Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին պարտադրում ընտրություն՝ իմանալով դրա անհնարինությունը. Վաչե Գաբրիելյան

Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին պարտադրում ընտրություն՝ իմանալով դրա անհնարինությունը. Վաչե Գաբրիելյան

Լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է հաշվարկված տնտեսական ճնշում՝ նպատակ ունենալով պաշտոնական Երևանին ստիպել հստակեցնել իր աշխարհաքաղաքական վեկտորը՝ վստահ լինելով, որ վերջինս դա անել չի կարող: Այդ մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Այս պահին ռուսները ցանկանում են որոշակիություն մտցնել՝ վստահ լինելով, որ այդպիսի որոշակիություն մտցնել չենք կարող», - նշում է Գաբրիելյանը` մեկնաբանելով վերջին ամիսներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առաջացած խնդիրները: Դրանք հանգեցրել են հայկական գյուղատնտեսական ապրանքների՝ ՌԴ շուկա մուտքի արգելափակմանը և Մոսկվայի հետևողական պնդումներին, որ Հայաստանը պետք է հանրաքվեի միջոցով վերջնական ընտրություն կատարի՝ մնում է Եվրասիական տնտեսական միության կազմում, թե շարժվում է ԵՄ-ին անդամակցելու և Ռուսաստանի հետ «քաղաքակիրթ ապահարզանի» ուղղությամբ:

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրային հարաբերություններում ստեղծված ճգնաժամին՝ Գաբրիելյանը բացատրում է ռուսական ճնշման մեխանիզմն ու տրամաբանությունը։ Որպես ազդեցության առավել արագ և ցավոտ գործիք՝ միտումնավոր թիրախավորվել է արագ փչացող գյուղմթերքի արտահանումը:

Ի տարբերություն ծխախոտի կամ ալկոհոլի, որոնք կարող են առանց կորուստների տևական ժամանակ սպասել սահմանային անցակետերում կամ պահեստներում, լոլիկի և այլ թարմ մթերքի մուտքի արգելափակումն արագ նյութական և ֆինանսական հարված է հասցնում արտադրողին։

Ըստ նախկին փոխվարչապետի՝ այս սահմանափակումները ոչ թե պարզապես տնտեսական, այլ հստակ քաղաքական հանգուցալուծում պարտադրելու դրսևորում են։ Բացատրելով Մոսկվայի վերջնանպատակը՝ Գաբրիելյանը շեշտում է, որ դա արվում է Երևանին ծանր երկընտրանքի առաջ կանգնեցնելու համար.

«Ռուսաստանը դա անում է նրա համար, որ Հայաստանը կա՛մ ընտրություն կատարի և վճարի դրա գինը, կա՛մ հետ կանգնի իր (ԵՄ-ին անդամացելու) ընտրությունից ու պարսավի այն», - ընդգծում է նա՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի կառավարության՝ ՌԴ արգելքի տակ հայտնված հայկական գյուղմթերքն այլ շուկաներ ուղղելու ջանքերը «արագ արդյունք չեն կարող տալ»:

Պատճառը, նշում է նա, առկա կառուցվածքային խորը խոչընդոտներն են՝ սկսած եվրոպական խիստ ստանդարտներին (սերտիֆիկացմանը) չհամապատասխանելուց, վերջացրած լոգիստիկ բարդություններով, մարքեթինգային արշավների երկարաժամկետությամբ և կոլեկտիվ բրենդի բացակայությամբ:

Այս համատեքստում Գաբրիելյանը հիշեցնում է տնտեսական առևտրի «ձգողականության օրենքի» մասին. շուկաները բացում և կապերը կառուցում է բիզնեսը, իսկ կառավարությունները չեն կարող պարզապես քաղաքական որոշումներով արագ փոխել այդ ձգողականության վեկտորը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում