Գլխավոր Լրահոս

Հայաստանի բարձր աճի շրջանը ավարտվում է, անհրաժեշտ է նոր մոդել. ՀԲ

Հայաստանի բարձր աճի շրջանը ավարտվում է, անհրաժեշտ է նոր մոդել. ՀԲ

Սիրանուշ Ադամյան

Հայաստանը դեռևս շարունակում է արձանագրել տարածաշրջանի ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, սակայն վերջին տարիների բացառիկ բարձր տեմպերը չեն կարող պահպանվել առանց տնտեսության կառուցվածքային վերափոխման։ Այս եզրակացությանն է հանգում Համաշխարհային բանկը (ՀԲ) «Հայաստանի տնտեսական զարգացման ակնարկ։ Աշուն 2025» զեկույցում, որը ներկայացվել է հուլիսի 29-ին։

Զեկույցի համաձայն՝ 2022-2024 թվականներին Հայաստանի տնտեսության արագ աճը մեծապես պայմանավորված էր արտաքին, ժամանակավոր գործոններով՝ կապիտալի և մարդկանց ներհոսքով, ծառայությունների արտահանման ընդլայնմամբ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությամբ։ Այդ գործոնների ազդեցությունը աստիճանաբար թուլանում է, ինչի հետևանքով տնտեսական աճը վերադառնում է ավելի կայուն մակարդակի։ 2025-ին Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 5.6%՝ 2024-ի 5.9%-ից փոքր-ինչ ցածր։

Սակայն զեկույցի գլխավոր ուղերձը ոչ թե կարճաժամկետ կանխատեսումներն են, այլ այն, թե ինչ պետք է փոխվի, որպեսզի Հայաստանը կարողանա պահպանել բարձր աճը նաև առաջիկա տարիներին։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պետք է անցնի աճի նոր մոդելի, որի հիմքում կլինի ոչ թե արտաքին անսպասելի գործոնների ազդեցությունը, այլ արտադրողականության կայուն աճը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ տնտեսական քաղաքականությունը պետք է կենտրոնանա երեք հիմնական ուղղության վրա՝ արտադրողականության բարձրացում, արտահանման կառուցվածքի փոփոխություն և ավելի խոր ինտեգրում համաշխարհային տնտեսությանը։

Արտահանում՝ ոչ թե ավելի շատ, այլ ավելի բարդ

Զեկույցի երկրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է արտահանման զարգացմանը։ Համաշխարհային բանկը պնդում է, որ Հայաստանի խնդիրը միայն արտահանման ծավալների մեծացումը չէ։

Կարևոր է, որ երկիրը սկսի արտահանել ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ, զարգացնի տեխնոլոգիական արտադրությունը, խորացնի ներգրավվածությունը գլոբալ արժեքային շղթաներում և դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները։ Հակառակ դեպքում, բարձր եկամտի երկրների շարքին անցնելու հնարավորությունները կմնան սահմանափակ։

Զեկույցի հեղինակների կարծիքով, Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի առանցքային սահմանափակումը արտադրողականության համեմատաբար ցածր մակարդակն է։

Ընդգծվում է, որ դրա բարձրացման համար անհրաժեշտ են ներդրումներ մարդկային կապիտալում, կրթության և հմտությունների զարգացման մեջ, նորարարությունների խթանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում։

Զեկույցը նաև նշում է, որ տնտեսական վերափոխումը հնարավոր չէ առանց ավելի մրցակցային բիզնես միջավայրի։ Կարևորվում են պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մրցակցության խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը։

Չնայած մակրոտնտեսական կայունությանը՝ զեկույցը զգուշացնում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգայուն մնալ արտաքին զարգացումների նկատմամբ։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշությունը, համաշխարհային տնտեսական դանդաղումը և արտաքին պահանջարկի հնարավոր նվազումը կարող են բացասաբար ազդել տնտեսական աճի վրա։

Հենց այդ պատճառով, ըստ զեկույցի, Հայաստանի տնտեսական դիմակայունությունը պետք է կառուցվի ներքին գործոնների վրա՝ ավելի արտադրողական տնտեսության, ավելի մրցունակ արտահանողների և տեխնոլոգիական զարգացման միջոցով, այլ ոչ թե արտաքին բարենպաստ հանգամանքների հաշվին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում