Մզկիթներից՝ դավաճանություն․ ինչպես էր աշխատում Հայաստանի դեմ գործող ցանցը

Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի միջոցով
Անի Գրիգորյան, Անդրեաս Շյոստեդտ (Erebusintel.io), Գիվի Գիգիթաշվիլի (DFRLab), Նիկա Ալեքսեևա (DFRLab)
2025-ի գարնանից Հայաստանի տեղեկատվական դաշտում սկսեց ավելի հաճախ հնչել Storm-1516 անունը։ Այդպես է կոչվում ռուսական տեղեկատվական ցանցը, որին վերագրվող կայքերն ու սոցիալական մեդիայի հաշիվները մեկը մյուսի հետևից տարածում էին Հայաստանի և երկրի ղեկավարության մասին սկանդալային, սակայն կեղծ պատմություններ՝ ենթադրյալ մահափորձերից ու թունավորումներից մինչև ընտանեկան և ամուսնական սկանդալներ։
ՍիվիլՆեթի և DFRLab-ի համատեղ հետաքննությունն ուսումնասիրել է Հայաստանը թիրախավորած՝ Storm-1516-ին վերագրվող 45 արշավ։ Մենք վերլուծել ենք սոցիալական ցանցերում տարածված գրառումները, կասկածելի կայքերի թվային հետքերը, դրանց տեխնիկական կառուցվածքը, հրապարակված պատկերներն ու կայքերի միջև հնարավոր կապերը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են առաջին հայացքից միմյանցից անկախ թվացող կայքերն ու հաշիվները գործել որպես մեկ ավելի մեծ տեղեկատվական մեխանիզմի մաս։
Ստորև ներկայացնում ենք հետաքննության հիմնական բացահայտումները։ Ամբողջական և առավել մանրամասն տարբերակը՝
Storm-1516․ Հայաստանի դեմ ռուսական տեղեկատվական ցանցի թվային հետքերը
Ի՞նչ է Storm-1516-ը
Storm-1516-ը ռուսական ամենաակտիվ տեղեկատվական մանիպուլյացիայի ցանցերից մեկն է։ Տարբեր երկրների դեմ գործող այս ցանցը կապվում է ռուսական պետական դերակատարների հետ։
Ցանցը սովորաբար ստեղծում կամ օգտագործում է կասկածելի կայքեր, այնտեղ հրապարակում հորինված պատմություններ, ապա դրանք տարածում սոցիալական մեդիայի համակարգված հաշիվների միջոցով։ Այս եղանակը թույլ է տալիս կեղծ պնդումները ներկայացնել որպես արտասահմանյան լրատվամիջոցի հրապարակում և թաքցնել դրանց իրական ծագումը։
2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը ռուսական ապատեղեկատվական էկոհամակարգի կողմից առավել ինտենսիվ թիրախավորված երկրներից մեկն էր։ Որոշ գնահատականներով՝ Հայաստանի դեմ Storm-1516-ի արշավներն իրենց ծավալով գերազանցել են այլ երկրների դեմ իրականացված արշավները։
Ինչպիսի՞ կեղծ պատմություններ էին տարածվում
Դիտարկված արշավներն ընդգրկում էին քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգությանը վերաբերող պնդումների լայն շրջանակ, սակայն դրանց մեծ մասը տարածում էր մի քանի կրկնվող նարատիվներ։ Մի շարք արշավներ Փաշինյանին և նրա կառավարությանը ներկայացրել են որպես Հայաստանի ավանդական ու քրիստոնեական ինքնությունը քայքայող ուժ՝ նրանց վերագրելով ԼԳԲՏՔ+ օրակարգի տարածում, մզկիթների կառուցում և իսլամի նկատմամբ արտոնյալ վերաբերմունք։ Մյուսները պնդում էին, թե իշխանությունները թուլացնում են Հայաստանի ինքնիշխանությունը՝ տարածքային զիջումներ կատարելով, թույլ տալով Հայաստանում թուրքական ռազմաբազայի հիմնում, հրաժարվելով Հայոց ցեղասպանության ճանաչումից կամ համաձայնելով Մերձավոր Արևելքից փախստականների զանգվածային վերաբնակեցմանը։
Breaking: Armenian PM Pashinyan is reportedly preparing to cede 1200 sq km of territory to Azerbaijan and Turkey
— Dangerous Thoughts (@DangerousThinkg) October 15, 2025
— maybe he should save time and auction the rest on eBay.
