Վրաստանում ցուցարարները պաստառների պատճառով դատապարտվել են վարչական կալանքի և տուգանքների

2026-ի հուլիսի 25
Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մի քանի օրով վարչական կալանքի և խոշոր տուգանքների է դատապարտել հակակառավարական այն ցուցարարներին, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիի կենտրոնում պաստառների պատճառով։
Պաստառներում ծաղրի էր ենթարկվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ հարցնելով՝ «Իվանիշվիլին ապո՞ւշ է»։
Հուլիսի 26-ին և 27-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի մոտ ընդհանուր առմամբ 11 մարդ էր ձերբակալվել։
Հուլիսի 28-ի երեկոյան և ուշ գիշերը դատարանը հրապարակել է նրանցից իննի գործերով որոշումները․ չորսը դատապարտվել են հինգից տասը օր վարչական կալանքի, ևս հինգը՝ խոշոր տուգանքների։
Իա Մելիտաուրին և Նատո Բոլքվաձեն դատապարտվել են հինգական օր վարչական կալանքի, իսկ Շակո Բաղդոշվիլին և Լաշա Դգեբուաձեն՝ 10-ական օրով։
Թոռնիկե Տոշխուային տուգանել են 3 000 լարիով (մոտ 1100 դոլար), Մարինե Նանավային, Սանդրո Սեխնիաշվիլիին և Վասո Բերիձեին՝ 5000-ական լարիով (մոտ 1900 դոլար), իսկ Մարիամ Մեկանծիշվիլիին՝ 6000 լարիով (մոտ 2300 դոլար)։
Ձերբակալվածներին, որոնց մեծ մասը, թեև ոչ բոլորը, ձերբակալության պահին պաստառներ էին պահում, մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու հոդվածներով։
Տե՛ս նաև՝ Վրաստանում Իվանիշվիլիին վիրավորող պաստառների պատճառով ձերբակալվել են ցուցարարներ
«Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) հաղորդմամբ՝ ձերբակալվածների աջակիցներից մի մասը չի կարողացել ներկա գտնվել դատական նիստերին, քանի որ դահլիճը չի կարողացել տեղավորել բոլոր ցանկացողներին։
Դատարանի կարգադրիչները ուժով դուրս են բերել ներկաներից մի քանիսին, այդ թվում՝ ակտիվիստ Ռուսկա Մչեդլիձեին, որի՝ մի քանի կարգադրիչների ուղեկցությամբ դահլիճից դուրս բերվելու տեսանյութը տարածվել է համացանցում։
Ավելի ուշ Մչեդլիձեն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ձեռքի վրա առաջացած խոշոր կապտուկները։ Նրա խոսքով՝ դրանք կարգադրիչների գործողությունների հետևանք են։
Միևնույն ժամանակ փաստաբան Մարիկա Արևաձեն, որը ակտիվորեն ներգրավված է հակակառավարական շարժման մեջ և հաճախ պաշտպանում է ակտիվիստների շահերը, հայտարարել է, որ կարգադրիչներից մեկը հարձակվել է իր վրա։
Գիշերը՝ մոտ ժամը 01:30-ին, նա գրել է, որ ոստիկանություն է կանչել, սակայն իրավապահները դեպքի վայր չեն ժամանել։
«Այս բռնությունն անպատասխան չի մնա»,- գրել է նա։
Թբիլիսիի քաղաքային դատարանի կարգադրիչները բազմիցս մեղադրվել են հակակառավարական ցուցարարների գործերով դատական նիստերի ընթացքում ագրեսիվ և բռնի վարքագիծ դրսևորելու համար։
Թեև Վրաստանի ոստիկանությունը վաղուց է մարդկանց ձերբակալում բողոքի ակցիաների պաստառների պատճառով, ենթադրյալ վիրավորական արտահայտությունների համար պատիժները, հատկապես սոցիալական ցանցերում հրապարակումների դեպքում, ավելի հաճախակի դարձան 2025-ից հետո, երբ իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցներն ընդունեցին պետական և քաղաքական պաշտոնյաներին վիրավորելն արգելող օրենք։
Այս գործելակերպն էլ ավելի ընդլայնվեց 2026-ի հունիսից, երբ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվեց նոր ստորաբաժանում, որի հայտարարված նպատակը «ատելության խոսքի» դեմ պայքարն է, սակայն քննադատների կարծիքով այն կոչված է ուժեղացնելու գրաքննությունը։
Միայն անցած շաբաթվա ընթացքում դատարանը 14 օր վարչական կալանքի դատապարտեց ընդդիմադիր հայացքներով հայտնի Formula TV-ի լրագրող Վախո Սանայային, իսկ դրանից հետո հակակառավարական ակտիվիստ Գիորգի Ախոբաձեին՝ 25 օրով։
Երկուսն էլ պատժվել էին հրապարակային խոսքում օգտագործված ձևակերպումների պատճառով։
Կազմակերպություն
Տեղադրություն











