Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է հեռախոսի միջոցով պարզ առաջադրանքներ կատարելով եկամուտ ստանալ։
«Տանը՝ սուրճի կամ թեյի շուրջ, հեռախոսի էկրանին մի քանի պարզ առաջադրանք կատարելը կամ տեղեկատվություն համակարգելը հիանալի հնարավորություն է՝ օրվան նոր ռիթմ հաղորդելու և ընտանեկան բյուջեն համալրելու համար»,- նշված է գրառման մեջ։
Գովազդներին կցված է լուսանկար՝ «Դուք ստացել եք 10,000 դրամ կանխիկ միջոց։ Կարող եք ստանալ հենց հիմա» գրությամբ։
Սակայն իրականում սա խայծ է. օգտատերերը խոստացված եկամուտը ստանալու փոխարեն կարող են ֆինանսական կորուստներ կրել։
Կասկածելի կայք և կեղծ մեկնաբանություններ
Գրառման տեքստը, ամենայն հավանականությամբ, գեներացվել է արհեստական բանականության միջոցով․ այն անբնական է հնչում, իսկ նախադասությունները միմյանց հետ տրամաբանորեն չեն կապվում։ ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը հայտնաբերող գործիքները ևս բարձր հավանականությամբ այն գնահատում են որպես գեներացված տեքստ։

Գրառմանը կցված լուսանկարում ևս ակնհայտ են ԱԲ-ի հետքերը․ «Հենց հիմա»-ի փոխարեն գրվել է «հենծ իվա», իսկ ստորին հատվածում խեղաթյուրված են վճարային համակարգերի ու բանկերի անուններն ու տարբերանշանները։

Գրառումը ուղղորդում է պատահական տառերի համադրությամբ ստեղծված m1ccx[.]top կայք։ Այստեղ ևս նկատվում են մի շարք անհամապատասխանություններ։ Օրինակ՝ նույն լուսանկարն օգտագործվել է տարբեր անուններով հրապարակված մեկնաբանություններում, իսկ տղամարդու անուններով որոշ օգտատերերի լուսանկարներում կանայք են պատկերված։

Ո՞ւր է տանում կայքը
«Աշխատանքը» սկսելու համար նախ օգտատիրոջից պահանջում են կապ հաստատել WhatsApp-ով։ Այնտեղ մի քանի պարզ հարց են ուղղում, սակայն անկախ պատասխաններից՝ ուղարկում են am[.]cp-vip.food/register հղումը, ինչը կարող է վկայել, որ գործընթացն ավտոմատացված է։ Հղումով անցնելուց հետո օգտատիրոջից պահանջվում է գրանցվել կայքում և ուղարկել գրանցումը հաստատող էկրանապատկերը։ Այնուհետև նրան փոխանցում են տելեգրամյան օգտատիրոջ հղում և ուղղորդում հաղորդակցությունը շարունակել այնտեղ։

Anzhelika անունով տելեգրամյան օգտատերն իր հերթին ուղարկում է մեկ այլ ալիքի հղում՝ «Alibaba-ի աշխատանքային խումբ» անվանումով։ Ալիքը թեև ստեղծվել է մայիսի 28-ին, սակայն հուլիսի 29-ի դրությամբ արդեն ունի 30 723 հետևորդ։

Այնուհետև օգտատիրոջը տեղեկացնում են, թե կարող է միջնորդավճար ստանալ՝ պարզապես ընդունելով հաճախորդների պատվերները։ Դրա համար առաջարկում են կրկին այցելել am[.]cp-vip.food/register կայք և ակտիվացնել հաշիվը։
Սակայն ակտիվացման փորձի ժամանակ հայտնվում է հաղորդագրություն, որ պատվերների հասանելիությունն արգելափակված է, և անհրաժեշտ է կապ հաստատել «աշխատակցի» հետ։ Էկրանապատկերն ուղարկելուց հետո «աշխատակիցը» պահանջում է 2 000 դրամ ներդնել՝ պնդելով, թե միայն դրանից հետո հնարավոր կլինի սկսել պատվերներ կատարել և օրական վաստակել 50 000-100 000 դրամ։

Կայքի միջոցով գումար ներդնել նույնպես չի ստացվում․ փոխանցումը մշտապես մնում է «սպասման մեջ»։ Դրանից հետո «աշխատակիցը» ուղարկում է Մարինե Հարությունյան անունով անձի բանկային քարտի համարը և պահանջում գումարը փոխանցել անմիջապես այդ հաշվին։

Այսպիսով, սկզբում առաջարկվող պարզ աշխատանքը փաստացի վերածվում է նախնական վճարման պահանջի։ Օգտատիրոջը ներգրավում են հեշտ առաջադրանքների և արագ եկամտի խոստումով, սակայն աշխատանքի անցնելու համար նրանից պահանջում գումար փոխանցել անհատի բանկային քարտին։ Որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո նա կստանա առաջադրանքներ, կկարողանա վաստակել կամ վերադարձնել վճարած գումարը։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