The man went from protest leader to territory delivery service in record time!https://t.co/hVlueskN04 pic.twitter.com/ktkgVGVMth
Հարյուրավոր հաշիվներ և գրեթե նույնական գրառումներ
Սոցիալական մեդիայի վերլուծության շրջանակում մենք հավաքել ենք 2025-ի հունիսից մինչև 2026-ի հունիս ընկած ժամանակահատվածում X-ում հրապարակված ավելի քան 1 650 բնօրինակ գրառում։

Արշավների մեծ մասում ներգրավված ավելի քան 450 X հաշիվների ցանցային վերլուծությունը բացահայտեց սերտորեն փոխկապակցված հաշիվների առանձին կլաստեր։ Այդ հաշիվներից շատերը նախկինում նկատվել են այլ երկրների ընտրությունների շուրջ գործողություններում ևս։ Մենք իրականացրել ենք տարբեր արշավների միջև ցանցային վերլուծություն՝ պարզելու, թե որ հաշիվներն են առավել հաճախ միասին հայտնվել նույն արշավներում։ Կապը հաստատվել է միևնույն արշավում ընդգրկված հաշիվների միջև։ Որքան հաճախ են հաշիվները հայտնվել միասին, այնքան հաստ է կապը ցույց տվող գիծը։ Ստորև ներկայացված գրաֆիկը ցույց է տալիս այն հաշիվների կապերը, որոնք միասին հայտնվել են առնվազն հինգ արշավում։
Ցանցային գրաֆիկը ցույց է տալիս հինգից ավելի արշավներում միասին հայտնված X հաշիվները
Վերլուծությունը ցույց տվեց, որ արշավներում առավել հաճախ փոխկապակցված հաշիվները նույնն են, ինչ ցանցային քարտեզում երևացող հաշիվները։ Մասնավորապես՝ @TFMDMIA, @its_The_Dr, @DangerousThinkg, @Mai_ASUR, @MaimunkaNews և @bertalanzoli հաշիվները 8-ից 12 արշավում հրապարակել են գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ։ @TFMDMIA-ի և @DangerousThinkg-ի հրապարակած տեքստերը ամբողջությամբ նույնական են եղել ընդամենը երկու դեպքում, ինչը մատնանշում է համակարգված, սակայն ոչ ամբողջությամբ ավտոմատացված վարք։

Հնարավո՞ր է՝ հաշիվները վճարվել են
Հետաքննության ընթացքում ի հայտ են եկել նաև տվյալներ, որոնք հուշում են, որ որոշ հաշիվներ կարող էին վճարվել Storm-1516-ի բովանդակությունը տարածելու համար։
2026-ի մայիսին X-ի օգտատերերից մեկը հրապարակել էր էկրանապատկեր, որից երևում էր, որ ֆրանսիացի օգտատիրոջը առաջարկվել է 100 եվրո՝ Փաշինյանի վերաբերյալ տեսանյութ հրապարակելու դիմաց։ Բացի այդ, VIGINUM-ն ավելի վաղ արձանագրել էր, որ Storm-1516-ի օպերատորներն ուղղակիորեն վճարել են սոցիալական մեդիայի հաշիվներին իրենց նարատիվները տարածելու համար։
CNN-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող X հաշվի օգտատերերից մեկը նույնպես պնդել էր, որ Կրեմլին աջակցող Սիմեոն Բոյկովն իրեն յուրաքանչյուր գրառման համար վճարում է 100 դոլար։ Երկու հաշիվներն էլ տարածել էին Storm-1516-ի բովանդակություն։
