Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ հետաքննում է շաբաթավերջին երկրում տեղի ունեցած հոսանքազրկումները՝ որպես հնարավոր դիվերսիայի դեպք։ Հուլիսի 24-ի վաղ առավոտյան և հուլիսի 25-ին Թբիլիսիում և երկրի մի շարք այլ քաղաքներում գրանցված հոսանքազրկումների պատճառը դեռևս հայտնի չէ։
ՊԱԾ-ը հայտնել է, որ ուսումնասիրում է այն վարկածը, ըստ որի՝ էլեկտրամատակարարման խափանումները կարող էին դիտավորյալ դիվերսիայի հետևանք լինել՝ «Վրաստանի ազգային շահերին սպառնալիք ստեղծելու նպատակով»։
Գերատեսչությունը նաև նշել է, որ հետաքննության ընթացքի վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի լրացուցիչ։ Սակայն չի հստակեցրել, թե ով կամ ինչ կարող էր կանգնած լինել հնարավոր դիվերսիայի հետևում։
Շաբաթ օրը Թբիլիսիի մի շարք թաղամասերում կրկին մի քանի ժամով անջատվել էր էլեկտրաէներգիան։ Ավելի ուշ «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերությունը հայտարարեց, որ հոսանքազրկումը կապված էր «նախապես պլանավորված կանխարգելիչ աշխատանքների» հետ։
Դրանից մեկ օր առաջ Վրաստանում տեղի էր ունեցել հազվադեպ հանդիպող համազգային հոսանքազրկում, որն ազդել էր Թբիլիսիի և երկրի մի շարք այլ քաղաքների վրա։
Հոսանքազրկման հետևանքով խափանվել էր ջրամատակարարման համակարգի աշխատանքը, ինչպես նաև դադարել էր Թբիլիսիի մետրոյի աշխատանքը։ Հաղորդվում էր, որ մի քանի գնացքներ կանգ են առել թունելներում, ինչի հետևանքով ուղևորներին տարհանել էին։
«Բաթումելեբի» անկախ լրատվամիջոցի տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառով կանգ էր առել նաև Թբիլիսի-Բաթումի գնացքը։
Վրաստանում էլեկտրաէներգիայի անջատումները արագորեն դարձան սոցիալական ցանցերի գլխավոր քննարկման թեմաներից մեկը։ Որոշ օգտատերեր հիշել էին 1990-ականները, երբ նման հոսանքազրկումները սովորական երևույթ էին։ Զայրացած արձագանքների հետ մեկտեղ տարածվել էին նաև հումորային գրառումներ և բազմաթիվ մեմեր։
Մինչ Թբիլիսիի պաշտոնյաների հայտարարությունները, Աբխազիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ հոսանքազրկումն ընդգրկել է նաև Աբխազիան։
Գերատեսչության տվյալներով՝ պատճառը եղել է Ինգուրի (Էնգուրի) հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած «համակարգային խափանումը»։ Այդ կայանի արտադրած էլեկտրաէներգիան մատակարարվում է ինչպես Աբխազիա, այնպես էլ Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Տե՛ս նաև՝ Վրաստանի ազատականացող էներգետիկ շուկան և ռուսական ակտիվները
TV Pirveli անկախ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ինգուրի (Էնգուրի) ՀԷԿ-ի տնօրեն Լևան Մեբոնիան հայտարարել է, որ համատարած հոսանքազրկման պատճառը «Իմերեթի» 500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի անջատումն էր, որը նրա պատասխանատվության ներքո չէր։
«Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Իմերեթիի վրա։ Էնգուրին Զեստափոնիի միջոցով է միացված էներգահամակարգին։ Այդ գծով շատ մեծ ծանրաբեռնվածություն էր անցնում, և երբ այն անջատվեց, ամբողջ էներգահամակարգը փլուզվեց։ Այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում»,- ասել է նա։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ հոսանքազրկումների վերաբերյալ հետաքննությունը անհրաժեշտ է՝ բնութագրելով էներգահամակարգի հանկարծակի փլուզումը որպես «արտասովոր դեպք» և կոչ անելով հանրությանը եզրակացություններ չանել մինչև հետաքննության ավարտը։
«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մաճավարիանին ՊԱԾ-ի հետաքննությունը գնահատել է որպես «լիովին համարժեք» և «տեղին»՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պարզել, թե ով կամ որ կազմակերպությունն էր կանգնած հոսանքազրկումների հետևում։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն, մեկնաբանելով դիվերսիայի հոդվածով հարուցված հետաքննությունը, հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարման պայմաններում Վրաստանի էներգահամակարգը խոցելի է և հեշտությամբ կարող է թիրախ դառնալ։
«Դրանից խուսափելու համար մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարություն, որը կկարողանա լուծել խնդիրները, ի տարբերություն ներկայիս իշխանությունների»,- ասել է Կուպրաձեն՝ միաժամանակ զգուշացնելով, որ ՊԱԾ-ը կարող է փորձել հոսանքազրկումների պատասխանատվությունը բարդել քաղաքական ընդդիմության վրա։
Միաժամանակ Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (SEMEC) առանձին հետաքննություն է իրականացնում՝ պարզելու շաբաթվա վերջին տեղի ունեցած համատարած հոսանքազրկման ճշգրիտ պատճառները։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












