Վրաստանի կառավարական վերադասավորումների արդյունքում Մդինարաձեի համար նոր պաշտոն է ստեղծվում

Մամուկա Մդինարաձեն
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին, որոնց արդյունքում Մամուկա Մդինարաձեն կդառնա տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարար։
Վերադասավորումների շրջանակում հայտարարվել է նաև Մդինարաձեի ղեկավարած՝ իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարության լուծարման մասին՝ դրա ստեղծումից ընդամենը երեք ամիս անց։
Հուլիսին 29-ին Կոբախիձեն հայտարարել է, որ «տարածաշրջանային քաղաքականության ուժեղացումը» կառավարության առաջնահերթություններից մեկն է։
«[Նոր պետական նախարարը] պատասխանատու կլինի տարածաշրջաններում արդյունավետ կառավարման ապահովման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Մդինարաձեի նշանակումը նորաստեղծ պաշտոնում պայմանավորված է «այդ առաքելության առանձնահատուկ կարևորությամբ»։
Իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնը, որը ստեղծվել էր ապրիլին և վստահվել Մդինարաձեին, կլուծարվի։
Պետական նախարարի պաշտոնը չունի առանձին գերատեսչություն, վարչական ապարատ կամ բյուջե։
Բացատրելով որոշումը՝ Կոբախիձեն պնդել է, որ վերջին երեք ամիսներին Մդինարաձեի աշխատանքն այնքան արդյունավետ է եղել, որ իրավապահ մարմինների համակարգման համար այլևս անհրաժեշտ չէ առանձին նախարարական պաշտոն։
Վարչապետը չի պարզաբանել, թե ինչու էր անհրաժեշտ ստեղծել տարածաշրջանային քաղաքականության հարցերով նոր պաշտոն, եթե Վրաստանում արդեն գործում է Տարածաշրջանային զարգացման նախարարություն։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ նոր պաշտոնի ստեղծմանը զուգահեռ նախարարությունը կլուծարվի։
Տարածաշրջանային զարգացման գործող նախարար Կախաբեր Գուլեդանին կդառնա ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Մդինարաձեն իր հերթին հայտարարել է, որ նոր պաշտոնը «մի կողմից մեծ պատիվ է, մյուս կողմից՝ մեծ մարտահրավեր»։
«Ինչպես ներկայիս պաշտոնից հեռանում եմ գլուխս բարձր, այնպես էլ նոր պաշտոնում կծառայեմ գլուխս բարձր։ Շատ շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, մարտահրավերն ընդունված է»,- ասել է նա։
Ապրիլին առաջին պետական նախարարի պաշտոնի հետ մեկտեղ Մդինարաձեն նշանակվել էր նաև փոխվարչապետ, և այդ պաշտոնը նա կպահպանի։
Քանի որ պետական նախարարի նոր պաշտոնի ստեղծումը պահանջում է օրենսդրական հաստատում, իսկ Վրաստանի խորհրդարանը մինչև սեպտեմբեր նիստեր չի անցկացնելու, Մդինարաձեն մինչև իր նոր պաշտոնի պաշտոնական հաստատումը կշարունակի զբաղեցնել Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։
Կոբախիձեն կոչ է արել խորհրդարանին, որը փաստացի վերահսկվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, հաջորդ նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում արագացված ընթացակարգով ընդունել կառավարության վերադասավորումներին առնչվող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։
Մդինարաձեի՝ իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնավարման ամենաուշագրավ դրվագներից, թերևս, Ներքին գործերի նախարարությունում «ատելության խոսքի» դեմ պայքարի նոր ստորաբաժանման ստեղծման մասին նրա հայտարարությունն էր։
Այդ ստորաբաժանման ստեղծումից հետո կտրուկ աճեց սոցիալական ցանցերում արված հրապարակային արտահայտությունների համար դատարանների կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող պատիժների թիվը։
Մինչև կառավարության կազմում նշանակվելը Մդինարաձեն ավելի քան վեց ամիս՝ 2025-ի սեպտեմբերից, ղեկավարում էր Պետական անվտանգության ծառայությունը։
Այդ պաշտոնից նրա հեռանալն ու պետական նախարար նշանակվելը իշխող շրջանակներում հարցեր էին առաջացրել նրա ազդեցության հնարավոր թուլացման վերաբերյալ։
Մինչև Պետական անվտանգության ծառայության ղեկավար նշանակվելը Մդինարաձեն 2016-2025-ին «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր։ Ժամանակի ընթացքում նա դարձել էր իշխող կուսակցության ամենաճանաչված դեմքերից մեկը։
Կազմակերպություն