Քլեմսոնի համալսարանի Media Forensics Hub-ը բացահայտել էր 2026-ի Հունգարիայի ընտրություններից առաջ Storm-1516-ի բովանդակություն տարածող առևտրային հաշիվների ցանց։ Մենք պարզել ենք, որ այդ ցանցի առնվազն յոթ հաշիվ (@sakpo0007_, @ade_babyyyyy, @FemmyVickky, @_ElectricVibex, @PurelyMide, @Buddol01 և @Unusual_Dami) մասնակցել է նաև Հայաստանը թիրախավորած արշավներին, ինչը հուշում է, որ տարբեր երկրներում կարող է օգտագործվել նույն վճարովի տարածման մեխանիզմը։
Ո՞ւմ համար էին ստեղծված այս պատմությունները
Ուսումնասիրված գրառումների լեզուն և հաշիվների աշխարհագրությունը հուշում են, որ արշավների հիմնական լսարանը հայաստանցիները չէին։
15 արշավներում գրառումները հրապարակվել էին 11 լեզվով, սակայն դրանց 91 տոկոսն անգլերեն էր։ Հայերեն բովանդակություն եղել էր ընդամենը երկու արշավում։
Հաշիվների տեղակայման երկիրը հնարավոր է եղել պարզել միայն 224 գրառման դեպքում։ Դրանցից 118-ը հրապարակվել է ԱՄՆ-ում տեղակայված հաշիվներից, 20-ը՝ Միացյալ Թագավորությունում, 13-ը՝ Թուրքիայում, իսկ ընդամենը չորսը՝ Ռուսաստանում տեղակայված հաշիվներից։ Արշավներին մասնակցել են նաև Էկվադորում, Ուգանդայում, Ֆիլիպիններում, Նիգերիայում և Կամերունում տեղակայված հաշիվներ։
Հատկանշական է, որ տարբեր մայրցամաքներում տեղակայված հաշիվները Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին նույն հրապարակումները տարածել էին մի քանի րոպեի տարբերությամբ։ Օրինակ՝ մեկ հաշիվ ընդամենը յոթ րոպեի ընթացքում ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի ենթադրյալ թունավորման մասին գրառումներ է հրապարակել անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն։
Ինչպե՞ս են կայքերը մատնում իրենց կապերը
Storm-1516-ը կեղծ պատմությունները տարածելու համար հենվում է ոչ միայն սոցիալական մեդիայի հաշիվների, այլև կայքերի վրա։ Դրանց հետևում կանգնած անձինք հաճախ նույն թվային հետքերն են թողնում՝ օգտվելով ընդհանուր հոսթինգից, ձևանմուշներից, ծրագրային կոդից, հեղինակային հաշիվներից կամ պատկերներից։
Հետաքննության ընթացքում կայքերի կապերը գնահատվել են երեք մակարդակի ցուցիչներով։ Ամենաուժեղը նույն հեղինակային հաշիվների, էլեկտրոնային հասցեների և հետագծման նույնականացուցիչների օգտագործումն է։ Օժանդակ ցուցիչներ են նույն IP հասցեները, կայքերի գրեթե նույնական կառուցվածքը, ձևանմուշներն ու կրկնվող պատկերները։ Իսկ նույն հանրային հոսթինգից կամ տարածված հավելումներից օգտվելն առանձին վերցրած կապի ապացույց չի համարվել։
Մենք առանձնացրել ենք Հայաստանը թիրախավորող՝ Storm-1516-ի գործողություններում օգտագործված կայքերի երեք կլաստեր։ Առաջին կլաստերում ընդգրկվել է 12 կայք, որոնք մեծամասամբ ժամանակավոր օգտագործման կամ, ըստ երևույթին, Storm-ի օպերատորների վերահսկողության տակ անցած կայքեր են։ Երկրորդ կլաստերը ներառում է հայալեզու կայքերի ընտրանք, որոնք CheckFirst-ը վերագրել է Storm-1516-ին։ Երրորդ կլաստերը թուրքական լրատվական կայքերն են, որոնց հրապարակած բովանդակությունը թիրախավորում էր Հայաստանը և ակտիվորեն տարածվում Storm-1516-ի հետ կապվող սոցցանցային հաշիվների ու էջերի միջոցով։

