասեր վրացի կարող է միանալ մեզ այս գործում, և մենք միայն ուրախ կլինենք նման աջակցության համար»,- հավելել է նա։
Թեև MMA մարտիկը նշել է, որ շարժումը գործելու է «հնարավորինս կառուցողական», միաժամանակ ընդգծել է, որ «եթե անհրաժեշտ լինի պաշտպանել մեր մշակույթն ու ազգային ինքնությունը, մենք որևէ վտանգից չենք խուսափի»։
«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր յուրաքանչյուր գործողության համար և, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ բանտ գնալ»,- եզրափակել է նա։
Թեև Կարվելիշվիլիի սոցիալական ցանցերի հրապարակումների մեծ մասը վերաբերում է MMA-ին, նա պարբերաբար տարածում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների և այլ պաշտոնյաների գրառումները։
Ֆեյսբուքում նրա վերջին հրապարակումներից մեկում նա տարածել է «Վրացական երազանքի» պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեի խոսքերը, որտեղ վերջինս նշել էր, որ կցանկանար օգտագործել պատգամավորական իր լիազորությունները՝ Խուրցիլավայի ազատ արձակմանը նպաստելու համար։
Կարվելիշվիլիի հնչեցրած մեղադրանքները հաճախ են հնչում նաև իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից, որոնք իրենց ընդդիմախոսներին ներկայացնում են որպես ոչ հայրենասեր և օտար ուժերի շահերը սպասարկող մարդիկ։ Իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցները նաև կանոնավոր կերպով օգտագործում են MMA-ից վերցված բառապաշարն ու տերմինաբանությունը։
Վերջին տարիներին իշխանությունների բազմաթիվ քննադատներ դարձել են ֆիզիկական հարձակումների թիրախ։ Նման դեպքեր գրանցվել են ինչպես հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում կամ դրանց հարակից տարածքներում, այնպես էլ թիրախավորված անձանց բնակության վայրերի մոտ։
Կազմակերպություն
Տեղադրություն











