Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ինգուշեթիայում սկսվել է «Զապորոժիեի հերոսները» («Герои Запорожья») գեղարվեստական ֆիլմի արտադրությունը։ Այն նվիրված է Ռուսաստանի ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) մասնակցությանը Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին։
Նախագծի մասին հուլիսի 27-ին հայտնել է պետական NTRK Magas հեռուստառադիոընկերությունը։
Հեռարձակողի տվյալներով՝ ֆիլմի կենտրոնում կլինեն Ռոսգվարդիայի ծառայողները, որոնք մասնակցել են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի գրավմանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին օրերին։
Ըստ հրապարակման՝ գործողությանը մասնակցել են նաև Ինգուշեթիայի ՕՄՕՆ-ի և ՍՈԲՌ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները։
Այն ժամանակ ինգուշական լրատվամիջոցները գրում էին, որ ատոմային էլեկտրակայանը գրավելուց անմիջապես հետո զինվորականների վրա հարձակվել է, նրանց բնորոշմամբ, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը, որը հարևան շենքից ինտենսիվ կրակ է բացել։
«Դիվերսանտներն անմիջապես ճնշվեցին պատասխան կրակով։ Նահանջելիս ուկրաինական դիվերսիոն խումբը հրդեհեց շենքը»,- գրել էր պետական «Սերդալո» թերթը։
Թերթի տվյալներով՝ հրդեհը մարելուց հետո ինգուշ զինծառայողները հանձնարարություն են ստացել պահպանել օբյեկտը և վերահսկել դրա էներգաբլոկների վիճակը։
Նախագծի հեղինակ Մագոմեդ Բարխանոևի խոսքով՝ ֆիլմը նախատեսված է երիտասարդների «ռազմահայրենասիրական դաստիարակության» համար։
Նրա խոսքով՝ այն պետք է ներկայացնի «հերոսական արարքներն ու հայրենիքը պաշտպանելու ձգտումը»։ Ֆիլմի ստեղծողները նաև նշում են՝ հիմնական թիրախային լսարանը երիտասարդներն են։
Թողարկումից հետո կազմակերպիչները նախատեսում են անցկացնել հայրենասիրական կինոփառատոն, իսկ ցուցադրությունները կազմակերպել դպրոցներում և այլ կրթական հաստատություններում։
Նկարահանումները նախատեսվում են անցկացնել ինչպես Ինգուշեթիայում, այնպես էլ Ուկրաինայի Զապորոժիեի մարզի՝ Ռուսաստանի օկուպացրած հատվածում։
Սցենարի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի վերջ, նկարահանումները սկսել նոյեմբերին, իսկ ամբողջ նախագիծն ավարտել մինչև 2027-ի փետրվարը։
Նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանի նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամը։
Նախաձեռնությունը մեկնարկել է «Հաղթանակի կամավորներ» շարժման Ինգուշեթիայի մասնաճյուղը։ Նախագծին մասնակցում է նաև հանրապետության երիտասարդության հարցերի կոմիտեն։
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2022-ի մարտի սկզբին և մինչ օրս մնում է վերահսկողության ներքո։
Ուկրաինան և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բազմիցս զգուշացրել են, որ կայանի շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ստեղծում միջուկային անվտանգության համար։
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, թե իր զինված ուժերը վտանգի տակ են դնում ատոմակայանի անվտանգությունը։
2022-ից ի վեր Ռուսաստանում նկարահանվել է ավելի քան տասը գեղարվեստական ֆիլմ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մասին, որոնցից շատերը՝ պետական ֆինանսավորմամբ։