Կլաստեր 1․ ժամանակավոր և վերահսկողության տակ անցած կայքեր
Առաջին խմբում ուսումնասիրվել է Storm-1516-ի հետ կապվող 12 կայք։ Դրանցից տասը միավորվել է մեկ կլաստերում՝ մի քանի իրար լրացնող տեխնիկական ցուցիչների հիման վրա։ Մյուս երկու կայքի դեպքում համակարգված ենթակառուցվածքի ապացույցներ չեն հայտնաբերվել։
Կլաստերում ամենասերտ կապն ունեցել են armeniadaily.am և dailyarmenia.am կայքերը։ Դրանք ունեցել են նույն գրանցված հեղինակը, էջերի 86,2 տոկոս կառուցվածքային նմանություն և գրեթե նույն ժամանակահատվածում են վերագործարկվել։
Կայքերի հայերեն հոդվածներում պահպանվել են չթարգմանված ռուսերեն բառեր, ինչպես նաև ռուսերեն արմատով ու հայերեն վերջավորությամբ արտասովոր բառաձևեր։ Սա կարող է վկայել ռուսերենից ավտոմատացված թարգմանության մասին, սակայն հետաքննությունը դա դիտարկում է որպես վարկած, ոչ թե հաստատված փաստ։ Այս լեզվական ցուցիչը վերաբերում է միայն երեք կայքի և չի տարածվում ամբողջ կլաստերի վրա։




Կայքերի միջև կապը լրացնում է նաև WordPress-ի նույն՝ Fox ձևանմուշի օգտագործումը և էջերի կառուցվածքային բարձր նմանությունը, որը որոշ զույգերի դեպքում հասել է 88,3 տոկոսի։
18 հայալեզու կայք և «հատուկ այբուբեն»
Երկրորդ խմբում հետազոտողները պատահական սկզբունքով ընտրել են 18 հայալեզու կայք։ Այստեղ ամենաուժեղ ընդհանուր հատկանիշը հրապարակվող պատկերների անվանման տարօրինակ ձևն էր։ Բոլոր կայքերում ֆայլանունները կազմվում էին նույն սահմանափակ տառաթվային հավաքածուից (օրինակ՝ nTCCV1Y.jpg կամ TZZNSFHTR.jpg), որը մենք պայմանականորեն անվանել են «հատուկ այբուբեն»։

Նման օրինաչափություն չի հայտնաբերվել ոչ մյուս կլաստերներում, ոչ էլ համեմատության համար ուսումնասիրված հայկական 43 լրատվամիջոցներում։ Թեև 18 կայքերն օգտագործել են WordPress-ի 16 տարբեր թեմա, պատկերների անունները ստեղծվել են նույն համակարգով։ Սա հուշում է մեկ ընդհանուր՝ հատուկ մշակված հրապարակման գործիքի հնարավոր կիրառման մասին։
Նույն պատկերները՝ տարբեր անուններով
18 կայքերում հայտնաբերվել է թվային տվյալներով ամբողջությամբ նույնական 476 պատկեր, որոնք տարբեր կայքերում պահպանվել էին տարբեր անուններով։
2026-ի մայիսի 13-ին նույն պատկերը 46 րոպեի ընթացքում հրապարակվել է 16 կայքում։ Յուրաքանչյուր կայքում այն ստացել է նոր ֆայլանուն, իսկ դրանից հետո բոլորը դադարել են օգտագործել նախկին «հատուկ այբուբենը»։ Բոլոր դեպքերում պատկերը նույն հոդվածի գլխավոր նկարն էր, իսկ հոդվածների հասցեներն ունեին նույնական վերջնամասեր։ Սա հուշում է, որ բովանդակությունը պատրաստվել և տարածվել է մեկ կենտրոնից։

Կապը լրացնում են նաև այլ տվյալներ։ Վեց կայք միաժամանակ տեղակայված էր նույն IP հասցեում, ևս երկուսը գրանցվել էին չորս օրվա տարբերությամբ և օգտվել նույն հոսթինգից։ Մի քանի կայքերում կրկնվում էին նաև հեղինակների անուններ, սակայն այդ անուններով իրական լրագրողների գտնել չհաջողվեց։
