Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սենատի անդամների հետ, այս մասին Զելենսկին հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
The Hill-ը գրում է, որ ԱՄՆ բոլոր 100 սենատորները հրավիրվել են Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, որը նախատեսված է երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կապիտոլիումում։
Հանդիպումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Սենատը քննարկում է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը։
Երկկուսակցական լայն աջակցություն վայելող այդ փաստաթղթին հավանություն է տվել նաև նախագահ Դոնալդ Թրամփը՝ խնդրելով դրանում ներառել նաև Իրանի և «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցների ընդլայնումը։
Զելենսկիի այցի նպատակներից է նաև մասնակցությունը հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հոգեհանգստի արարողությանը, ով պատժամիջոցների մասին օրինագծի համահեղինակն էր և Կոնգրեսում Ուկրաինային աջակցության հիմնական նախաձեռնողներից մեկը։ Զելենսկին Գրեմի հետ վերջին անգամ հանդիպել էր Կիևում հուլիսի 10-ին:
Զելենսկին Տելեգրամում նաև հայտնել է, որ իր ժամանակացույցում նախատեսված են հանդիպումներ նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանության ամրապնդումն է և ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը։
Reouters-ի տվյալներով՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են նաև օդային տարածքում հրադադարի ռեժիմ սահմանելու առաջարկը, որը նախատեսվում է ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին՝ 2022-ին սկսված հակամարտության ավարտին ուղղված խաղաղ նախաձեռնությունների նոր փաթեթի շրջանակում։











