Վրաստանը միացել է Ուկրաինային աջակցող ՄԱԿ-ի հայտարարությանը, իսկ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Ղրիմի հարթակի գագաթնաժողովում

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ընդունված հայտարարությունը ստորագրած 50-ից ավել երկրների։ Հայտարարությունը աջակցում է Ուկրաինային և կոչ է անում Ռուսաստանին համաձայնել լիակատար հրադադարի ու սկսել բանակցություններ։ Միաժամանակ արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ելույթ է ունեցել Ղրիմի հարթակի վեցերորդ գագաթնաժողովում՝ ընդգծելով Ուկրաինայի հետ համերաշխությունը։
Հայտարարությունն ընդունվել է սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ այն ընթերցել են ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը և Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան։
«Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ, որը շարունակում է դիմակայել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին»,- ասվում է հայտարարությունում։
Ստորագրողները մտահոգություն են հայտնել խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի հարձակումների սրման, ինչպես նաև Սև ծովում իրականացվող հարձակումների ու, իրենց ձևակերպմամբ, Մոսկվայի՝ «ուկրաինական հացահատիկի արտահանումը խեղդելու» փորձերի կապակցությամբ՝ նշելով, որ դա վտանգում է համաշխարհային պարենային անվտանգությունը։
«2025-ի մարտից Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի։ Ռուսաստանին կոչ ենք անում վերջապես նույնն անել՝ որպես իրական դիվանագիտության և խաղաղության տանող բանակցությունների համար անհրաժեշտ քայլ»,- ասվում է հայտարարությունում։
Փաստաթուղթն ընդհանուր առմամբ ունեցել է 53 ստորագրող, այդ թվում՝ Վրաստանը, ԵՄ-ն և դրա անդամ պետությունները, եվրոպական այլ երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մարոկկոն, Իսրայելը, Հարավային Կորեան, Կոստա Ռիկան և Ուկրաինան։
Նույն օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ելույթ է ունեցել Ղրիմի հարթակի վեցերորդ գագաթնաժողովում։ Այն Կիևի նախաձեռնած դիվանագիտական հարթակ է, որի նպատակն է համակարգել միջազգային ջանքերը՝ վերջ դնելու Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային և հետագա բռնակցմանը, ինչպես նաև վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի համար «Ուկրաինայի հարցը պարզապես միջազգային օրակարգի կետ չէ»։ Նրա խոսքով՝ Վրաստանը «չափազանց լավ գիտի», թե ինչ է նշանակում, երբ «խախտվում են պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև՝ «որքան կործանարար կարող են լինել օկուպացիայի հետևանքները»։
«Հենց այս փորձի պատճառով Վրաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս համերաշխությանը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին և այն սկզբունքներին հավատարիմ մնալուն, որոնց վրա պետք է կառուցվի խաղաղ և անվտանգ միջազգային կարգը»,- ասել է նա։
«Վրաստանը ամուր կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին և վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայինորեն ճանաչված սահմաններում»,- հավելել է Բոճորիշվիլին։
Ժամանակին սերտ դաշնակիցներ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա դաշնակիցների հետ հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հռետորաբանության պատճառով։
«Վրացական երազանքը» բազմիցս պնդել է, որ Ուկրաինային պատերազմի մեջ են ներքաշել արևմտյան քաղաքական շրջանակներում գործող ստվերային ուժերը, որոնք, ըստ կուսակցության, նույնը փորձում են անել նաև Վրաստանի հետ։ Կուսակցությունը նաև ընտրարշավների ժամանակ բազմիցս օգտագործել է Ուկրաինայի պատերազմի թեման՝ ցուցադրելով ավերված ուկրաինական ենթակառուցվածքների պատկերներ և պնդելով, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում նույն ճակատագիրը կարող է սպասել Վրաստանին։
Միաժամանակ երկու կողմերի միջև կոշտ փոխադարձ հայտարարությունները հաճախացել են։ «Վրացական երազանքը», նրա դաշնակիցներն ու իշխանամետ լրատվամիջոցները պարբերաբար կոշտ քննադատության են ենթարկում Զելենսկիին և ուկրաինացի այլ պաշտոնյաների։
2025-ին, երբ Զելենսկին քննադատեց Վրաստանի կառավարությանը և հայտարարեց, որ «Եվրոպան կորցրել է Վրաստանը», Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» առաջատար դեմքերից Կախա Կալաձեն ասաց, որ Զելենսկին պետք է «կենտրոնանա իր երկրի վրա, խոսի այն մասին, թե ինչ է կորցրել և ինչ է արել իր սեփական ժողովրդի ու երկրի հետ»։
Մյուս կողմից՝ Թբիլիսին հետևողականորեն հերքում է, որ հակաուկրաինական դիրքորոշում ունի, և պնդում, որ Կիևի հետ շարունակում է լինել «միակողմանի բարեկամության» փուլում։ Վրաստանի իշխանությունները հաճախ որպես օրինակ են նշում Ուկրաինային աջակցող միջազգային բանաձևերին իրենց կողմ քվեարկելը, ուկրաինացի փախստականներին ընդունելը և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելը։
2026-ի գարնանը երկու կողմերի հարաբերությունների որոշակի մեղմացման փորձի հստակ նշաններ կային․ Զելենսկին և Կոբախիձեն կարճ զրույց են ունեցել, իսկ Բոճորիշվիլին և Սիբիհան մի քանի անգամ խոսել են հեռախոսով և հանդիպել անձամբ։ Վրացական կողմը բազմիցս շեշտել է, որ նախաձեռնությունը եկել է Կիևից։
Կազմակերպություն