Առանձին վերցրած՝ նույն IP հասցեն կամ հոսթինգը դեռ կապ չեն ապացուցում։ Սակայն նույնական պատկերների, ֆայլանունների նույն համակարգի, համընկնող հեղինակների և նման կառուցվածքի հետ միասին դրանք վկայում են համակարգված կառավարման մասին։

Կլաստեր 3․ թուրքական լրատվամիջոցներ
Թուրքական կայքերն ու դրանց նշանակությունը տարբերվում են առաջին երկու կլաստերների կայքերից։ Դրանք մեկ արշավի համար ստեղծված ժամանակավոր կայքեր չեն, այլ գործող լրատվամիջոցներ՝ իրական լսարանով և հստակ քաղաքական կամ գաղափարական ուղղվածությամբ։
Այս արշավներում հանդիպող թուրքական լրատվամիջոցները կայացած հարթակներ են՝ իրական լսարանով և հստակ խմբագրական ուղղվածությամբ։ Դրանց թվում առկա են ազգայնական, ձախակողմյան, իսլամիստական և պետական աջակցություն ստացող լրատվամիջոցներ։ Ուսումնասիրված կեղծ պատմությունների կեսից ավելին նախ հրապարակվել էր հենց այդպիսի թուրքական լրատվամիջոցներում, ապա տարածվել Storm-1516-ի հետ կապվող X հաշիվների միջոցով։
Ըստ VIGINUM-ի և Ռազմավարական երկխոսության ինստիտուտի՝ Storm-1516-ը վերջին շրջանում ավելի հաճախ է կիրառում «նարատիվների լվացման» մեխանիզմը։ Հորինված պատմությունը սկզբում հրապարակվում է իրական գործող արտասահմանյան լրատվամիջոցում, ապա համակարգված հաշիվները այն տարածում են որպես անկախ աղբյուրի տեղեկություն։ Այդպիսով ռուսական ծագումը մնում է ստվերում։
Ի տարբերություն առաջին երկու կլաստերների՝ ուսումնասիրված թուրքական լրատվամիջոցների միջև համակարգվածության կամ ընդհանուր տեխնիկական ենթակառուցվածքի նշանակալի նշաններ չեն հայտնաբերվել։
Սակայն Storm-1516-ի հետ կապվող X հաշիվները լայնորեն տարածել են այդ կայքերի հոդվածները։
🚨Armenia is changing rapidly🚨...
— Dangerous Thoughts (@DangerousThinkg) November 14, 2025
Armenia’s PM Pashinyan just approved the construction of 10 mosques.
Who is this really for? - Because it sure doesn’t look like it’s for the Armenian people.
Ten mosques.
In Christian Armenia.
Funded by Armenian taxpayers.
Pashinyan’s… pic.twitter.com/DP4oLovyCh
Հետաքննությամբ հաստատվել է, որ Հայաստանը թիրախավորած արշավները համակարգված էին։ Դրանց տարածման համար օգտագործվել են փոխկապակցված սոցիալական մեդիայի հաշիվներ և ընդհանուր թվային հետքեր ունեցող կայքային ցանցեր։
Միաժամանակ հայտնաբերված տեխնիկական կապերը բավարար չեն բոլոր կայքերը որևէ կոնկրետ օպերատորի կամ պետության վերջնականապես վերագրելու համար։ Արշավների լեզուն ու տարածման աշխարհագրությունը հուշում են, որ դրանք ուղղված էին նաև արտաքին լսարաններին՝ Հայաստանի և երկրի ղեկավարության մասին բացասական պատկեր ձևավորելու նպատակով։
Ամբողջական հոդվածը՝ Storm-1516․ Հայաստանի դեմ ռուսական տեղեկատվական ցանցի թվային հետքերը
Փաստերի ստուգում
Թեմա
Անի Գրիգորյան
CivilNetCheck










